Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անչափ ուրախ եմ, որ մեր բալետային արվեստը մտավ մի նոր փուլ և երկար ու հետաքրքիր ճանապարհ է անցնելու». խորեոգրաֆ Ռիմա Պիպոյան

Հունիս 19,2025 17:07

Չեն դադարում մասնագետների և բալետարվեստի սիրահարների արձագանքները վերջերս Թումանյանի անվան զբոսայգում երրորդ անգամ անցկացված «Երևանի բալետի փառատոնի» մասին: Aravot.am-ը անդրադարձել էր հինգ օր Մոսկվայի «Բոլշոյ», Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» ու Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնների ներկայացրած բեմադրություններին: Ի դեպ, այդ օրերին , մեր դիտարկմամբ, ներկա է եղել շուրջ ութսուն հազար հանդիսատես:

Հիշեցնենք, որ «Բոլշոյ», «Մարիինյան» թատրոնները հանդես եկան «Ժիզել», «Շոպենիանա», «Շեհրազադե» ներկայացումներով և Գալա-համերգներով, իսկ Երևանի թատրոնը «Բոլերո Իքս» ու «Սրբազան գարուն» բալետների պրեմիերաներով:

 

Մի փաստ արձանագրենք՝ մինչ օրս չեն դադարում հիացական խոսքուզրույցները հատկապես Երևանի թատրոնի ներկայացումների առիթով, որոնք բեմադրված են ժամանակակից խորեոգրաֆիայով: Մենք զրույցի հրավիրեցինք ճանաչված խորեոգրաֆ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի «Մոդեռն պար» բաժնի հիմնադիր-վարիչ Ռիմա Պիպոյանին, որն ավելի շատ բեմադրություններ է իրականացրել արտասահմանում: Մի բան էլ, այդ խոսքուզրույցների ընթացքում հնչում են շնորհավորական արտահայտություններ, ինչը հաճախ չենք հանդիպում հայաստանյան պրեմիերաներից հետո:

Ռիմա Պիպոյան

Այս առումով բացառություն չէր մեր զրուցակցի՝ Ռիմա Պիպոյանի խոսքը. «Ցանկանում եմ սկսել շնորհավորանքի ու շնորհակալության խոսքով, այս երկու, արդեն իսկ աշխարհում հայտնի՝ Շահար Բինյամինիի բեմադրությամբ Բոլերո Իքս (Bolero X) և Էդվարդ Կլյուգի բեմադրությամբ Սրբազան Գարուն (Le sacre du printemps) ժամանակակից բալետները Հայաստանում իրականացնելու համար, ի դեմս Ալ․ Սպենդիարյանի անվ Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի, բոլոր կազմակերպիչների, ներգրավված աշխատակիցների և արտիստների։ Այս իրադարձությունը մեծ տոն էր մեր հայ իրականության մեջ, կարելի է ասել, մարտահրավեր բալետի արտիստների և նվագախմբի համար։ Այստեղ պետք էր կոտրել ոչ միայն ձևեր ու չափեր, այլև կարծրատիպեր։ Ես անչափ ուրախ եմ, որ մեր բալետային արվեստը մտավ մի նոր փուլ և երկար ու հետաքրքիր ճանապարհ է անցնելու, ուրախ եմ, որ մեր հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ տեսնելու ու ապրումակցելու այսօրվա զարկերակային ժամանակակից բալետային գործերից երկուսին»։

Մասնագետին խնդրեցինք երկու բեմադրությունների մասին հայտնել մասնագետի իր խոսքը լայն լսարանի համար, ինչը ներկայացնում ենք առանց միջամտության: «Ստրավինսկու «Սրբազան Գարուն» բալետը, որի առաջնախաղը տեղի է ունեցել 1913 թ․ Փարիզում՝ Վացլավ Նիզինսկու բեմադրությամբ, Սերգեյ Դյագիլևի Եվրոպայում կազմակերպած Ռուսական սեզոնների ժամանակ՝ դատապարտված էր բացարձակ անհաջողության, սակայն մինչ օրս բալետը համարվում է աշխարհում ամենաբեմադրված և պահանջարկ ունեցող գործերից մեկը։ Ստրավինսկու այս բալետի երաժշտությունն իրոք հանճարեղ է՝ իր բազմաշերտությամբ, խորությամբ, ռիթմային հարստությամբ, և կատարման իմաստով բարդագույն գործերից է։ Երջանկություն է այն լսել կենդանի և ունենալ այն մեր խաղացանկում։

