Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, Շենգավիթի նստավայրում, «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով» նիստում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանին ևս մեկ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց`Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդանյանի կողմից:
Մինչ այդ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Հայկ Ալումյանը:
Արամ Վարդեւանյանի միջնորդության հիմքում ընկած է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների` Մութաֆյանի եւ Օհանջանյանի գործը, որով դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է: Գործում իբրեւ պաշտպան ներգրավված է նաեւ Արամ Վարդեւանյանը: Աննա Դանիբեկյանի մասնակցությունն այդ գործին եւ դատավորի գործողությունները, ըստ Արամ Վարդեւանյանի, կասկածի տակ են դնում նրա անաչառությունը:
Փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն էլ հավելեց, որ երիտասարդների գործով Աննա Դանիբեկյանը կեղծ ցուցմունքներ է տվել: Ըստ նրա, ինքնաբացարկի համար կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Պաշտպանը նաեւ հավելեց` իհարկե, կան դատավորներ, որոնց այս գործի քննությունը փոխանցելուց հետո իրենք պետք է երանի տան այն օրերին, երբ գործը քննում էր Աննա Դանիբեկյանը, բայց այլ ելք չկա:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դեմ քրեական գործի հարուցման համար հիմք էր հանդիսացել դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպը. սեպտեմբերի 27-ին Սարգիս Օհանջանյանը եւ Նարեկ Մութաֆյանը մոտեցել էին դատավորին եւ հարցեր տվել` արդյոք նա «դատարանների պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞, թե՞ ոչ»։ Դեպքից հետո դատավորը հաղորդում էր ներկայացրել, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել`դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հատկանիշներով։
Պաշտպան Արամ Վարդեւանյանը ընդգծեց, որ Աննա Դանիբեկյանի ցուցմունքից հետո Օհանջանյանին եւ Մութաֆյանին մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ հոդվածով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելու համար. «Ցուցմունք տալիս Աննա Դանիբեկյանը նշել է, որ միջադեպի վերաբերյալ համացանցում տեղադրված տեսանյութն ամբողջական չէ, եւ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հատվածները դրանում ներառված չեն, սակայն հետագայում պարզվել է, որ այդ տեսանյութն առկա է ֆեյսբուքյան էջերից մեկում, եւ դրանում երեւում է, որ երիտասարդների կողմից չի հիշատակվել սույն գործով որեւէ անձի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի անունը: Այսինքն, այդ գործը որեւէ կապ չի ունեցել այս քրեական գործի հետ, մինչդեռ նրանց արարքն Աննա Դանիբեկյանի ցուցմունքի արդյունքում վերաորակվել է արդարադատությանը խոչընդոտելու հատկանիշներով»:
Արամ Վարդեւանյանը կասկածի տակ է դնում այդ գործով տուժող ճանաչված Աննա Դանիբեկյանի ցուցմունքի արժանահավատությունը: Ասաց`դա քննության առարկա է լինելու եւ գնահատականի կարժանանա: Ըստ նրա, օբյեկտիվ դիտորդի մոտ կասկածի տակ է դնելու նաեւ սույն գործով որոշումների արդարացիությունը: Պաշտպանը հիշեցրեց նաեւ, որ Վերաքննիչ դատարանում իրենց բողոքներից մեկի քննության ժամանակ մեղադրող դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին՝ հիմքում դնելով նմանատիպ հանգամանք. «Այդ ժամանակ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը բառացի նշեց, որ կա արտաքին հանգամանք, որը քննության է ենթակա այլ քրեական գործով, եւ դա կարող է օբյեկտիվ դիտորդի մոտ կասկած առաջացնել այդ բողոքի քննության օբյեկտիվության վերաբերյալ»:
