Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Հենրիխ Դանիելյանի գնահատմամբ, ընդդիմադիրների ցույցերի եւ երթերի ժամանակ ոստիկանությունն անհամաչափ բիրտ ուժ է կիրառում: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում, անդրադառնալով ոստիկանության գործողություններին, ընդդիմադիր երիտասարդը հայտարարեց, որ ոստիկանության նման կեցվածքը փաստում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է եւ հույսը դրել է ոստիկանության բիրտ գործողությունների վրա: Նա չի հասկանում, թե ինչո՞ւ է ոստիկանությունն այսպիսի կեցվածք որդեգրել, եթե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ընդդիմության գործողությունները նման են խցանման եւ իրեն չեն անհանգստացնում:
Հենրիխ Դանիելյանի փոխանցմամբ, ոստիկանության բաժանումներում էլ բերման ենթարկվածների նկատմամբ վերաբերմունքը տարբեր է. «Ոստիկանությունում կան սպաներ, ովքեր հարգում են իրենց ուսադիրները եւ իրենց պահում են օրենքի շրջանակներում, բայց կան նաեւ վայրագներ, ովքեր ամեն ինչի ընդունակ են, ոչնչի առջեւ կանգ չեն առնում՝ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար»:
Այն ոստիկանները, ովքեր չեն վարանում ձեռք բարձրացնել անգամ կանանց եւ երեխաների վրա, բանախոսի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի հետ միասին անպայման պատասխան են տալու օրենքի առջեւ՝ իրենց դրսեւորած վարքի համար եւ շատ մոտ ապագայում: Ընդդիմադիր երիտասարդը վստահեցնում է՝ ցուցարարները խաղաղություն են քարոզում եւ մշտապես հնչում է, որ ընդդիմադիրների խնդիրը Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարած քաղաքականության հետ է, ոչ թե ոստիկանների, մինչդեռ, հունիսի 3-ի դեպքերից հետո, 100-ից ավել մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներով, դիմել են բուժհաստատություններ. «Մեր ընկերներից մի քանիսն ունեն գլխուղեղային վնասվածքներ, մեր աղջիկներից մեկն ունի այրվածքներ՝ այդ կրակելուց հետո:
Ընդդիմադիրների նկատմամբ, ըստ բանախոսի, ռեպրեսիաները հասել են այն մակարդակի, որ անգամ ֆուտբոլային խաղերին են արգելում մասնակցել. «Ինձ օրերս եկել ձերբակալել են մարզադաշտի մոտից, որտեղ կանգնած սպասում էի, որպեսզի գնամ ֆուտբոլ նայելու եւ իմ երկրի ֆուտբոլի հավաքականի հաջողություններով ուրախանալու: Բիրտ ուժ չեն կիրառել, բայց ձեռնաշղթաներով տարել են՝ չբացատրելով, թե ո՞ւր են տանում»: Նա ընդդիմության համար, բացի մեր հավաքականի հաղթանակից, հաղթանակ է համարում նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը չեկավ խաղը դիտելու. ենթադրում է, որ պետք է գար, քանի որ հազարավոր կարմիր եւ սեւ բերետավորներ էին մարզադաշտը հսկում:
Կարդացեք նաև
Հենրիխ Դանիելյանը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսեւորում է համարում նաեւ երեկ՝ գինու փառատոնին, նրա մասնակցությունը տասնյակ թիկնապահներով:
ՀՀԿ երիտթեւի ղեկավարը վստահեցնում է՝ ընդդիմադիր շարժումը օր-օրի մեծանում է եւ հանուն երկու հայկական պետությունների պայքարը չի կարող սպառվել. պայքարը շարունակվելու է՝ մինչեւ հաղթանակ, իսկ այդ օրը տեսանելի է: Նա կոչ է անում բոլորին՝ դուրս գալ պայքարի, թեկուզ չմիանալով Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին, միայն թե համատեղ ուժերով հանել պետությունն այն ճահճից, որում հայտնվել է Նիկոլ Փաշինյանի ջանքերով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































