Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ի գործերից մեկով հայ դիմումատուն իրեն համարել էր «ԱԱԾ թակարդի զոհ»

Նոյեմբեր 04,2022 13:30

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնական էջը հաճախ է
թարմացվում վճիռներով, որոշումներով:

Այս տարին սկսվում է հունվարի 25-ի թվագրությամբ. «Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի» եւ՝ «Հայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործերով կայացված որոշումների, Պապյանի գործով՝ վճռի տեղեկացմամբ: Էջն ավարտվում է «Մանուկյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Աֆերիցյանն ընդդեմ Հայաստանի» գործերով՝ հուլիսի 28-ի թվագրությամբ կայացված որոշումների իրազեկմամբ:
Նախ, տեսնենք, ըստ թվագրության, այս 2022 թվականին ո՞ր գործերով են կայացվել որոշումներ, վճիռներ:

Փետրվարի 2-ին տեղադրված Բոթոյանի գործով տեղեկանում ենք, որ ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել՝ Կոնվեցիայի 8-րդ հոդվածի խախտում արձանագրելով:

Մարտի 16-ին ՄԻԵԴ ներկայացուցչի էջում տեղադրված «Ծիծեռնակ» ՍՊ ընկերության գործով գանգատը ճանաչվել էր անընդունելի: Նույն օրվա՝ «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի կայացրած որոշմամբ արձանագրվել է. «Միակողմանի հայտարարությամբ կառավարությունը, ընդունելով դիմումատուի իրավունքների խախտման փաստը, առաջարկել է 12 150 եվրո փոխհատուցում: Գանգատի մնացած մասն անընդունելի է համարվել եւ հանվել է քննվող գանգատների ցանկից»:

Ապրիլի 7-ին Փաշինյանն ընդդեմ Հայաստանի, մարտի 30-ին՝ Հակոբյանն ընդդեմ ՀՀ-ի գործով արձանագրվել էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում. վերջինիս վճարվելու է 12.000 եվրո, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Մայիսի 3-ին «Վոլոդյա Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացվել է որոշում: Հիշեցնեմ, որ արձանագրվել էր 3-րդ եւ 13-րդ հոդվածի զուգակցված 3-րդ հոդվածով խախտում, արդարացի փոխհատուցումը, ըստ ՄԻԵԴ-ի՝ 3,900 եվրո է։

Մայիսի 18-ին տեղեկանում ենք մի քանի գործերի մասին՝ Մայրապետյանի, Բալասանյանի, «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊ ընկերության, Նանա Մուրադյանի (Ճանաչվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: Արդարացի փոխհատուցումը 20,000 եվրո), Արա Արծրունու, Վահան Շիրխանյանի (արձանագրվել է 13-րդ, 3-րդ, 5-րդ հոդվածների խախտում։ Արդարացի փոխհատուցումը կազմում է 12,000 եվրո), Ամարիկյանի եւ՝ Դավթյանի:

Մայիսի 20-ին երեք գործի մասին ենք տեղեկանում՝ «Մազմանյանն ընդդեմ Հայաստանի», Տիրատուրյանի եւ Ղարիբյանի:
«Ծիծեռնակ» ՍՊ ընկերությունը, որի գանգատը մերժվել էր, «քաղաքական» աստառ չուներ, ընկերությունը զբաղվել է ռեստորանային բիզնեսով:

Ուշադրություն դարձնենք, գանգատը 2012 թվականից էր: Այն ներկայացրել էր փաստաբան Կարեն Մեժլումյանը: Ռեստորան-սրճարանի տարածքը հիսուն տարով վարձակալության էր տվել Երեւանի քաղաքապետարանը, սակայն կառավարության մեկ այլ որոշմամբ, այն հատկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին, այն նույն այգում, որը հատկացվել էր դիմումատուի սրճարանի համար:

Գործը հայաստանյան դատարաններում սկսվել է 2006 թվականից: 2011թ. Վճռաբեկ դատարանը բեկանել էր վարչական դատարանի որոշումը, մեկ տարի անց` 2012-ին սպառվել էր ներպետական պաշտպանության միջոցներից օգտվելը: Այս գործով որոշակի դրույթների սահմանադրականության հարցը ՍԴ-ում էր լսվել: ՄԻԵԴ-ի որոշումն այս տարվա հունվարի 20-ին է անգլերենով ծանուցվել մեր քաղաքացուն՝ դիմումատուին:

«Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով գանգատը ներկայացվել էր տասը տարի առաջ: Գանգատի մասին ծանուցվել էր Հայաստանի կառավարությանը: Այս տարվա ապրիլի 5-ին գրավոր, անգլերեն ծանուցվել է գանգատաբեր կողմին վճռի մասին:
Վճռից տեղեկանում ենք, որ այս գործով ՄԻԵԴ-ը երեք անգամ է խորհրդակցություն կատարել՝ 2021 թվականի մայիսի 27-ին, սեպտեմբերի 21-ին եւ այս տարվա՝ 2022թ. մարտի 15-ին: Խորհրդակցությունները եղել են փակ: Դիմումը վերաբերում է նրա որդուն, ով պարտադիր զինծառայության ժամանակ ենթադրյալ ինքնասպանություն էր գործել: Այս գործով արմավիրցի կնոջ երկու ներկայացուցիչները եղել են ճանաչված փաստաբաններ Մուշեղ Շուշանյանն ու Ռոբերտ Ռեւազյանը: Կառավարության ներկայացուցիչը՝ Ե. Կիրակոսյանն էր:

Դիմումատուի որդին 2009 թվականին էր զորակոչվել բանակ: Նա խնդիրներ չէր ունեցել համածառայակիցների հետ, մահվան օրը անհանգստության որեւէ նշաններ չեն նկատել, պնդել էին ցուցմունք տվածները: Զինվորի մայրը նախաքննության մարմնի գործողություններից է դժգոհ եղել, փորձաքննություններից: Ի դեպ, ըստ նախաքննության մարմնի, զինվորի զննության ենթարկված հագուստի վրա մեխանիկական վնասվածքներ նույնպես չեն հայտնաբերվել, դեպքի վայրում հայտնաբերվել էր զինվորական գոտի… Վարույթը կասեցվել էր, տուժող կողմը բողոքարկել էր դրանք դատական կարգով, չեն հայտնաբերվել անձինք, որոնց կարող էին մեղադրանք առաջադրել:
Ներկայացուցչի էջում մի շատ հետաքրքիր գործի մասին էլ կա, ՄԻԵԴ-ի որոշման, որն առնչվում է ԱԱԾ գործելակերպին, «գաղտնի գործակալի» գործողությունների պատճառով դիմումատուի անձնական կյանքի իրավունքը չհարգելուն: Ներպետական դատարաններում ապացույցների մեջ ներկայացվել էր նրան գաղտնի ձայնագրելու ձայնագրությունը:

Գանգատաբերը հղում էր կատարել ՀՀ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի մի քանի հոդվածներին, համաձայն որոնց. «Արտաքին դիտումը, առանց բնակարանի անձեռնմխելիության խախտման, անձանց հետեւելը կամ առանձին դեպքերի եւ իրադարձությունների ընթացքի վերահսկումն է բաց տարածությունում կամ հասարակական վայրերում` հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաեւ դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց: … Ներքին դիտումը բնակարանում հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետեւելն ու առանձին դեպքերի եւ իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաեւ դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց»: Իսկ գործող քրեական դատավարության օրենքով, քրեական դատավարության ընթացքում օգտագործվում են այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել քրեական դատավարության օրենսգիրք պահանջներին համապատասխան: Մինչդեռ, ըստ գանգատաբերի, նման բան տեղի չի ունեցել իր գործով: Ըստ գանգատաբերի. «Կոռուպցիոն բնույթի հանցանքում իրեն մեղավոր ճանաչելը հաստատվել է պրովոկացիայի միջոցով ձեռք բերված ապացույցներով»:

Ծիծաղելի է եղել ՀՀ կառավարության պատասխանը ՄԻԵԴ-ին. «Անձը գործել է սեփական նախաձեռնությամբ, նախապես չտեղեկացնելով իրավասու մարմիններին»:

Կոնվենցիայի վեցերորդ հոդվածի առաջին կետի համաձայն, յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի… տրիբունալի կողմից… արդարացի լսումների իրավունք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930