Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիզմը եւ հակապետական քարոզչությունը

Նոյեմբեր 10,2021 10:00

Քաղաքական գործիչները միշտ կանգնած են երկընտրանքի առջեւ՝ ասել այն, ինչ այս պահին դիվիդենդներ կբերի, բայց կվնասի պետության երկարաժամկետ շահերին, թե՝ այն, ինչ կարող է ներքին լսարանում դժգոհություն առաջացնել, սակայն հետագայում պետք կգա կարեւոր պետական շահերի լուծման տեսանկյունից:

Իհարկե, ինչպես շատ այլ դեպքերում, այստեղ էլ պետք է պահպանել չափի զգացողությունը, որովհետեւ եթե քո հասարակությունը քեզ բացարձակապես չի հասկանում, ապա դու չես կարողանա իրագործել այն ծրագրերը, որոնք պետության համար կարեւոր ես համարում: Այդ առումով, իհարկե, «հակապոպուլիզմի ծայրահեղական» էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում հազվադեպ էր շփման մեջ մտնում հասարակության հետ եւ վճռական պահին՝ 1997 թվականի աշնանը, չկարողացավ համոզել քաղաքացիներին՝ իր ընտրած ուղու ճշմարտացիության մեջ: Արդյունքում այն հազվագյուտ ժամանակաշրջանը մեր ժողովրդի պատմության մեջ, երբ մենք կարողացանք ոչ թե հանձնել, այլ ազատագրել որոշակի տարածքներ, նրա ընդդիմախոսների ջանքերով հաջողությամբ բնութագրվեց որպես «ցրտի-մթի» տարիներ:

Բայց պոպուլիզմի չեմպիոնն, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է, որը խոսում է բացառապես իր ընտրազանգվածի զգացմունքների վրա խաղալու համար, ինչն ավելի վտանգավոր է, քան վերը նկարագրված «հակապոպուլիզմը»: Օրինակ, իրեն համակրող հազարավոր քաղաքացիներին հանգստացնելու համար նա փաստացի ընդունում է, որ Գորիս-Կապան ավտոմայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը պատկանում է Ադրբեջանին: Ասածի իմաստը հետեւյալն է՝ «ամեն ինչ OK է, ամեն ինչ նորմալ է, Ադրբեջանն իրավունք ունի այդ ճանապարհին անել ինչ ուզում է, այդ թվում՝ կանգնեցնել մեր կամ իրանական մեքենաները»: Բայց բանակցային դիրքի տեսանկյունից դա կոպիտ սխալ է, որը թույլ է տալիս հակառակ կողմին դա օգտագործել: Իրավունքը պետք է պահել եւ հետո օգտագործել դիվանագիտության ու մարտի դաշտում, ոչ թե սեփական ժողովրդի առաջ արդարանալու համար հանձնել՝ ոչինչ չստանալով:

Բայց մեր պետության հետագա տասնամյակների համար, թերեւս, ավելի կարեւոր են իշխանության պնդումները Հայոց բանակի մասին, որոնք, բնականաբար, դարձյալ արվում են պարտության մեղքը զինված ուժերի գլխավոր հրամանատարի վրայից զինվորականների վրա գցելու համար: Այնինչ ես համոզված եմ, որ 30 տարվա ընթացքում մեզ հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ՝ իհարկե, թերություններով, կամայականություններով, կոռուպցիոն դրսեւորումներով: Հիմա էլ է այդ բանակը մարտունակ, եւ մեր խնդիրների մեծ մասը քաղաքական, ոչ թե ռազմական ոլորտում է: Սեփական ընտրազանգվածի զգացմունքները շոյելու համար փաստացի ասել, որ մենք ոչ մի բանակ էլ չենք ունեցել, որ դա գողերի եւ ավազակների ինչ-որ հավաքածու էր, նշանակում է՝ քար գցել ոչ թե անցյալի, այլ ապագայի ուղղությամբ: Բանակի բոլոր սպաները թալանչիներ են, բոլոր գիտնականները ձրիակերներ են, մշակույթի բոլոր գործիչները «նախկինների սպասավորներ» են, բոլոր դասախոսները կաշառակերներ են, դպրոցի բոլոր ուսուցիչներն անգրագետ են՝ ահա ներկայիս իշխանության քարոզչության առանցքը: Այդ քարոզչությունն, իմ կարծիքով, հակապետական է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կարծում եմ, մենք այլեւս ժամանակ չունենք անիմաստ մարդկանց ասած չասած ու գործած ու չգործած բաները քննարկելու, այդ մարդիկ անիմաստ են, քանի դեռ ինքնուրույն ասելու ու գործելու ունակ չեն, բոլորն էլ պոպուլիստ են աշխատել եւ աշխատում են, պետք չէ միամիտ լինել, հզոր սովետը քանդողները իրենց մարդկանց են նշանակել սովետի փլատակների վրա որպես իշխանավոր, որոնք պետք է կատարեին պետականության այդ փլատակների փոշիացման շարունակական գործընթացը: Նրանք հիմա չաղացնում են մարգինալներին, քսի տալիս թուլացված եւ անմիաբան տիտղոսակիրների վրա եւ դրանով ոչնչացնում ազգերն ու պետությունները, ընտանիքներն ու համայնքները եւ արդյունքում կվերանա մարդկությունը, կմնան միայն իրենց ընտրյալ հռչակողները՝ բանվորագյուղացիական կայսրությունում ընտրյալն ու մաքուրը բանվորագյուղացիական ծագում ունեցողն էր, իսկ ազնվականը կեղտոտն էր եւ վերացման էր դատարպարտված, իսկ արիական կայսրությունում ընտրյալն ու մաքուրը արիացին էր, իսկ կեղտոտը ոչարիականն էր եւ վերացման էր դատապարտված՝ մի գենշտաբի ձեռագիրն է երկու դեպքում էլ, հիմա էլ է նույն էշությունը կատարվում՝ ինչ որ էշեր իրենց ընտրյալի տեղ են դրել եւ փորձում են վերացնել ոչընտրյալներին, այսինքն՝ ոչէշերին: Սա հազարամյակների կռիվն է եւ քաղաքական գլխավոր շտաբ ունեն միայն հին ազգերը, որոնք կոփվել ու անցել են հազարամյակների թոհուբոհի միջով եւ մշակել պատերազմի եւ խաղաղության իրենց տեխնոլոգիան, իսկ մնացածները միայն գործիք են հին ազգերի ձեռքում: Մերը հայերենը՝ դա ժողովուրդների ու ազգերի բազմազանությունն է, ամեն մի ժողովուրդ իրավունք ունի պահպանել իր առանձնահատուկ էությունը, ոչ միայն իրավունք ունի, այլեւ պարտավոր է պահպանել ու պաշտպանել իր առանձնահատուկ էությունը, եթե անտառում ծղոտից տուն ունես, բայց գայլեր ու արջեր են հայտնվել տանդ կողքին, հետո մի ուրախացի, որ գայլերը արջից կվախենան ու չեն մտնի տունդ, արջն ինքը մի օր ծղոտից տունդ վարի կտա:
    Եկեք հստակեցնենք մեր ազգի իրավունքները՝ ոչ թե միջազգային ընդունված, այլ այն իրավունքները, որի համար պատրաստ ենք ազգովին նվիրաբերել մեր անհատական ամենաթանկը կյանքում եւ պատրաստ ենք աջակից լինել մյուս ազգերին նույն իրավունքները պաշտպանելու համար:

  2. Armen says:

    Բանակի ոչ բոլոր սպաներն են եղել թալանչիներ, ոչ բոլոր գիտնականները՝ ձրիակերներ, մշակույթի ոչ բոլոր գործիչները՝ «նախկինների սպասավորներ», ոչ բոլոր դասախոսները՝ կաշառակերներ, դպրոցի ոչ բոլոր ուսուցիչներն են անգրագետ: Իսկ որ այս արատները եղել են համատարած և դեռևս կան ավելի փոքր ծավալներով ու քանակով՝ անառարկելի է: Հիմա պետք է հավանաբար որոշենք՝ այս երևույթները մեզ պետք են թե ոչ, իսկ միգուցե սրանց առկայությունն էր պատերազմից խուսափելու երաշխիքը: Եթե այդպես է ուրեմն հարկավոր է խթանել ու հովանավորել:

  3. Aha says:

    The problem is not that Nikol Pashinyan is an extreme populist but rather that – even after a historical defeat and the catastrophe of the 2020 war – the Armenian people have not evolved an iota in their political maturity and continue to want the head of state to remain the same populist that he always was. Just look at the content of Pashinyan’s speeches during the election campain of 2021: hammer, steel mandate, Baden Baden, asphalt, Robik you are nothing, previous thieves, etc. For an outsider parachuted into Armenia in May 2021, it would not even be clear that Armenia had gone through a war. This populism worked because that’s what people wanted.

    For the foreseeable future, it is clear that only through extreme populism can someone get elected in Armenia because there is no critical mass of people with the minimum political maturity threshold. The level of political debate will thus be extremely low and limited to ‘the price increase of vegetables’.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930