Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Չխաբվելու հնարքները

Հունիս 04,2021 10:00

Վերջին շաբաթվա ընթացքում, բացի Փաշինյանին կամ Քոչարյանին անիծողներից, փողոցում ինձ սկսել են ավելի շատ հանդիպել մարդիկ, որոնք չեն ուզում իրենց ձայնը տալ այս երկուսին, եւ դա անշուշտ, դրական երեւույթ է. նշված գործիչներից ցանկացած մեկի հաղթանակն ընտրություններում կխորացնի հասարակության պառակտումն ու անկայունությունը: Բայց կա նաեւ վատ լուր. մարդիկ կարծում են, որ մնացած 24 կուսակցություններն ու դաշինքները կա՛մ Փաշինյանինն են, կա՛մ Քոչարյանինը:

Մարդիկ ընդհանրապես հակված են սխալ ընդհանրացումներ անել՝ «բոլոր լրագրողները ծախված են», «բոլոր հարուստները գող-ավազակ են», «բոլոր դասախոսները կաշառակեր են», մի խոսքով՝ «դիփունքը խափում ին ու խափում» (Գաբրիել Սունդուկյանը ճշգրիտ է նկարագրել քաղքենիական մտածողության այս առանձնահատկությունը):

Ծայրահեղ նիհիլիզմի դրսեւորումներ ես նկատել եմ իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում, նաեւ կոմունիստների ժամանակ: Միայն 1988-90 թվականներին հայաստանցիները, կարծես, դուրս եկան անհավատության այս վիճակից, բայց հետո կրկին հիասթափվեցին ու սկսեցին ընդհանրացնել իրենց տեսած առանձին խմբերի հատկանիշները՝ «էս երկիրը երբեք երկիր չի դառնա» տխուր եզրահանգմամբ: 2018 թվականին Փաշինյանին հաջողվեց «նախկինների» հանդեպ ատելության ալիքի վրա գալ իշխանության, բայց այն ժամանակվա մթնոլորտը որեւէ կապ չունի 1988-ի «դրական» ոգեւորության հետ:

Հիմա էլ զգալի ընտրազանգված կա, որը ոչ մեկին չի հավատում: Կասեք՝ «բա հիմքեր ունեն, էնքա՜ն են էս խեղճ ժողովրդին խաբել»: Դա էլ է, ի վերջո, քաղքենիական «հոգոց». եթե չլինի խաբվելուն հակված զանգված, ոչ մի ստախոս, ոչ մի խաբեբա չի կարողանա հաջողության հասնել: Հանուն արդարության կարելի է, իհարկե, արձանագրել, որ Փաշինյանն ունի իրեն աջակցող առնվազն երկու քաղաքական ուժ՝ «Հանրապետություն» կուսակցություն եւ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք, բայց այդ ուժերի ցուցակներում ընդգրկված գործիչները չեն էլ թաքցնում իրենց նախասիրությունները:

Մնացածի վերաբերյալ կարելի է ասել հետեւյալը. որեւէ մեկի խաղը չխաղալու բավականին խոսուն «թեսթ» կարող է լինել այս կամ այն ուժի հայտարարությունն այն մասին, որ, եթե ԱԺ մտնի, երբեք, ոչ մի պարագայում դաշինք չի կազմի ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի հետ: Դարձյալ կարող եք կասկածել՝ «բա որ խաբե՞ն»: Տեսականորեն բացառված չէ, բայց դա կլինի տվյալ կուսակցության քաղաքական ուղու վերջը:

Մեկ այլ չափանիշ է, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչները խոսում են ոչ թե իրենց ծրագրերի եւ տեսլականի, այլ միայն ուրիշի արատների եւ ձախողումների մասին: Օրինակ, մասնագիտանում են Քոչարյանի բազմաթիվ մեղքերը վեր հանելու վրա: Ինչ խոսք, այդ մեղքերն անթիվ են, կարելի է հատորներ գրել, բայց երբ քարոզչությունը սահմանափակվում է անցած 30 տարվա ուղու «հետադարձ հայացքով» եւ շրջանցում է այսօրվա ողբալի վիճակը, դա արդեն իսկ կասկածելի է:

Ստացվում է, որ չխաբվելու բազմաթիվ հնարքներ կան: Միայն թե ցանկություն լինի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    Մեր «անծայրածիր» հայրենիքի ու «բազմամիլիոն» ժողովրդի համար 26 քաղաքական ուժերի մասնակցությունը շատ բան է ասում, որը հենց ապացույցն է Գաբրիել Սունդուկյանի
    «դիփունքը խափում ին ու խափում» արտահայտության այժմեականությունը: Որոշ վերապահումներով «դիփունքը» կարելի փոխարինել «զգալի մեծամասնություն»-ով, դա էլ հեղինակի համաձայնությամբ:

    • Ջորդանո Գալիլյան says:

      «Դիփունքը» իհարկե «խափում» են, բայց դե «խափելն» էլ պետք է չափ ու սահման ունենա: Իսկ ձեր սիրելի կապիտուլյանտ նիկոչիբեյը խաբելու եւ ստախոսության անգերազանցելի ռեկորդ է խփել. խափում է ու ստում ամեն քայլափոխի, կամայական հարցի շուրջ, բոլորին ու մշտապես: Պաթոլոգիկ պրիմիտիվ ստախո՛ս: Թիվ կա աստղերին, բայց թիվ չկա այդ պոռոտախոս չարչու ստերին: Մի քանի օր առաջ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը բառացիորեն ասաց. «Հիմարի մեկն է Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս…»

  2. Հ.Շ. says:

    Ես իսկապէս զարմանում եմ, որ Փաշինյանն ու իր մօտիկները այդ՝ 26 քաղաքական հոսանքների մասնակցութիւնը՝ ընտրութիւններին, չի օգտագործում, Արեւմուտքին ասելու համար ՝ տեսա՞ք, ինչպիսի հոյակապ աստիճանի հասցուցի Ժողովրդավարութիւնը, Հայաստանի մէջ… այժմ ո՞վ որ ուզենայ, հնարաւորութիւնը ունի թեկնածու դառնալու, իր ուզած խումբով, եւ բոլորն ալ հաւասար հնարաւորութիւնը ունին տեղ գտնելու խորհրդարանում… ուրեմն ահա, ի դէմ՝ զարհուրելի հակառակ հոսանքների, յաջողեցայ Հայաստանը դարձնել ՝ «Ժողովրդավարութեան Փարոս» Հարաւային Կովկասում, եւայլն. եւայլն.

    Եւ ակնկալում եմ որ ուղղակի այս տեսակի բաներ լսուին, որոշ արեւմտեան Սփիւռքի մը մէջ… յատկապէս՝ Ֆըղանսայում…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930