Դատավորին ինքնաբացարկի հաջորդ փաստարկն, ըստ Արամ Վարդեւանյանի, այն է, որ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի մեղադրական եզրակացության մեջ քննիչն է անգամ նշել, որ ճնշում գործադրելով՝ երիտասարդները միջամտել են սույն գործով Աննա Դանիբեկյանի՝ հետագայում կայացվելիք որոշումների արդարացիության հիման վրա. «Այսինքն՝ ըստ մեկ այլ գործով մեղադրական եզրակացության՝ այս գործով քննության պատշաճության միջամտություն է տեղի ունեցել, ինչն անհաղթահարելի հիմք է»:
Գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ`միանալով միջնորդությանը, նկատեց, որ սույն գործի քննությամբ կաշկանդված լինելով, դատավորն այլ գործերով էլ է իր գործողություններում ակամայից կաշկանդվում`պատշաճ գործընթաց չիրականացնելով: Մյուս պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը:
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն անդրադառնալով միջնորդություններին, նախ նկատեց, որ ԲԴԽ նախագահի հարցազրույցը այլ համատեքստում է եղել եւ ուղղված չէ այս գործի ու նրա քննության համատեքստում դատավորին գովելուն: Ասաց`տրված հարցը դատական համակարգին է վերաբերվում եւ պատասխանն այն համատեքստում է, որ դատական համակարգը անկախ է գործում: Նա կարծում է, որ միջնորդության մեջ դատավորի կատարած գործողությունների մասին որեւէ անդրադարձ չեղավ: Գեւորգ Բաղդասարյանը նաեւ անտեղի համարեց Արամ Վարդեւանյանի կողմից Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի հիմքի եւ դատավոր Աննա Դանիբեկյանին ճնշելու փորձ կատարած անձանց գործի համեմատությունը: Նա կարծում է, որ մի դեպքում վիճարկվում է դատավորի` այդ գործով նախկինում ենթադրյալ կայացրած որոշումը, մեկ այլ դեպքում՝ փորձ է արվել առերեւույթ միջամտություն կատարել դատարանի գործերին:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանն էլ դատարանին հորդորեց` միջնորդություններն առանց քննության թողնել։ Միջնորդությունները նա համարում է պաշտպանական կողմից իրավունքի չարաշահում, ինչը խոչընդոտում է բուն գործի քննությունը սկսելուն:
Միջնորդություններն առանց քննության թողնելուն կողմ արտահայտվեց նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Ըստ նրա, հիմքերը «համոզչական-քարոզչական» հիմքեր ունեն եւ ամփոփում են ԲԴԽ նախագահի հարցազրույցի`իր ընկալումները, որոնք լի են պայմանականություններով: Նա ասաց, որ պաշտպանական կողմն իրեն թույլ է տալիս դատարանի նկատմամբ անհարգալից արտահայտություններ եւ հորդորեց դատարանին`առավել կոշտ լինել նման պարագաներում: Այդ արտահայտություններն ինքը դատարանին գրավոր կներկայացնի: Տիգրան Եգորյանի համար անհասկանալի են Արամ Վարդեւանյանի`Ռոբերտ Քոչարյանի աջակիցների գործով վկայակոչած ինքնաբացարկի միջնորդության հիմքերը:
Տիգրան Եգորյանի ելույթի ընթացքում դատարանը մի քանի անդամ դիտողություն արեց պաշտպանական կողմին` հորդորելով իրենց «կարգի հրավիրել»: Պատճառը, դատավորն ասաց` «ձեր բարձրաձայն ծիծաղն է»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի պնդմամբ էլ, պաշտպանական կողմի հայտարարություններն այլ նպատակ են հետապնդում. «Դրանք հանրության համար են, ՄԻԵԴ դիմելու համար. ուզում են ասել, որ մեր դատական համակարգում Ռոբերտ Քոչարյանի կողմից 2008 թվականին ստեղծած իրավիճակի պես, դեռ մի բան էլ՝ ավելի վատ իրավիճակ է, ինչը, կարծում եմ, չի հաջողվի իմ գործընկերներին, որովհետեւ ճշմարտությունը մի երես ունի, եւ գործի հատորներում առկա է այդ ճշմարտությունը»:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Միջնորդությունների վերաբերյալ որոշումը կհրապարակվի մարտի 6-ին, ժամը 17. 45-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































