Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյան. «Չեմ ուզում բուհերի խորհուրդների կուսակցականացման մասին որեւէ դիտարկման հետ համաձայնել»

Օգոստոս 26,2020 14:59

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց՝ կարծիք կա, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը վստահություն չի վայելում համալսարանականների շրջանում, բայց նա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց, քանի որ ընկալվում է որպես ԿԳՄՍ նախարարության թեկնածու, ինքն ի՞նչ կարծիքի է այդ պնդման մասին:

Փոխնախարարից նաեւ հետաքրքրվել էինք՝  Հ1-ին տված հարցազրույցում ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահը չէր ողջունել 8 միավորով բուհ ընդունվելը, փաստելով, որ դրսում էլ, եթե գիտելիքը 50-60 տոկոսից ցածր է, դա համարժեք է կտրվելուն: Հակասություն չի՞ տեսնում նրա ասածի եւ այս տարի նոր փոփոխության արդյունքում նվազագույն միավորներով դիմորդների ընդունվելու փաստի միջեւ:

Նաեւ խնդրել էինք կարծիք հայտնել՝  բուհերի այսօրվա խորհուրդների կազմը արդյոք քաղաքականացված եւ կուսակցականացված չէ նախկինի նման:

«Պարոն Մուրադյանի վստահություն վայելելու-չվայելելու հանգամանքը չեմ կարող մեկնաբանել: Կարծում եմ՝ առնվազն պետք է դրա համար ունենալ որոշակի տվյալներ: Լինելով սոցիոլոգ՝ կարծում եմ, որ պետք է  որեւէ ուսումնասիրություն լինի, որպեսզի հասկանանք համալսարանականների վերաբերմունքը ԵՊՀ-ում դերակատարում ունեցող այս կամ այն անձի նկատմամբ, ինչը մի գուցե վատ չի լինի անել եւ վերջապես հասկանալ, թե ինչ հանրային կարծիք կա հենց համալսարանականների շրջանում ոչ միայն կոնկրետ անձի նկատմամբ, այլ տարբեր մարդկանց, եւ գուցե ռեկտորի ընտրություններից առաջ արժի նման  ուսումնասիրություն անցկացնել եւ հասկանալ դասախոսների եւ ուսանողների վերաբերմունքը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ ութ միավոր ունեցող դիմորդների՝ բուհ ընդունվելուն, այս մասին էլ հետեւյալը հայտնեց. «Սա այս տարվա խնդիր չէ, նախորդ տարիներին եւս բազմաթիվ են եղել դիմորդները, որոնք նվազագույն միավորներով բուհ են ընդունվել: Սա ցույց է տալիս այն խնդիրները, որոնք ունենք ընդունելության համակարգի հետ կապված եւ որոնց փոփոխության, բարեփոխմանն  է ուղղված նոր օրենքը, որը կարծում եմ՝ ԱԺ-ում գարնանը կքննարկվի եւ հուսով եմ կընդունի»:

Բուհերի խորհուրդների կուսակցականացված եւ քաղաքականացված լինելու վերաբերյալ հարցին էլ հետեւյալ կերպ պատասխանեց. «Չեմ ուզում բուհերի խորհուրդների՝ առնվազն կուսակցականացման որեւէ դիտարկման հետ համաձայնել, որովհետեւ ուղղակի չեմ տեսնում նման բան: Ինչ վերաբերվում է խորհուրդների ընդհանուր աշխատանքին, այստեղ  բավականին անելիք կա: Ցավոք սրտի, մեր նախորդ տարիների փորձը լավը չէ, խորհուրդները գործել են ավելի շուտ իբրեւ նոմինալ մարմիններ, քան բուհի կյանքում իրական դերակատարություն ունեցող մարմիններ: Ես կարծում եմ՝ մեզ տեւական ժամանակ պետք է լինելու ջանք դնել, որպեսզի հոգաբարձուների խորհուրդները բուհերում լինեն իրապես զարգացմանը նպաստող, այդ աշխատանքը առաջ տանող մարդկանց խմբեր, ինչի համար ունենք լավ պայմաններ:

Օրինակ, երեկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում հնչած առաջարկները, մտքերը թույլ են տալիս հասկանալ, որ մենք ունենք բուհի զարգացմամբ շահագրգիռ մարդկանց խումբ, որն իր անելիքը տեսնում է այդ զարգացմանը նպաստելը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31