Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի թրի տակով անցնելու» թեսթը

Հունիս 16,2021 10:00

Վարչապետի պաշտոնակատարն ասում է, որ բոլորը պետք է անցնեն «ժողովրդի թրի տակով», իսկ եթե չանցնեն, նրանց վատ ապագա է սպասվում: «Բոլորը» ասելով, Փաշինյանը նկատի ունի բյուրոկրատիան, ՏԻՄ ղեկավարներին, գործարարներին, դասախոսներին, գիտնականներին, հոգեւորականներին, դիվանագետներին՝ բոլորին, ովքեր վարչապետի ներկայիս պաշտոնակատարի կողմնակիցները չեն:

Ենթադրենք, այդպես էլ կլինի՝ «ժողովուրդը» կհանի իր թուրը, կստիպի բոլորին, մեղմ ասած, կռանալ: Այնուամենայնիվ, այստեղ ճշտելու հարցեր կան: Ընդունենք, որ Փաշինյանին ձայն կտա  300 հազար մարդ, Քոչարյանին՝ 250 հազար մարդ, մնացած բոլոր քաղաքական ուժերին 2-3 տասնյակ հազար մարդ: Արդյո՞ք դա կնշանակի, որ այն, ինչ մենք հասկանում ենք «հայ ժողովուրդ» ասելով, հենց այդ 300 հազարն են, իսկ այլ ձեւով քվեարկածները, չքվեարկածները, ինչպես նաեւ 7 միլիոն հայությունը ժողովուրդ չե՞ն: Քվեարկողների մեծամասնությունն, այո, իրավունք ունի ձեւավորել իշխանություն, բայց, կարծում եմ, չի կարող սեփականաշնորհել «ժողովուրդ» անունը:

Բայց, ենթադրենք, իմ կարծիքը սխալ է, եւ «ժողովուրդը» հենց այդ 300 հազարն են: Տեխնիկապես ինչպե՞ս է իրականացվելու «թրի տակով անցնելու» քննությունը: Ենթադրում եմ, որ այդ 300 կամ 500 հազարն ամեն օր չեն կարող վճիռներ կայացնել՝ «ա՛յ դու, հարգարժան պրոֆեսոր, մեր թրի տակով անցել ես, իսկ դու, սրբազան հայր, չես անցել»: Հետեւաբար, ժողովուրդը պետք է ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի խմբի պատվիրակի այդ «թեսթը» անցկացնելու: Ո՞վ պետք է լինի այդ «հավատաքննիչը»՝ ԱԱԾ՞-ն, ԿԳՄՍՆ՞-ն, խորհրդարանական քննիչ հանձնաժողո՞վը, գուցե վարչապետն անձա՞մբ պետք է ամեն մեկի գործը քննի (ուրիշ էլ ի՞նչ կարեւոր գործ ունի): Կամ՝ գուցե «թրի տակով» անցկացնելու պարտականությունը դնենք որեւէ իշխանամետ հ/կ-ի վրա. կարծում եմ, դրա տակ հնարավոր կլինի լավ դրամաշնորհ ստանալ: Կամ, վերջապես, կա եւս մի հնարավորություն. հատուկ կառույց ստեղծել` օրինակ, «Մուրճի, պողպատի եւ հեղափոխական զտման» նախարարություն:

Բայց մենք բոլորս պետք է պատրաստվենք այդ «թեսթին», որպեսզի հանկարծ չտապալվենք: Ինձ թվում է ազնիվ կլիներ, որ արդեն հիմա նախօրոք առաջադրվեր հարցաշար, կամ պնդումների շարք, որի հետ պետք է համաձայն լինեն նրանք, ովքեր հավակնում են մտնել «ժողովրդի թրի տակ անցածների», այսինքն՝ լավ, «ժողովրդական» մարդկանց ակումբի մեջ: Օրինակ, «պատերազմում պարտության, տարածքային եւ մարդկային զոհերի համար մեղավոր են բոլորը, բացի Փաշինյանից». «միակ բանը, որում Փաշինյանը մեղավոր է, այն է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ ուրիշները չեն գնդակահարվել», «Հայաստանի 27 տարվա պատմությունը (1991-2018) բացառապես թալանի եւ ժողովրդի կեղեքման պատմություն էր»: Եվ այլն: Կարծում եմ, ժամանակն է ամեն մարդ կողմնորոշվի՝ նա «ժողովրդի» հետ է, թե ոչ: Ես արդեն կողմնորոշվել եմ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Armen says:

    Իմ պատկերացմամբ «ժողովրդի թրի տակով» արտահայտությունը պետք է նշանակի, որ 1998-2018թթ.-ին ՀՀ-ում կառավարման տարբեր համակարգերում կարևոր պաշտոն զբաղեցրած անձինք այլևս իրավունք չունենան զբաղեցնելու պետական որևէ պաշտոն:

    • Garo says:

      Հա մենակ ով նիգյոլի հետ մոտիկ են իրանք են ազնիվ արդար, մնացած բոլորը թալանչի են.
      Օրինակ փաշինօղլիի ցուցակի 5-րդ համարը Գռզոն ազնիվ բիզնեսմենա եղել, բոլոր հարկերը կոպեկ կոպեկ վճարելա, քաղաքի կենտրոնի հսկայական տարածքներն ու օբեկտներն էլ օրինական աճուրդնեով շուկայական գնովա սեփականաշնորել. Բջնիի գործարանն էլ, պապնա հիմնադրել ու իրան ժառանգություն թողել.
      Նիգյոլի 16համարը գեներալ Գագիկ Մելքոնյանը էլի մի սուրբ էակ. Բանակի երկարամյա թիկունքը պետը բանակ չի թալանել, Քոչարյանն էր անձամբ գնում Սիմոնյան Ալենչիկի բորշի մսերը գողանում ուտում.

    • Ռուբեն says:

      Արմեն, ո՞նց որոշեցիր, որ1998-2018թ.թ. կարևոր պաշտոն զբաղեցրած անձինք իրավունք չպետք է ունենան զբաղեցնելու պետական որևէ պաշտոն (երևի դատավորի բնատուր հատկություննե՞ր ունես, խորհուրդ կտամ կարդաս Վիլյամ Սարոյանի «Կոտորածն անմեղաց» պիեսը և իմանաս, թե ոնց էին դատում մարդկանց): Իսկ 1991-1998թ.թ. պաշտոն զբաղեցրած ՀՀՇ-ականները քո սրբերն են եղե՞լ, ասածդ նրանց չի վերաբերվու՞մ: Եվ երկրորդ՝ ներկայիս իշխանության թիմում մինչև օրս պետական կարևոր պաշտոններ են զբաղեցնում քո նշած 1998-2018թ.թ. ՀՀ կառավարման համակարգերում կարևոր պաշտոններ զբաղեցրած ներկայիս ֆինանսների նախարարը, ներկայիս գլխավոր դատախազը, ներկայիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ներկայիս վիճակագրական կոմիտեի նախագահը, իրենք էլ պետք է ժողովրդի թրի տակով անցնե՞ն, թե՝ թրի տակով անցնողների հերթից նրանց հանում ենք: Բա որ մյուս հերթ կանգնողներից շատ պաշտոնյաներ նույնպես ծանոթ գտնեն ու խնդրեն, որ իրենց էլ արտոնություն տրվի, խառը վիճակ չի առաջանա՞, թե՝ խառը վիճակը քո կարծիքով լավ է:

  2. Լավատես says:

