Երեւանի նախկին քաղաքապետ ու այժմ «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակով քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը երեկ ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել․ «Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի է հրավիրել Երևանի քաղաքապետի թեկնածուներին՝ հայտարարելով, թե իբր երաշխավորում է բանավեճի անկողմնակալությունը և բազմակողմանիությունը։
Մեզ ներկայացված հրավերի մեջ նշվում է, որ բանավեճը վարողներից մեկը Հ1-ի լրատվականի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանն է։ Մարդ, որը հատկապես վերջին տարիներին իշխանության օգտին իր կողմնակալ վերաբերմունքով ճանաչված է որպես թիվ 1 իշխանական պրոպագանդիստ՝ «հայկական Սոլովյով»։ Հաղորդավար, որը հատկապես նախընտրական այս շրջանում ոտնահարել է լրագրողական օբյեկտիվության բոլոր նորմերը՝ ակնհայտորեն առաջ մղելով իշխանական օրակարգը։ Բառացիորեն օրերս նա իր հարցազրույցներից մեկում զրպարտել է ինձ՝ որպես իրականություն ներկայացնելով իշխանական մեդիայի տարածած կեղծ թեզերը։
Բացի դրանից, Պ․ Ղազարյանն առանց ողջամիտ բացատրության որոշել է, որ նախընտրական քարոզչության վերջին օրը՝ սեպտեմբերի 15-ին, հարցազրույցի է հրավիրելու իշխանական թեկնածուին՝ սրանով ևս առավելություն տալով վերջինիս։ Սա այն դեպքում, երբ ընտրությունների հայտարարման օրը կրկին, չգիտես ինչ տրամաբանությամբ, հրավիրել էր իշխանական թեկնածուին։
Հետևաբար, Պետրոս Ղազարյանի վարած որևէ միջոցառում համարում ենք իրական բանավեճի իմիտացիա, ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ նա չի կարող անկողմնակալ մոդերատոր լինել, և համոզված ենք, որ նրա մասնակցությամբ բանավեճը վերածվելու է իշխանական պրոպագանդայի հերթական սեանսի։
Կարդացեք նաև
Ուստի հայտարարում ենք, որ կընդունենք Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի հրավերը միայն այն պայմանով, որ դրա վարողների մեջ չի լինի իշխանական պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանը:
Հ. Գ. Տեսանյութում՝ իշխանական ստերից մի հատված՝ Պետրոսի կատարմամբ: Անկախ դիտորդական կազմակերպությունների զեկույցը Հ1-ի լուրերի կողմնակալության մասին։
Հանրային հեռուստաընկերությունն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ․
Ի պատասխան Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի հրապարակման՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է.
«Նախընտրական բանավեճերն իրականացվում են ՀՀ ընտրական օրենսգրքի խիստ պահպանմամբ, միջազգային չափանիշների ու լավագույն փորձի կիրառմամբ և նախօրոք ներկայացված հստակ ձևաչափով:
Նախորդ ընտրություններին կազմակերպված բանավեճերին Հանրային հեռուստաընկերության կողմից ընտրված մոդերատորը պահպանել է բանավեճի արդարության և հավասարության կանոնները, ապահովել հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար:
Հանրային հեռուստաընկերությունն այս ձևաչափի շրջանակում որևէ քաղաքական ուժից մինչև օրս չի ստացել բացասական արձագանք մոդերատորների թերի կամ կողմնակալ աշխատանքի վերաբերյալ:
Կարևոր է, որ Հայկ Մարությանին առաջադրած կուսակցության ներկայացուցիչները երեկ մասնակցել են բանավեճին ընդառաջ կազմակերպված բացատրական հանդիպմանը, որտեղ էլ բանավոր հաստատել են իրենց մասնակցությունը բանավեճին։
Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների խմբագրությունը Հայկ Մարությանին հրավիրել է նաև «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» ծրագրին, ինչին ի պատասխան կուսակցությունն առաջադրել է նախապայման՝ կմասնակցեն հեռուստաբանավեճին միայն այն դեպքում, եթե Հայկ Մարությանը Պետրոս Ղազարյանին հյուրընկալվի քարոզարշավի վերջին օրը։
Հանրային հեռուստաընկերության համար նախապայմաններն անընդունելի են, և մենք շարունակում ենք բաց պահել Հայկ Մարությանին հարցազրույցի և բանավեճի հրավերը, որի նպատակն է օգտագործել Հանրայինի հարթակը սեփական ծրագիրը ներկայացնելու համար»։


















































