Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ ենք մտածել այս գեղեցիկ քաղաքը զարգացնելու մասին. իտալացի կառուցապատողները հետաքրքրված են մասնակցել Գյումրիի վերականգնման գործին

Հունիս 12,2019 10:49

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի այցի ընթացքում աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) և Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիայի (OICE) գործարարների խմբի հետ, քննարկել Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շինությունների վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները:

Այնուհետև իտալացի գործարարների, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գյումրիում զարգացման ծրագրեր իրականացնող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել քաղաքի պատմական կենտրոնում: Իտալացի հյուրերին ներկայացվել են քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ու զարգացման ծրագրերը։

Պատասխանելով գյումրեցի լրագրողների հարցերին՝ նախագահը տեղեկացրել է, որ դեռ ամիսներ առաջ Իտալիայում՝ Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայում ունեցած հանդիպման ժամանակ նրանց ներկայացուցիչներին հրավիրել է Գյումրի: Նախագահը նշել է, որ այդ հրավերի իմաստը շատ պարզ է՝ վերադարձնել կյանքը Գյումրի, և, իհարկե, պահպանել Գյումրիի մշակութային ժառանգությունը, իսկ նպատակը՝ նրանց հետ համատեղ Գյումրիի վերականգնումն է։«Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող։ Գյումրին մոռացված գանձ է,-ասել է նախագահը։-Իտալիան հսկայական պատմական ու մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Իտալացիները մշակույթը պահել ու գնահատել գիտեն։ Հետևաբար, նրանց այցը կարևոր է, եթե ուզում ենք, որ Գյումրին դառնա մշակույթի կենտրոն»։

Նախատեսվում է, որ իտալացի գործարարների առաջին այցելությանը կհաջորդի արդեն աշխատանքային խմբի այցը՝ գնահատելու համար, թե ինչ աշխատանքներ է հնարավոր իրականացնել։

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել մասնակից լինել և նպաստել Գյումրիի զարգացմանը.« Ես տեսնում եմ քաղաքի ներուժը, և կա կարևոր հանձնառություն՝ քաղաքի ապագան դարձնել շատ ավելի լավը»։

Իտալիայի երկրորդ ամենախոշոր շինարարական ընկերության՝ Rizzani de Eccher-ի ներկայացուցիչ Անդրեա Ռոմանին ընդգծել է, որ, որպես կառուցապատող ընկերություն, իրենք հետաքրքրված են մասնակցել քաղաքի վերականգնման գործին և իրենց դերն ունենալ Գյումրիի կյանքում։ «Մենք հասկանում ենք, որ սա շատ կարևոր հարց է երկրի համար: Պատրաստ ենք մյուս իտալական ընկերությունների հետ մտածել լիակատար աջակցության, ծրագրերի, այս գեղեցիկ քաղաքը զարգացնելու մասին։ Հուսով ենք դա անել շուտ՝ մեր նոու հաուի, ռեսուրսների, գիտելիքի ու իտալական ոճի ու դիզայնի միջոցով»,-ավելացրել է նա։

Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանին ներկայացվել են քաղաքի զարգացմանն ուղղված նաև այլ ծրագրեր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահն այցելել է հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի իրականացման վայր, դիտել տարածքը։ Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսվում է երկրաշարժից հետո կառուցված անավարտ շինությունների հիմնովին վերականգնում, ինչը հնարավորություն կտա բնակարանով ապահովել տնակներում ապրող սոցիալապես անապահով մի քանի տասնյակ ընտանիքների։ Մարզպետի և քաղաքապետի ուղեկցությամբ նախագահն այցելել է նաև Սև բերդ, որը գործում է որպես մշակութային կենտրոն, ինչպես նաև ծանոթացել զբոսաշրջության զարգացմանն ուղղված այլ ծրագրերի։

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930