    Մուրճը կա, մնացել է մանգաղը: Գյուղացու կյանքը անհամատեղելի դարձնելով գյուղի հետ, գյուղացին ստիպված լքում է իր գյուղը եւ գալիս քաղաք, իսկ քաղաքացիների կյանքը անհամատեղելի դարձնելով քաղաքի հետ քաղաքացիներին ստիպելով քշում են այլ երկրներ, այսպիսով, իր բնօրրանից հողից կտրված հայը դառնում է մառգինալ նոր պայմաններում, գյուղացին քաղաքում դառնում է մառգինալ պռոլետար, իսկ քաղաքացին այլ երկրում դառնում է տեղի իշխանությունների՝ հաճախ ապազգային իշխանությունների մառգինալ կամակատարը եւ հակադրվում տեղի առաջադեմ ազգային ուժերին:
    Մառգինալների գաղջը փոխարինվում է մառգինալների մղձավանջով: Արդյունքում, պռոլետարական հեղափոխություն, դրան հետեւող տեղաբնիկների արտագաղթ եւ վերջապես մեր թշնամիների երազանքը՝ ծաղկեցնել հայոց երկիրը՝ առանց հայերի:
    Ի՞նչ անե՛լ: Հայրենադարձություն ու տեր կանգնել հարազատ բնօրրանին, պայքարել գոյատեւելու համար սեփական բնօրրանում: Մենք մեր սփյուռքո՛վ պետք է ծաղկեցնենք հայոց երկիրը եւ միայն հայերով եւ մեր հարազատ բարեկամ ժողովուրդներով: Սա միայն մեր դարդը չի, ամբողջ աշխարհով մեկ բոլոր ժողովուրդներին փորձելու են մառգինալացնել, մենք ընդամենը փորձադաշտ ենք այդ այլասերված քոչվորների համար, որոնք ի տարբերություն նորմալ քոչվորների անցել են նստակյաց կյանքի եւ դրա համար էլ այլասերվել են, տրոցկու համաշխարհային պռոլետարական հեղափոխություններն են հարյուր տարի հետո են փորձելու իրականացնել, բայց ով չենթարկվեց նրանց սցենարներին, նրանք հանգիստ կապրեն մի հարյուր տարի, մինչեւ որ մենք էլ սովորենք մեր օրակարգը փաթաթել նրանց վզին:
    Օրնիբուն տտածում ենք վերադառնալու մասին, չսպասենք, որ զոռով մեզ քշեն իրենց հողից տեղի ազգային ուժերը:
    Հայեր միացե՛ք:

    • Լավատես says:

      Ա Ստեղծում ենք ցանցային պետություն եւ ամենափափուկ ամենաանտեսանելի ձեւով գրավում ենք մեր երկիրը, պայմաններ ստեղծում հակաազգային ուժերին փափուկ ձեւով հեռանան երկրից եւ այլեւս չվերադառնան կամ էլ վերադառնան, ընդունելով իրենց մեղքերը եւ այլեւս պետական ու քաղաքական պաշտոն գրավելու իրավունք չունենան:
      Բ Ազգը պետք է բաղկացած լինի ընդամենը երկու դասակարգից, առաջինը’ դա պետական ծառայողների դասն է եւ երկրորդը’ մասնավոր աշխատավորի դասն է, ստրուկները, ճորտերը, վարձու աշխատողները օրենքից դուրս են եւ նրանց շահագործողները պատժվելու են ընդհուպ մինչեւ երկրից վտարում’ սա պետք է լինի բարձրագույն պատիժը, մնացած մեղքը պետությունը իր վրա է վերցնում եւ կոմպենսացնում վնասը, հասկանալով, որ իր դաստիարակության թերացումից է, որ մարդը գնացել է անօրինականության: Պետական ծառայողները’ դա ազգի լավագույներից լավագույներն են, սրանք են այն էտալոնը, որն իր ապրելակերպով, գործով ու խոսքով դաստիարակում է երկրորդ դասին եւ արդյունքում երկրորդ դասի լավագույներից լավագույները դառնում են պետական ծառայողներ: Մեր այսօրվա ընտրական մեխանիզմները բացարձակապես չեն ապահովում ազգի լավագույներից լավագույների հայտնաբերմանը եւ պետական ծառայության անցնելուն, պետական ծառայողները որպես բարձրագույն խավ ի՛նքը պետք է իր իրավահաջորդի ընտրությունը կատարի, թե երկրորդ դասից ո՞վ է արժանի պետական ծառայողի բարձր կոչմանը: Հայեր, միացե՛ք:

  3. հայկ համբարձումեան says:

    հա հա հա
    պարոն Աբրահամյան, ես ալ կողմնորոշուիմ. եթէ հայ ժողովուրդը, ինչ թիւով ալ որ ըլլայ՝ վերարտադրէ այսքան կորուստի պատճառ այս իշխանութիւնը եւ այդպիսով փաստէ իր վախը, ստրկամտութիւնը եւ նիւթապաշտութիւնը՝ ես սիրով դուրս կ մնամ հայ ըսուած ժողովուրդէն։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930