Լրահոս
Օրվա լրահոսը

4 մանկավարժ ինքնախոստովանել է. «Փոխտնօրենն ասում էր՝ ես վերցնում էի կաշառքը, նույն սենյակում տալիս էի տնօրենին՝ 2000-3000 դոլար». Լեւոն Բարսեղյան

Դեկտեմբեր 20,2019 14:10

Կրթական ոլորտի բարեփոխումների թեմայով այսօր խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել:

«Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի» նախագահ Լեւոն Բարսեղյանը խոսեց մանկապարտեզների մասին, ասելով, որ երեխաների 60 տոկոսը մանկապարտեզներից օգտվելու հնարավորություն չունի ու երբ նրանք դպրոց են գնում, մանկապարտեզ գնացած ու չգնացած երեխաները գիտելիքների տարբեր պաշարներ են ունենում. «Սա խտրական մոտեցում է, տարիներ շարունակ ասում են՝ փող չկա եւ վերջ»:

Նա ցուցանիշներ մեջբերեց ու ասաց, որ Հայաստանում 10-ից մեկը չի կարողանում իր ինքնակենսագրականը անսխալ կերպով գրել ու բազմապատկման աղյուսակ իմանալ:

Ցուցանիշները, ըստ Բարսեղյանի, ցույց են տալիս, որ աղքատ ընտանիքների երեխաներին ավելի հաճախ են անբավարար նշանակում, հարուստների ընտանիքների երեխաներին բարձր գնահատականներ են դնում:

Լեւոն Բարսեղյանը կասկածում է, որ եթե հիմա դպրոցների տնօրեններին զանգեն ու ասեն՝ այսինչ պաշտոնյայի նկարը պիտի դպրոցի պատին կպցրեք՝ չեն անի ու կասեն՝ դա մեր գործը չէ, մեր գործը միայն կրթությունն է. «Համակարգային, խորքային փոփոխություն մտածողության կամ վարքային առայժմ ես չեմ նկատում…Փետրվարին ինձ մոտ եկան 4 մանկավարժ, մեկը՝ փոխտնօրեն ու սկսեցին պատմել, որ իրենց դպրոցում տարիներ շարունակ աշխատանքի են ընդունել կաշառքով: Փոխտնօրենն ասում էր՝ ես վերցնում էի կաշառքը, նույն սենյակում տալիս էի տնօրենին՝ 2000-3000 դոլար, սրանք Գյումրու գներն են: Ասում էին՝ կարո՞ղ ենք երաշխիք ունենալ, որ մեզ չեն դատելու, եթե մենք այդ մասին հրապարակավ հայտնենք կամ դիմենք իրավապահներին: Ես ասացի, որ որեւէ մեկը նման երաշխիք տալ չի կարող, քաջալերեցի, քրգործ հարուցվեց: Տասանորդ էր պահանջում այդ դպրոցի տնօրենը՝ հետագայում աշխատանքի ընթացքում, բառացիորեն տասանորդ՝ ստացած աշխատավարձից վճար»:

Լեւոն Բարսեղյանն ասաց, որ ունի օրինակներ, երբ ամբիոնի վարիչը ի պաշտոնե, աշխատանքային զրույց է վարում իր ամբիոնի դասախոսի հետ սեռական բնույթի բառապաշարով. «Այդ մարդը դեռ մնում է ամբիոնի վարիչ: Մենք ունեցել ենք դասախոսներ, որոնք բացակա ուսանողին արտասահմանում գտնվող ուսանողին քննություն է նշանակել, քրգործ է հարուցվել, հետո կարճվել է ու հետո այդ դասախոսը նշանակվել է ֆակուլտետի դեկան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031