Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բակային դեմագոգիային չենք ուզում մասնակցել ». Տիգրան Խզմալյան

Սեպտեմբեր 06,2023 11:26

«Սրացումը սահմաններին ապացուցեց, որ մեր համոզմունքը ճիշտ էր, եւ քաղաքային ընտրություններն անքակտելի ու անբաժանելի են քաղաքական իրավիճակից, եւ փորձերը առանձնացնել Երեւանի ավագանու ընտրությունները՝ աշխարհաքաղաքական փոփոխություններից, սին են ու անիմաստ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածության ֆոնին՝ քաղաքական ուժերի քարոզարշավ անցկացնելու վերաբերյալ մեր հարցին:

«Մեր խնդիրներից մեկն է դիմադրել եւ դիմակայել այն ուժերին, որոնք Երեւանի ավագանու ընտրություններն օգտագործում են ռուսական ազդեցությունը, ներկայությունը ամրապնդելու համար: Մենք մեզ համարում ենք ժողովրդավարական դաշտի ներկայացուցիչներ, եւ մեր քարոզարշավի գերխնդիրն է ծառայել Հայաստանի եվրաինտեգրմանը»,-ասաց նա:

Պատասխանելով ՔՊ-ական պաշտոնյաների՝ քարոզարշավին մասնակցելու վերաբերյալ Aravot.am-ի հարցին, այն դեպքում, երբ նրանք արձակուրդում չեն, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահն այսպես արձագանքեց. « Տպավորություն է, որ միջոցները մեծ հաշվով նույնն են, ինչ նախկինում: Իրենք օգտագործում են գրեթե նույն լծակները: Պարզապես ես վստահ չեմ, որ այս պատերազմական իրավիճակում որեւէ պաշտոնյա բարոյական իրավունք ունի արձակուրդ վերցնել եւ զբաղվել միայն քարոզարշավով: Նրանք պարտավոր են գիշեր-ցերեկ մնալ աշխատատեղերում: Իմ կարծիքով լավագույն քարոզարշավը աշխատանքն է: Դա է պատճառը, որ մենք բակային դեմագոգիային չենք էլ ուզում մասնակցել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930