Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր էին Նիկոլ Փաշինյանի ասած գործակալները. ինչո՞ւ ԱԱԾ-ն չի բացահայտում

Մարտ 30,2019 22:00

Ագարակի գնդի դասալքությունը, օտարերկրյա գործակալներն ու Հայաստանի անվտանգությունը. «Առավոտի» զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի քարտուղար Արա Գասպարյանը։

– Վերջին ժամանակահատվածում շատ է խոսվում երկրում քրեական ենթամշակույթի տարածման, քրեածին իրավիճակի վատթարացման և հանցագործությունների թվի աճի մասին։ Ինչո՞վ են դրանք պայմանավորված։

– Իրավացի եք: Մեր երկրում քրեական ենթամշակույթի արմատավորումը ազգային անվտանգության լուրջ սպառնալիքներից է: Այն իր բնույթով հակապետական է, խաթարում է իրավաքաղաքացիական հարաբերությունները և իր արժեքային համակարգն է տարածում ոչ միայն հանցավոր արարքները արհեստի վերածած մեր քաղաքացիների նեղ շրջանակի վրա, այլև երիտասարդության լայն շերտերի և նույնիսկ հանրային ոլորտներում հարաբերությունների բովանդակության վրա` դրանից բխող բոլոր հետևանքներով (օրինակ` Ագարակի գնդի իրադարձությունները):

Հանցավորության գործակիցը ևս որոշակիորեն պայմանավորված է այս հանգամանքով: 2017 թվականի համեմատությամբ, 2018 թվականին արձանագրվել է հանցագործությունների աճ` 11 տոկոսով: Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում, բնականաբար, աճել է նաև հանցավորության գործակիցը: 2018 թվականին 100 հազար բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 693՝ 2017 թվականի 550-ի դիմաց: Հանցավորության ընդհանուր կառուցվածքում առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 36,6%-ով:

Վերոնշյալ թվերը ցույց են տալիս, որ հանցավորության դեմ պայքարի ոլորտում լուրջ անելիքներ կան։ Պետության քրեական քաղաքականությունը պետք է ապահովի հանցագործության ամբողջական, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության կատարման միասնական շղթա։ Ներկայումս հանցագործությունների աճը կարող է վկայել այն մասին, որ այս շղթայի միասնականությունը խարխլվել է։ Վերոնշյալ միասնական շղթայի տարբեր բաղադրիչներում խնդիրներ են առաջացել՝ մասնավորապես, փորձառու որակյալ կադրերի առկայությունը, օպերատիվ հետախուզական գործունեությունում բացահայտման ժամանակ տեխնիկական միջոցների և նորագույն մեթոդների կիրառումը, օպերատիվ անձնակազմի ու նախաքննության մարմնի նյութատեխնիկական ապահովումը և անձնակազմի սոցիալական ոչ բավարար վիճակը։

Վերոնշյալ խնդիրների լուծումներն են, որ կարող են երկիրը զերծ պահել ամենաթողությունից և անպատժելիության միջավայրից։
Հանցավորության դեմ պայքարը, սակայն, չի սահմանափակվում միայն քրեական քաղաքականության շրջանակներով։ Ավելի ընդարձակ համատեքստում այն մշակութային հիմնահարց է, որի բաղադրիչներից են կրթությունը, ընտանիքի ինստիտուտը, հայրենասիրական դաստիարակությունը, որն, ի դեպ, թիրախավորվում է նոր իշխանությունների կողմից, տարբեր մեդիառեսուրսներով գովազդվող մշակութային ու սոցիալական արքետիպերը և այլն։ Պետությունը նաև այս ոլորտներում պետք է լիարժեքորեն իրականացնի իր կարգավորիչ գործառույթները։

– Տարբեր հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերով դժգոհություններ են հնչում` խափանման միջոցների կիրառման պրակտիկայի վերաբերյալ։

– Նախկինում, գրեթե յուրաքանչյուր դեպքով, որի համար կարող էր նշանակվել ազատազրկում, որպես խափանման միջոց էր ընտրվում կալանավորումը։ Այժմ հայտնվում ենք հակառակ ծայրահեղության մեջ՝ կալանքի, որպես խափանման միջոցի կիրառումը, կտրուկ նվազեցնելով։ Հարկ է նշել, որ նախաքննության մարմինը, որն ուսումնասիրում է կասկածյալի կամ մեղադրյալի անձը, կարող է հիմնավոր ենթադրություն անել այն մասին, որ տվյալ անձի ազատության մեջ գտնվելը կարող է վտանգ ներկայացնել հասարակության համար և խոչընդոտել քննության իրականացմանը։ Օրինակ, եթե խոսքը թմրամիջոցներ իրացնողի կամ հանցավոր արարքը իր համար արհեստ դարձրած անձի մասին է։