Իսկ Էդվարդ Կլյուգի բեմադրությամբ «Սրբազան Գարուն» բալետի այս տարբերակը շատ հաջող է ստացվել։ Հեռու չգնալով բալետի գլխավոր գաղափարից՝ բեմադրիչը տարածության մեջ ստեղծել է երաժշտական ու երկրաչափական հստակ խորեոգրաֆիկ պատկերներ, որի շնորհիվ զարգացնում է սյուժետային գիծը։ Շարժումները հիմնականում ստատիկ են, լակոնիկ, կտրուկ ու լարված, այստեղ հստակ խորեոգրաֆիկ ձեռագիր է երևում, հմուտ վարպետի, ռեժիսորի աշխատանք, որի միջոցով զգում և ապրումակցում ես կերպարներին։ Մեր բալետի արտիստները մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ էին մոտեցել այս բարդ աշխատանքին, ինչի շնորհիվ նրանց կատարումը իրոք հաջողել էր։

Այս բեմադրության մեջ հարկ է նշել նաև ջրի առկայության գործոնը, որի վիզուալ հրաշալի էֆեկտ էր ստեղծում, և ստիպում հանդիսատեսին ամբողջությամբ ընկղմվել գործողության մեջ։ Սա նույնպես տեխնիկական մի բարդ հնարք էր, որը թատրոնի տեխնիկական անձնակազմը և արտիստները ստիպված էին հաղթահարել։

Ցավոք, առաջնախաղի օրը նվագախումբը՝ Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ, եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով ելույթ չունեցավ, բայց շուտով հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել կենդանի երաժշտությամբ այս բալետները, արդեն իսկ Ալ․ Սպենդարյանի անվ Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Անդրադառնամ նաև Շահար Բինյամինիի բեմադրությամբ Բոլերո Իքս (Bolero X) ներկայացմանը, որում ներգրավված էին մոտ 50 բալետի արտիստներ։ Նշեմ, որ Մորիս Ռավելի այս բալետը ստեղծվել է բալետի պարուհի Իդա Ռուբինշտեյնի պատվերով և առաջին անգամ բեմադրվել Փարիզում 1928թ․-ին և ունեցել է միանգամից փայլուն հաջողություն։ Այսօր այս բալետը նույնպես ամենապահանջված և սիրված գործերից է ամբողջ աշխարհում, որին անդրադարձել են տարբեր աշխարհահռչակ խորեոգրաֆներ։

Իսկ Շահար Բինյամինիի բեմադրությամբ այս բալետը «պայթեցրեց» աշխարհը՝ նրան հանրաճանաչում բերելով։ Մեր բալետի արտիստները նման գործ առաջին անգամ էին կատարում, և հավատացնում եմ՝ դասական բալետի տեխնիկա տիրապետող մարմնին ստիպել պարել այս ժամանակակից պարային տեխնիկայով այդքան էլ հեշտ բան չէ։ Ես, որպես փորձավար հետևելով արտիստների աշխատանքին, զգում էի բոլոր այն բարդությունները, որոնք արտիստները ստիպված էին հաղթահարել։ Բոլերոյի երիտասարդ մենակատարները շատ ոգևորությամբ ու մեծ հետաքրքրությամբ էին սովորում ու յուրացնում խորեոգրաֆիկ նյութը։ Հրաշալի է, երբ տեսնում ես արտիստի մեծ հետաքրքրվածությունը, ինքն իրեն հաղթահարելու ցանկությունն ու նորը նյութը սովորելու ու յուրացնելու մեծ ջիղ ունենալը։ Իրոք, ապրեն բոլորը։

Իմ վաղեմի երազանքն էր և շարունակում է մնալ, բեմադրել Ստրավինսկու «Սրբազան Գարունը», որի տարբեր հատվածներին արդեն իսկ բազմիցս անդրադարձել եմ։ Ես իմ երազանքից ետ չեմ կանգնում ու նաև երջանիկ եմ, որ այսօր մենք այն ունենք մեր բալետի խաղացանկում։

Հուսամ, որ այս ժամանակակից բալետները դեռ երկար կյանք կունենան ու կմնան մեր խաղացանկում՝ նոր ճանապարհ բացելով հայկական բալետում․․․ Շնորհավորում եմ բոլորիս»,- ասաց Ռիմա Պիպոյանը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. «Բոլերո Իքս», «Սրբազան գարուն» բեմադրությունները Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ կներկայացվեն հուլիսի 17-ին:

Լուսանկարներում՝ «Բոլերո Իքս», «Սրբազան գարուն» բեմադրություններից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30