Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանշանակ պետք է մոռանալ Հայփոստի շենքը քանդելու մասին»․ Վիկտոր ՄՆացականյան

Հուլիս 07,2024 21:48 Share

Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստի» շենքը կօտարվի «Ռենշին» ընկերությանը՝ «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու համար։

Օրերս ՀՀ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում ՀՀ կառավարությունն ընդունել է մի որոշում, համաձայն որի՝ տրվել է «Երեւան քաղաքի Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու եւ պետության սեփականությունը հանդիսացող հողամասը (13200.54 քմ) ուղղակի վաճառքի ձեւով օտարելու համաձայնություն»: Մասնավորապես, կառավարությունը հավանություն է տվել այդ տարածքում «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Համաշխարհային առեւտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին։

Aravot.am-ը «Հաղթանակ» կուսակցության նախագահ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանից հետաքրքրվեց՝ ՀՀ կառավարության այս որոշումը խնդրահարույց չի՞ համարում, նա նշեց․ «Կան խնդիրներ քաղաքաշինական, Երևանի ինքնության, Երևանի պատմամշակութային առումով և, ընդհանրապես, ամենակարևորը՝ նաև կոռուպցիան։ Առաջին՝ պատմամշակութային առումով Հայփոստի շենքը Երևանի կարևոր և շատ ինքնատիպ շենքերից մեկն է, որը գտնվել է ամենակարևոր բարձունքներից մեկի վրա՝ Բուլվար թաղամասի, թունելների վերևում։ Հեղինակն Էդուարդ Սարապյան է։ Նա Երևանի երկարամյա  ամենաճանաչված, ամենահարգված ճարտարապետներից է, երկար ժամանակ եղել է գլխավոր ճարտարապետի տեղակալ, ապա նաև Երևանի քաղաքի գլխավոր ճարտարապետ։  Այսինքն՝ Երևանի գլխավոր ճարտարապետի արած աշխատանքն ինչ-որ կառուցապատողներ ուզում են քանդել, որոնք ուզում են արագ փող աշխատել, համոզել են ինչ-որ էկոնոմիկայի նախարարությանը,  նախարարությունն էլ համոզել է ինչ-որ փոխվարչապետի, ինչ-որ փոխվարչապետ համոզել է ինչ-որ վարչապետի։ Էլ չեմ ասում, որ Երևանի քաղաքապետին ընդհանրապես բանի տեղ չեն դնում, որովհետև երևի նա տեղում չէ։ Հասկացել են՝ ինչ ուզեն, կարող են քաղաքի գլխին անել»։

Վիկտոր Մնացականյանը հիշեցրեց՝ նույն կերպ ժամանակին Երիտասարդական պալատը ինչ-որ հիմար մի հիմնավորմամբ քանդեցին․ մինչև հիմա չունենք․ «Այսինքն՝ դու լծակ չունես հետևելու, թե ինչ կլինի։ Միանշանակ պետք է մոռանալ «Հայփոստի» շենքը քանդելու մասին։ Այսինքն՝ թող  ապակիները փոխեն, ինչ-որ նորություններ մտցնեն, շենքն ամրացնեն, բայց շենքին ընդհանրապես չկպչեն։ Հետևում կարող են կառուցել դրա նման մի շենք ևս։ Դրա համար կա Քաղաքաշինական խորհուրդ, թող հրավիրեն լավ ճարտարապետների, Երևանում կա Ճարտարապետների միություն, թող նա էլ կենդանության նշան տա, Ճարտարապետաշինարարական համալսարանը, ճարտարապետական գրասենյակներ, մշակույթի նախարարությունը, թող խոսեն։ Մեկն ուզում է մի մարկիզա կպցնել, մշակույթի նախարարությունը միլիոնանոց բիզնեսի գլխին կանգնում, չի թողնում, որ սրճարանում մարկիզա կպցնեն, այն դեպքում, երբ Երևանի կիզիչ արևին առանց դրա չի լինի, բայց որ պատմամշակութային շենք են ուզում քանդել, ձայն չկա, որովհետև բոլորն էլ տնավարի որոշումներ են կայացնում, ինչը սխալ է»։