Կարծում եմ, Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված խափանման միջոցների՝ այդ թվում խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու չափորոշիչները, կատարելագործման կարիք ունեն` մի կողմից բացառելու անձին անհիմն ազատությունից զրկելը, բայց միաժամանակ, դրանց հստակեցումը պետք է բացառի նաև կալանավորումը անհիմն չկիրառելը։

– Քրեական գործերի օբյեկտիվ քննության ապահովման տեսակետից արդարացվա՞ծ է, արդյոք, քննություն իրականացնող մարմինների ներկայիս ինստիտուցինալ կարգավիճակը։

– Հարկ է նշել, որ այս գործընթացում առանցքային է քննիչների իրական անկախությունը։ Իրավապահ մարմինները չպետք է դառնան հաշվեհարդարի միջոց` ներքաղաքական պայքարում։ Իշխանության ճյուղերի հավասարակշռման տեսակետից շատ կարևոր է, որ Հատուկ քննչական ծառայության պետին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին պաշտոնի նշանակի Ազգային ժողովը, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ։ Պետք է սահմանափակել ՀՀ վարչապետի գերլիազորությունները, նաև ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմիններից դարձնելով նախարարություններ՝ այսպիսով մի կողմից բարձրացնել նրանց կարգավիճակը, բայց և բերել խորհրդարանին հաշվետվողականության դաշտ։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի հայ համայնքի առջև ելույթում արծարծեց այն քաղաքական գործիչների թեման, որոնք, ըստ Փաշինյանի, ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան սեփական երկրի քաղաքացիներ: Ձեր կարծիքով որքանո՞վ է գործակալների առկայությունը լուրջ սպառնալիք մեր ազգային անվտանգության համար:

– Եթե ՀՀ վարչապետը նման հայտարարություններ է անում, ապա դրան պետք է հետևեն նաև համապատասխան բացահայտումներ: Բնականաբար, օտարերկրյա գործակալները լուրջ վտանգ են ցանկացած պետության անվտանգության համար, քանի որ սպասարկում են դրսի ուժերի շահերը և ծառայում են այդ ուժերի նպատակների իրականացմանը: Այդ անձինք գաղտնի հավաքագրվում են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների կողմից և գտնվում են դրանց անմիջական ենթակայության (կուրացիա) տակ:

Դրանց հետախուզական գործունեության բացահայտումը, կանխումը և խափանումը մեր ազգային անվտանգության մարմինների գործունեության հիմնական ուղղություններից է: Այնինչ, գրեթե վերջին մեկ տարում մեր ազգային անվտանգության մարմինների բացահայտումները կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունից են:
Բացի դրսի ուժերի նպատակներին գաղտնի ծառայող ենթադրյալ գործակալներից` ՀՀ քաղաքական-հասարակական դաշտում բացահայտ գործում են նաև օտարերկրյա տարբեր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող և ուղղորդվող բազմաթիվ հայաստանյան հասարակական կազմակերպություններ, որոնք իրականացնում են հանրային քարոզչություն և տարբեր ձևերով միջամտում են հանրային գործընթացներին ու պետական մարմինների գործունեությանը:

Կարծում ենք, որ մենք էլ, որպես պետություն, մեր քաղաքացիների առջև ՀՀ ինքնիշխանությունն իրացնելու պատասխանատվությամբ և պարտականությամբ պայմանավորված, պետք է հստակ գնահատական ու որակավորում տանք մեր հանրային դաշտում դրսի ուժերի ֆինանսական և գործառնական ազդեցության տակ գործող հասարակական կազմակերպությունների գործունեությանը` խստացնելով դրանց ֆինանսական հաշվետվողականությունը և տալով օտարերկրյա գործակալի կարգավիճակ` ինչպես դա արել են որոշակի տարբերություններով, բայց ընդհանուր տրամաբանության մեջ ԱՄՆ-ը և ՌԴ-ն:

– Վերջերս Ձեր կուսակցությունը բարձրաձայնել էր դեպի ՀՀ միգրացիոն հոսքերի վերահսկման և Հնդկաստանի քաղաքացիների` դեպի Հայաստան ընդլայնվող ներգաղթի վերաբերյալ հանրային մտահոգությունների մասին:

– Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերահսկի միգրացիոն հոսքերը բոլոր բարձր աղքատություն ունեցող երկրներից, և այստեղ Հնդկաստանն էլ բացառություն չպետք է կազմի։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը համարում է, որ ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի որոշումը՝ միակողմանիորեն պարզեցնելու Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան, հիմնավորված չէր, և Հնդկաստանից տեղի ունեցող հսկայական միգրացիոն հոսքերի ֆոնի վրա (վերջին տարիներին Հնդկաստանից տարեկան արտագաղթում է մոտ 3 միլիոն մարդ, ընդ որում՝ դրանց մեջ մեծ տոկոս են կազմում երկրի իսլամ դավանող քաղաքացիները՝ մոտ 27%), կարող է հանգեցնել Հայաստանում անցանկալի դեմոգրաֆիական զարգացումների, և դրանից բխող բազմաթիվ անկանխատեսելի խնդիրների։

Նախնական տվյալներով, 2018 թվականին Հայաստան են ժամանել արդեն մոտ 30 հազար Հնդկաստանի քաղաքացիներ (նախորդ տարի 5000 այցելու), և դրանց մեծ մասը, ակնհայտորեն, զբոսաշրջիկներ և ձեռներեցներ չեն: Նախնական տվյալներով, անցած տարի ժամանածների 10-15%-ը մնացել է Հայաստանում։

2018 թվականի հունվար ամսին «Ազգային օրակարգ» կուսակցությունը քաղաքական ուժերի ներկայացուցիչների` այդ թվում Ազգային ժողովի պատգամավորների, փորձագետների և ՀՀ կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ, միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով կլոր սեղան քննարկում էր կազմակերպել, որի ընթացքում վերհանվեցին չկառավարվող և չվերահսկվող միգրացիոն հոսքերի վտանգները։

Մենք հորդորում ենք ՀՀ կառավարությանը` վերականգնել նախկին մուտքի ռեժիմը՝ այն է մուտքի արտոնագրերը տրամադրել միայն Հնդկաստանում ՀՀ դեսպանության միջոցով, պատկան մարմինների կողմից դիմողի միջոցների և կենսագրության ուսումնասիրությունից հետո։ Դա հնարավորություն կտա վերահսկել միգրացիոն հոսքերը, միաժամանակ, չսահմանափակելով զբոսաշրջիկների և գործարար մարդկանց փոխադարձ այցելությունները։ Սակայն ՀՀ կառավարությունը վերոնշյալ հիմնահարցի լուծման, ինչպես նաև Հայաստանի տարածքում արտասահմանյան քաղաքացիների կողմից աշխատանքի անցնելու գործընթացի կանոնակարգման ուղղությամբ դեռևս որևէ քայլ չի իրականացրել:

– Կառավարությունը, որպես անցումային արդարադատության տարր, քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Ի՞նչ արդյունքներ այն կարող է տալ կոռուպցիայի դեմ պայքարում:

– Ինչ վերաբերում է հռչակված նպատակներին` որոնք են կոռուպցիայի դեմ պայքարը և ապօրինի եղանակով հարստացածներին պատժելը` միանգամայն արդարացի մղումներ, ապա դրանք կարելի է նաև իրագործել առկա օրենսդրության և վարչական գործիքակազմի պայմաններում: Քրեադատավարական ընթացակարգերը բարելավելու փոխարեն, որի որոշակի տարրերի մասին մենք խոսեցինք հարցազրույցի սկզբնամասում, փորձում ենք գնալ օրինականության հետ կապ չունեցող արտակարգ մեխանիզմների կիրառման ճանապարհով: Այդ մեխանիզմները ակնհայտ հակասության մեջ են սահմանադրական դրույթ հանդիսացող անմեղության կանխավարկածի հետ։

Իսկ եթե իրական նպատակներից իշխանության փոփոխությունից հետո տնտեսական ռեսուրսների վերաբաշխումն է, հանրության վրա քաղաքական շարժառիթներով պայմանավորված ճնշման հավելյալ միջոցների ձեռքբերումն է և օրվա քաղաքական իշխանության ու տնտեսվարողների սերտաճման նոր համադասավորությունը (սերտաճումն ի վերջո նախկին ռեժիմի անարդյունավետության առանցքային պատճառներից էր), ապա դա բոլորվին այլ իրողություն է, որը հանգեցնելու է ներդրումների դադարեցմանը, կապիտալի արտահոսքին, հասարակության մեջ բաժանարար գծերի խորացմանը և քաղաքական մշակույթում անհանդուրժողականության ու ատելության տարրերի արմատավորմանը:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031