Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենից վտանգավոր պահն այն է, որ զոհերի անվանացանկը ու նման անվանացանկ կազմելն է համարվում «Ցեղասպանության հետ կապված իրական հիմք». «Փաստ»

Ապրիլ 16,2024 09:00

Բառացի ու տառացի մեջբերենք քպականի խայտառակ ու աղմկահարույց հայտարարության ամենից կարևոր հատվածը. «Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ հասկանալու համար Ցեղասպանության ոչ թե, ը-ըը, այլ ավելի առարկայական դարձնել Ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ, ը-ըը, ցա՛նկը: Որովհետև մինչև հիմա մենք անվանական էդ ցանկն էլ չենք կարողացել հավաքել և պետք ա կենտրոնանանք էդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար…»:

Ամենից առաջ՝ ի՞նչ է նշանակում «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել…» ձևակերպումը, որպիսի նպատակ, ըստ կարկառունի, ունի Նիկոլ Փաշինյանը:

«Շան գլուխը», նախևառաջ, այդ արտահայտության տակ է թաղված: Այսինքն, ըստ Փաշինյանի ու նրա հավատավոր զինակցի (զինակիցների), Հայոց ցեղասպանության հետ կապված՝ մեկ դարից ավելի կուտակված ապացուցողական, փաստաթղթային, պատմական, գիտահետազոտական ահռելի հենքը հե՞չ, զոհերի անվանացա՞նկն է իբրև թե «իրական հիմքեր կառուցելու»: Ինչպիսի անհեթեթություն:

… Իսկ այդ թեման համարձակվում է բարձրաձայնել ներկայացուցիչը մի իշխանության, որը այդպես էլ չի հրապարակել իրենց իսկ հրահրած (լեգիտիմացրած) 44-օրյա պատերազմում իրենց իսկ կառավարության որոշումների ու քայլերի հետևանքով կոտորածի մատնված հազարավոր հայ տղաների, ՀՀ քաղաքացիների անվանացանկը: Մինչ օրս թաքցնում ու չեն հրապարակում այդ տվյալները: Ու մեկ էլ, հո՛պ, հանկարծ հիշել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների անուն-ազգանունների մասին:

… Ի լրումն՝ ուղղակիորեն սրբապղծություն է, քանզի, կրկնենք, խոսքը սրբադասված նահատակների մասին է: Պատմականը: Նախ՝ կան բազմաթիվ գիտական հետազոտություններ, պատմական անհերքելի փաստեր, իրողություններ, ու ոչ ոք մեղավոր չէ, որ քպականները կամ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանը անտեղյակ են այդ ամենից կամ այդպիսին են ձևանում:

… Հիմա ինչպե՞ս, ի՞նչ արխիվների հիման վրա են քպականները փորձում անվանացանկ պարզել: Բնականաբար, մի շարք տվյալներ, անուններ, անվանացանկեր պահպանվել են տարբեր աղբյուրներում: Նման օրինակ եղավ 21-րդ դարի սկզբներին, երբ հրապարակվեցին «Նյու Յորք լայֆ ինշուրանսի» տվյալները՝ օսմանյան կայսրության տարածքում կյանքի ապահովագրում արած հայերի վերաբերյալ: Մյուս կողմից՝ թուրքական իշխանությունները ոչ թե պարզապես բնաջնջել են հայերին, այլև ոչնչացրել են եկեղեցիները, ծխական մատյանները (որոնցով կարելի կլիներ անվանական տվյալներ ճշտել), այլ փաստաթղթեր: Ըստ որում, թուրքական արխիվները ոչ մի պարագայում դիտարկելի չեն, քանի որ անցած 100 տարվա ընթացքում դրանք իրարահաջորդ թուրքական իշխանությունները հնարավորինս «մաքրել» են՝ ոչնչացնելով իրենց աններելի հանցանքի հետքերը: Առհասարակ, թշնամական սրբագրված արխիվները չեն կարող որևէ հիմք ծառայել:

Ճիշտ է, անվանապես բոլոր զոհերի անունները հավաքելու և հրապարակելու փորձեր եղել են: Ըստ վկայությունների, օրինակ՝ 15 տարի առաջ մի քանի հարյուր օրինակով անգամ նման գիրք է հրապարակվել: Այնուհանդերձ, ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի լիարժեք անվանացանկ կազմելը, այն էլ՝ ավելի քան 109 տարի անց, գրեթե անհավանական բան է: Մանավանդ, ախր, այդ ո՞ր պետության մասին ենք խոսում՝ Թուրքիայի՞: Կամ՝ ենթադրենք՝ տվյալները հավաքեցին ու կարողացան ստույգ պարզել, օրինակ՝ 853446 զոհի անուն-ազգանուն: Դրանից ինչ որ բա՞ն է փոխվելու:

… Այսինքն, ստացվում է՝ եթե հնարավոր լինի «նույնականացնել», ասենք՝ 500 հազար կամ վերը նշված պայմանական 853446 անձի տվյալ, ուրեմն՝ այդքա՞ն զոհ է եղել Ցեղասպանության արդյունքում:

Ամփոփելով՝ կրկնենք. իր քպականի միջոցով Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիմնական կամ ամենից վտանգավոր պահն այն է, որ զոհերի անվանացանկը ու նման անվանացանկ կազմելն է համարվում «Ցեղասպանության հետ կապված իրական հիմք»:

Այն, ինչ կատարվել է, անժխտելի փաստ է, ըստ որում՝ այդ ժամանակվա դիվանագիտական ներկայացուցիչների վկայություններով հաստատված, մի քանի տասնյակ պետությունների, միջազգային կառույցների կողմից ճանաչված ու դատապարտված: Ու այդ ամենն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իբր թե՝ իրակա՞ն չէ: Բայց, այ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները անվանացանկ կազմեն, դա՞ է լինելու «իրական հիմք»…

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930