Վիկտոր Մնացականյանը վրդովվեց՝ թող մեկը՝ քաղաքապետարանից կլինի, «Երևաննախագծից» կլինի, ստորագրեն, ասեն՝ Էդուարդ Սարապյանի «Հայփոստի» շենքը լավը չէ, չի ծառայում իր նպատակին․ «Մենք էլ ենք ուզում՝ ներդրումներ լինեն։ Կոնդում գրագետ ներդրումային ծրագիր արեք, ավարտեք, բայց ոչ բարձրահարկ։ Կառուցապատողի շահ են ներկայացնում․ էկոնոմիկայի նախարարն ո՞վ է, որ որոշի՝ Երևանի պատմական տեսքը մնա՞, թե՝ ոչ։ Ինքը թող լավ բաներ անի, թող գնա, ուրիշ տեղերում անի․ Երևանի պատմամշակութային շենքերի կամ պատմական թաղերի հետ ի՞նչ գործ ունի։ Եթե իրոք տենց ուժեղ էկոնոմիկայի նախարար ես, հասկացա՝  հիմա ավելի ուժեղ ես, քան քաղաքապետը, հիմա ավելի մոտիկ ես վարչապետին, գնացեք, ուրիշ տեղեր արեք, Երևանի շուրջբոլորը զրոյից ստեղծեք, մենք միայն ուրախ կլինենք, կօգնենք։ Մեկը ծառ է կտրում, մեկը շենք է քանդում, մյուսը կորտեր է քանդում, ով ինչ ասես՝ անում է։ Տենց չէ, երևանցիները չեն թողնի, որ նման բաներ կատարվեն»։

Վիկտոր Մնացականյանը մտահոգված է՝ Երևանի քաղաքապետարանը Հայաստանի պատմության մեջ երբևէ նման կոռուպցիոն սկանդալներում ու իրավիճակում չի եղել․ «Հիմա քաղաքապետարանում չկա մի վարչություն, որը չառնչվի կոռուպցիայի հետ։ Այսօր քաղաքապետարանում չեմ ճանաչում մի մարդ, որն ուրբանիստ լինի․ այսինքն՝ հարցին նայի ոչ թե միայն ճարտարապետական, քաղաքաշինական, այլ քաղաքի զարգացման տեսանկյունից, քաղաքի  պատմական հիշողության, Երևանի ինքնատիպություն պահելու տեսանկյունից»։

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը փաստեց՝ «Հայփոստի» շենքը Երևանի ամենասիրուն շենքերից է․ «Այն արդեն բարձր գոտում էր դրվել և թունելների վերևում։ Էդտեղ ընդհանրապես ինչ անես, տասն անգամ ավել պետք է մտածես ու միջազգային փորձագետներով և այլն։ Իսկ այս դեպքում փորձագետներ, հետազոտություններ չկան, վերլուծություն չկա, ու ամենակարևորը, էս մարդիկ այդ կարողությունները չունեն, որ ես իրենց  վստահեմ, որ Կոնդ սարքեն։ Իհարկե, Կոնդը պետք է ինչ-որ մասով թարմանա, բայց ոչ բարձրահասակ, ոչ բնակիչների հաշվին։ Ինքնատիպությունը պետք է պահպանվի։ Իսկ այս մարդիկ գիտեն՝ այսօր կան, վաղը բռնվելու են, կորչեն գնան, դրա համար էլ ուզում են արագ-արագ գումար աշխատեն։ Մենք չենք վստահում այդ կատարողներին, որովհետև այդ  մարդիկ անընդհատ ինչ-որ սկանդալների մեջ են։ Քաղաքաշինական առումով սխալ է, մշակութային, պատմամշակութային առումով՝ ևս, ընդհանրապես մասնագիտական առումով թույլ են։ Կառավարությունը թող տղամարդկություն ունենա, հրավիրի մասնագետներին՝ մենք գանք, բացատրենք, թե ինչու չի կարելի նման բաներ անել»։

