Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ առումով ներազդող գործոն էր Հանրային խորհուրդը: Կային քննարկումներ, կարծիքների բախումներ, դա օգտակար էր. Հայկ Դեմոյան. «Հրապարակ»

Հունվար 17,2024 10:47

Արդեն շուրջ 3 տարի կառավարությանը կից խորհրդակցական մարմինը՝ Սահմանադրությամբ նախատեսված Հանրային խորհուրդը, փաստացի չի գործում։ Թեմայի առնչությամբ զրուցել ենք ՀԽ նախկին անդամ՝ պատմաբան Հայկ Դեմոյանի հետ։

«Ես Հանրային խորհրդի անդամ եմ եղել 2009-2017 թթ․։ Հետագայում, երբ մեկնեցի ԱՄՆ, դրանից հետո նոր կազմ եղավ, այսինքն՝ թարմացվեց կազմը, եւ խորհուրդը գործում էր։ Թե ինչ են քննարկել, ինչ հարցերի վրա են ներազդել, ես դա չեմ կարող ասել։ 2009 թվականի գործունեության մասին կարող եմ ասել․ որքան էլ Հանրային խորհուրդը քննադատվեց, որքան էլ որակվեց անօգուտ կառույց, բայց, այդուհանդերձ, ինչ-որ առումով ներազդող գործոն էր Հանրային խորհուրդը։ Հիշենք․ օրինակ, հեռուստաեթերի հետ կապված, առաջին անգամ բարձրաձայնվեց, նույնիսկ ստիպեցինք խարտիա ստորագրել, բայց հետո ամեն ինչ վերադարձավ նույն վիճակին։ Շատ հարցերում խորհրդակցական ձայն է ունեցել` կարեւոր։ Ես չեմ ուզում դրա կարեւորությունը, նշանակությունը կամ ներազդման գործակիցը չափազանցնել, բայց ամեն դեպքում կային քննարկումներ, կարծիքների բախումներ եւ այլն, դա օգտակար էր, քանի որ ավելի լավ էր այդպիսի բաներ լինեին, քան թե չլինեին»,- ասաց Դեմոյանը։ Իսկ ինչո՞ւ հիմա ՀԽ-ն չի գործում, ինչո՞վ էր դա խանգարում իշխանություններին։

«Հանրային խորհրդի բացակայության տրամաբանությունը բխում է իշխանության կազմակերպման՝ այդ անձանց տրամաբանությունից․ որեւէ խորհրդակցական մարմին, մարդկանց տեսակետների ներկայացում չպետք է լինի։ Տեսեք՝ եթե, օրինակ, հիմա լիներ Հանրային խորհուրդը, ապա հաստատ կքննարկեր պատմության դասագրքերի հարցը՝ որպես հանրության շահերը բավականին լուրջ շոշափող, բավականին մեծ հանրային քննարկում ունեցած երեւույթ։ Չկա Հանրային խորհուրդը, չկա եւ այդպիսի քննարկում»,- ասաց Դեմոյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031