Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ժամանակներն անորոշ են և խրթին, արվեստը կարող է օգնել գտնելու ճանապարհը դեպի ապագա». «UWC Դիլիջան» դպրոցում կայացավ վիզուալ արվեստների ցուցահանդեսի բացումը

Մարտ 29,2021 11:14

«UWC Դիլիջան» դպրոցում տեղի ունեցավ «Ֆաուհաուս. hետահայաց» խորագրով վիզուալ արվեստների ցուցահանդեսի բացումը, որի շրջանակում ներկայացվեցին 27 նկարիչների գործեր աշխարհի տարբեր երկրներից (Հայաստան, Սիրիա, Էստոնիա, Միացյալ Թագավորություն, Վիետնամ, Իտալիա, Ռուսաստան, Բրազիլիա, Չինաստան, Նեպալ, Արգենտինա, Պերու, Կոլումբիա, Նորվեգիա, Վրաստան, Մեքսիկա, Ուկրաինա):

Կորոնավիրուսի համավարակը և Արցախյան պատերազմը խորապես ազդել են UWC Դիլիջանի դպրոցական համայնքի վրա՝ ստիպելով շատ իրողությունների նայել այլ տեսանկյունից, առաջադրելով սուր հարցեր կյանքի իմաստի, ընտանիքի, հասարակության, բնության, պատմության, մշակութային ժառանգության և արվեստի մասին: Ցուցադրվող աշխատանքներն, ըստ էության, այս հարցերի պատասխանները փնտրելու փորձ են: Ցուցահանդեսը ստիպում է այցելուներին մտորել այս կարևոր հարցերի շուրջ:

Վիզուալ արվեստների ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է դպրոցի բացումից ի վեր (2014 թ.) և ներկայացվում որպես ամփոփում՝ վիզուալ արվեստների դասընթացի: «Վիզուալ արվեստ» առարկայի միջոցով ուսանողներն ինքնարտահայտվում են՝ ընտրելով արվեստի տարբեր ուղղություններ. նկարչություն, կոլաժ, լուսանկարչություն, տպագրություն և այլն: Ուսանողները կարող են փորձել արվեստի գործերի ստեղծման բոլոր մեթոդները, ընտրել, թե որ աշխատանքներն են իրենց համար լավագույնը և կերտել իրենց ուրույն ստեղծագործական ուղին:

Այս տարի ուսանողներն իրենց առջև բարդ խնդիր են դրել՝ ֆովիստներից (20-րդ դարասկզբի մոդեռնիստական արվեստի ուղղություն) ոգեշնչված վառ և վայրի անհատականությունը համադրել Բաուհաուսի (գերմանական արվեստի ազդեցիկ դպրոց) տեխնիկայի և վարպետության խիստ կանոններիի հետ: Արդյունքը այս հավաքածուի գործերն են:

«Կարևոր է հասկանալ, որ վիզուալ արվեստների դասընթացը պարզապես արվեստանոց չէ, որտեղ ստեղծվում են արվեստի գործեր, այն ստեղծարար լաբորատորիա է, որտեղ ուսանողներն ազատ են փորձարկումներ անելու, հարցեր տալու, ձախողելու և կրկին փորձելու, սովորելու անցյալից, ներկայից և պատկերացնելու ապագան»,-ասում է «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի Գեղարվեստի բաժնի ղեկավար Յարոսլավ Զաբավսկին,-«Վստահ եմ, այս հմտությունները մեծ արժեք կունենան վաղվա անորոշ աշխարհում, որը պահանջելու է ճկունություն, հարմարվողականություն և ստեղծագործ մտածողություն: Համավարակի հետևանքով ստեղծված անորոշության և Արցախյան պատերազմի ընթացքում ես ինքս ինձ հարց էի տալիս՝ արդյոք մեր ջանքերը վիզուալ արվեստում տեղին են և իմաստալից, արդյոք մեր ստեղծագործական ինքնարտահայտման փնտրտուքը կարող է հակազդել իրականությանը: Կրկին և կրկին, ես հայտնաբերեցի հետևյալը ճշմարտությունը. ստեղծագործական ինքնարտահայտման ցանկությունը ամենաբնական և մարդկային որակներից մեկն է, որ մենք ունենք: Հետևաբար, երբ ժամանակներն անորոշ են և խրթին, արվեստն ու ստեղծարարությունը կարող են օգնել մեզ գտնելու մեր ճանապարհը դեպի ապագա»:

«Իմ ցուցադրությունը նման է աշխարհի շուրջը ճանապարհորդության՝ սկսած իմ տնից մինչև այնտեղ, ուր ցանկանում եմ լինել։ Ցուցադրության գլխավոր նմուշները ճանապարհորդներն են, որոնք ուղղվում են աշխարհի տարբեր ծայրերը՝ իրենց վերագտնելու համար։ Ես էլ իմ հերթին, որպես մի ճանապարհորդ, ստեղծագործում եմ՝ ոգեշնչված ամենազանազան վայրերից ու առարկաներից։ Սկզբում՝ առաջին քայլերս անելու ժամանակ դժվար էր հասկանալ, որպես նկարիչ, ինչն է իմ վրձինն առաջ մղում։ Երկարատև փորձերից և ուսումնասիրությունից հետո հասկացա, որ իմ գործերը բնության փոխաբերությունն են՝ դուռ դեպի մտացածին աշխարհ, ուր հանդիսատեսը հնարավորություն ունի նոր լույսի ներքո դիտարկելու և ըմբռնելու շրջակա աշխարհը»,-ասում է ցուցահանդեսի մասնակից, «UWC Դիլիջան» դպրոցի երկրորդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Մնացականյանը:

UWC Դիլիջանը հետխորհրդային տարածքում հիմնված առաջին միջազգային դպրոցն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայումս ունի 226 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից, իսկ դասախոսական կազմը ներառում է 26 ուսուցիչ՝ 11 երկրից։

UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնք այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 80% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։

UWC Դիլիջանում ուսումնառության և դասավանդման գործընթացն իրականացվում է «Միջազգային բակալավրիատ» (International Baccalaureate, IB) դիպլոմային ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երիտասարդների համար:

UWC Դիլիջանն արդեն իսկ ունի շրջանավարտների հինգ սերունդ (2016-ից 2020 թվականներ), որոնցից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի առաջատար կրթական համալսարաններում, այդ թվում՝ Հարվարդի համալսարանում, Փրինսթոնի համալսարանում, Յեյլի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում, Լոնդոնի համալսարանական քոլեջում, Դյուքի համալսարանում, Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի), Մակ-Գիլի համալսարանում, Էդինբուրգի համալսարանում, ՔՀԿԻ-ի (Քեկի հետբուհական կրթության ինստիտուտի) Միներվայի դպրոցում և այլն:

IDeA հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031