Մեր այն փաստմանը՝ Երևանի քաղաքապետարանն առաջարկել է այս պահին ձեռնպահ մնալ քննարկվող տարածքը հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացից՝ Վիկտոր Մնացականյանն այսպես արձագանքեց․ «Ուրեմն մոլոդեց իրենց, մի հատ իմ կողմից պլյուս, եթե ֆայմել են, դուխները հերիքել է։ Իր քաղաքում էկոնոմիկայի նախարարությունը կամ փոխվարչապետերը ովքե՞ր են, որ պետք է բան որոշեն իր տեղը։ Թող վերաիմաստավորեն շենքը, ամրացնեն, բայց ոչ թե քանդեն։ Կոնդը Երևանի ամենամեծ, ամենահին ու պատմական թաղերից է, բայց նույնիսկ այգի, դեղատուն չունի, հասարակական տարածք չունի, իսկ ինքը բարձրություն է, և այնտեղ մեծ տոկոս տարիքով մարդիկ են, աստիճաններով գնալ-գալու հնարավորություն չունեն, տաքսի կանչելու հնարավորություն չունեն։ Թող այդ դաշտի հետևում քաղաքին նվեր անեն, մի հատ ֆուտբոլի դաշտ սարքեն։ Լսե՞լ եք, որ այսքան ժամանակ մեկը ֆուտբոլի դաշտ սարքի։ Հարյուրավոր կառուցապատողներ կան, մեկն ուզե՞լ է քաղաքին նվեր անել։ Մենք  այսպես մրցակցային, մարդամոտ քաղաք չենք ունենա։ Ունենալու ենք շատ հարուստների ու շատ աղքատների  քաղաք, որը թքած ունի իր քաղաքի պատմության և ինքնության վրա»։

Վիկտոր Մնացականյանի համար մտահոգիչ է, որ Երևանում վերջին վեց տարվա մեջ ոչ մի բան նվեր չտվեցին, հիմա ինչ-որ կասկածելի ընկերության են տալիս․ «Արդեն այդ ընկերությունը մի խնդիր ունի։ Դավթաշենի կամրջի կողքի շենքերը լավն են, բայց ասենք՝ Օրբելիում՝ զինվորական հոսպիտալի նախկին շենքի տեղում ուզում են 30 հարկանի շենք սարքել։ Հասկանո՞ւմ եք՝ Արաբկիրը Կենտրոնից արդեն հարյուր մետր բարձրության վրա է, եթե 30 մետր էլ դնեն․․․․Երևանում ամեն չորս հարկից հետո ամեն մեկ հարկի համար պետք է լուրջ քննարկում լիներ, բայց ոչ մի բան չկա։ Հիմա արդեն 30 հարկի մասին են խոսում։ Պատկերացնո՞ւմ եք Այգեձորի, Կիևյանի գլխին էդ 30 հարկը։ Երևանը դառնալու է տգեղ մի տարածք։ Ով ոնց կարողանում է, քերում է։ Քաղաքաշինական խորհրդում էդ 5 հոգին ովքե՞ր են։ Ո՞վ է ստորագրում, որ Երևանում պետք է այդ գեղեցիկ հոսպիտալի շենքի կողքին 4 հատ 30 հարկանի լինի։ Արդյոք դա սիրո՞ւն է, թե՝ ոչ։ Քաղաքաշինական խորհո՞ւրդն է խորհուրդ տալիս քաղաքապետին, որ «Հայփոստի» շենքը քանդեն։ Սա անդառնալի է։ Եթե Արաբկիրում, Նորքում են անում բարձր հարկեր, հասկանալի է, բայց Կենտրոն, Արաբկիր չի կարելի անել․ չափ կա։ Այսինքն՝ 14 հարկից վերև հրդեհ հանգցնող մեքենա չունես, 4 հատ 30 հա՞րկ ես սարքում, մանավանդ, որ ամեն պահի կարող է պատերազմ լինել։ Ո՞վ է դրա պատասխանը տալու»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031