Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվեց շախմատի Հայաստանի չեմպիոնների ու մրցանակակիրների պարգեւատրումը

Հունվար 22,2023 19:25

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 78-րդ եւ տղամարդկանց 83-րդ առաջնությունների փակման եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը նշեց, որ առաջնությունները մեծ հետաքրքրություն էին առաջացրել նաեւ արտասահմանում, ինչի վկայությունն են դրանց ընթացքով հետաքրքրվող գործընկերների բազմաթիվ հեռախոսազանգերը արտերկրից։ Պարոն Լպուտյանը 2023 թվականին մեր շախմատիստներին բազմաթիվ  հաղթանակներ մաղթեց թե անհատական, թե թիմային մեկնարկներում։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը կանանց առաջնության մեդալակիրներին պարգեւատրելուց առաջ շնորհավորեց չեմպիոններին եւ մեդալակիրներին՝ հատուկ ընդգծելով, որ շախմատը մեր երկրում այն քիչ մարզաձեւերից է, որտեղ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը գնահատվում է որպես լուրջ ձեռքբերում եւ դա ուրախալի է։ Նա մաղթեց, որպեսզի հավաքականները համալրած շախմատիստները շարունակեն նոր հաղթանակներ տոնել եւ միջազգային հարթակներում միշտ բարձր պահեն Հայաստանի պատիվը։

Կարեն Գիլոյանը պարգեւատրեց կանանց Հայաստանի չեմպիոն, կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանին, որը հինգերորդ անգամ է նվաճում այդ կոչումը, արծաթե մեդալակիր, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանին եւ բրոնզե մրցանակը նվաճելով հաճելի անակնկալ մատուցած կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանին։

Արդեն Հայաստանի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանին, արծաթե մեդալակիր, ստեփանակերտցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանին եւ երրորդ տեղն զբաղեցրած գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանին պարգեւները հանձնեց Սմբատ Լպուտյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031