Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր գծերի» ճոճանակը

Դեկտեմբեր 27,2023 10:00

Հասարակական տրամադրությունները նման են ճոճանակի՝ դրանք որոշակի ռիթմով հասնում են մի «բարձրակետի», որից հետո գնում են հակառակ ուղղությամբ՝ դեպի հավասարակշռության «հակառակ կետը»: Մեկ այլ հայտնի համեմատություն է ծովը՝ իր մակընթացություններով եւ տեղատվություններով:

Լավ օրինակ է Ռուսաստանը, որտեղ 2014 թվականին կար էյֆորիա՝ Ղրիմը բռնազավթելու կապակցությամբ: Այդ «օպերացիան» քիչ թե շատ «խաղաղ» անցավ, եւ տեւեց մի քանի օր: Երկու տարի ձգվող պատերազմը, բնականաբար, նման զգացմունքներ չի կարող առաջացնել, եւ ռուսաստանցիները վաղ թե ուշ, մեղմ ասած, կհոգնեն պատերազմից ու իրենց դժգոհությունը կհայտնեն:

Նույն օրինաչափությունը գործում է ցանկացած հասարակության պարագայում: Ամերիկացիներն, օրինակ, տատանվում են «Ամերիկան ազատ աշխարհի առաջնորդն է» եւ «Մնացած ազատ ու ոչ ազատ աշխարհի հանդեպ մենք անտարբեր ենք» երկու «բարձրակետերի» միջեւ: (Հիմա, կարծես թե, երկրորդի հերթն է):

Երեւանյան «կարմիր գծերի» պատմությունը այդ ճոճանակի հայաստանյան դրսեւորման մասնավոր դեպքն է: Հիշո՞ւմ եք, որ 2012 թվականից ի վեր, երբ Երեւանում հայտնվեցին «կարմիր գծերը», ֆեյսբուքյան ցանկացած «ակտիվիստ» իր պարտքն էր համարում հայհոյանք գրել այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հասցեին՝ այդ «գծերի» հետ կապված տուրքերի կապակցությամբ: Հիմա այդ հարցի շուրջ որեւէ «ակտիվիզմ» չկա, բացի, թերեւս, վարորդական փակ խմբերում բողոքներից:  Ուրեմն, խնդիրն այն չէ, թե ինչպիսի քաղաքական տեխնոլոգիաներ են կիրառվում Երեւանի ավագանիում՝ ինչպե՞ս, ինչո՞վ է հաջողվում շահագրգռել «Հանրապետություն» կուսակցությանը եւ «Հանրային ձայնին»: Դա երկրորդական հարց է: Շատ ավելի կարեւոր է այն փաստը, որ մինչեւ 2018 թվականը երեւանցիները պատրաստ չէին «կարմիր գծերի» համար տարեկան 12 հազար դրամ վճարել, իսկ հիմա դեմ չեն մուծել 160 հազար դրամ քաղաքի կենտրոնում եւ 24 հազար հազար դրամ՝ ոչ կենտրոնում կայանելու համար:

Այո, շատ հնարավոր է, որ մինչեւ հեղափոխությունը «կարմիր գծերի» կամ «Սաշիկ 50/50»-ի դեմ տարվող ժամանակակից լեզվով ասած, հայփը (hype` աղմուկ, «բոլոլա») կազմակերպված էր, ֆինանսավորված էր, ուղղորդված էր: Բայց վստահ եմ, որ հիմա նույնիսկ ամենահանճարեղ քաղտեխնոլոգները, անգամ անսպառ նյութական ռեսուրսներով չեն կարողանա նույնատիպ շարժում կազմակերպել ոչ միայն «կարմիր գծերի», վերջին հաշվով՝ երկրորդական խնդրի շուրջ, այլեւ շատ ավելի ճակատագրական թեմաներով:

Այստեղից մենք կարող ենք եզրակացնել, որ տեղի է ունենում հասարակական ակտիվության «տեղատվություն»: Այդպես է լինելու՝ մինչեւ որ այս շրջափուլը չավարտվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Երևանի ավագանու ընտրություններին քպ-ի կարգախոսն էր “Ասեք – կանենք”։ “Կարմիր գծերի” կատաստրոֆիկ թանկացնելը քպ-ական ավագանու կողմից ապացուցեց, որ քպ-ի իրական կարգախոսն է եղել “Ասեք, իսկ մենք ինչ ուզենք, կանենք”։ Ու այսքանից հետո երևանցիների կողմից ոչ մի բողոք, ոչ մի ցույց։ Սա նշանակում է բնակչության ընկճախտ և դեգրադացում։ Սպասենք, թե հեղինակի նշած հասարակական ակտիվություն “տեղատվությունը” երբ կվերջանա։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031