Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի տարօրինակ շնորհակալությունը Պուտինին

Հունիս 26,2026 10:00 Share

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հարցեր ունի ԵԱՏՄ մայիսի 29-ի համատեղ հայտարարության առնչությամբ, որ չորս երկրների նախագահները ընդունել էին Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ անցկացված գագաթնաժողովում: Փաշինյանը ասում է, որ հարցեր ունի ԵԱՏՄ իր գործընկերներին, թե ինչպե՞ս է հնարավոր իր բացակայությամբ այդպիսի որոշումներ: Հայաստանի վարչապետը ակնհայտորեն փորձում է, ինչպես ռուսներն են ասում՝ «վատ խաղի պայմաններում ապահովել դեմքի լավ արտահայտություն»: Որովհետեւ, եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ուներ հարցեր, ապա դրանք պետք է բարձրաձայներ հենց հունիսի 1-ին, օրինակ, երբ նրան զանգահարել էր ԵԱՏՄ առաջնորդը՝ ՌԴ նախագահ Պուտինը:

Հիշեցնեմ, որ Աստանայում մայիսի 29-ին տեղի ունեցած գագաթնաժողովն ըստ էության վերջնագրային էր իր տրամաբանությամբ: Եվ դրանից երկու օր անց ՌԴ նախագահ Պուտինը զանգահարել էր Նիկոլ Փաշինյանին՝ նրա ծննդյան տարեդարձի առիթով:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես հետո տարածեց նրա կառավարության տեղեկատվական վարչությունը, նախ բարձր է գնահատել սուր անկյունները հարթելու, ըմբռնումով մոտենալու Պուտինի կարողությունները, ու նաեւ շնորհակալություն էր հայտնել ՌԴ նախագահին՝ աջակցության համար: ԵԱՏՄ քառյակը Նիկոլ Փաշինյանին ներկայացնում է վերջնագիր հիշեցնող մի տեքստ, իսկ այդ տեքստից երկու օր անց՝ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ինչ-որ աջակցության համար շնորհակալություն է հայտնում ՌԴ նախագահ Պուտինին: Տարօրինակ չէ՞, ի՞նչ եք կարծում: Եվ առավել եւս տարօրինակ է, երբ այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ունի հարցեր: Իսկ մի՞թե հնարավոր չէր այդ հարցերը տալ ՌԴ նախագահին հենց հունիսի 1-ին, ինչպես ասում են՝ տաք-տաք:

Թե՞ այդ իմաստով, հունիսի 1-ին տարեդարձի առիթով հեռախոսազրույցում միակ տաք բանը, որ կարող էր քննարկվել, գուցե եղել է տոնական օրը Նիկոլ Փաշինյանի սեղանի ճաշացանկը՝ տաք ուտեստների հնարավոր տեսականին: Թեեւ, այդ օրերին վարչապետի ճաշացանկը կարծես թե նախընտրական սեղաններին էր: Բայց, ԵԱՏՄ-ից ստացված վերջնագրի հետ կապված հարցերը պետք է հնչեին հենց տաք-տաք, որովհետեւ գոնե առերեւույթ՝ այդ վերջնագիրը կարծես թե «հարամում» էր նախընտրական ճոխությունը: Բայց, կրկնեմ, դրա փոխարեն, Փաշինյանը շնորհակալություն էր հայտնում Պուտինին, աջակցության համար: Հիմա՝ պատրաստվում է տալ հարցեր:

Թե՞ այդ հարցերը հունիսի 1-ին նրան տվել, կամ ավելի ճիշտ՝ փոխանցել է Ռուսաստանի նախագահը, առաջիկա որեւէ առիթով ԵԱՏՄ սեղանին դնելու համար, որտեղ Հայաստանն ավելի շուտ առիթն է, ոչ թե պատճառը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել