Էմանուել Մակրոնի թվիթերյան գրառումը
Քիչ առաջ նախագահ Էրդողանի հետ քննարկեցինք միջազգային իրավիճակը։
Նախ, մենք կիսում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի դադարեցման նպատակը։ Սա պետք է ենթադրի ռազմական գործողությունների դադարեցում և Ուկրաինայի համար ամուր անվտանգության երաշխիքների ստեղծում։ Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիային այս հարցում «Կամավորների կոալիցիայի» շրջանակներում գերազանց համագործակցության համար։
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի կառավարության վերջին որոշումները՝ Գազայում ռազմական հարձակում իրականացնելու և Արևմտյան ափին, մասնավորապես՝ E1-ում (12 կմ² տարածք Երուսաղեմի և Մաալե Ադումիմի միջև՝ խմբ.), նոր հողեր գաղութացնելու վերաբերյալ, որոնք հակասում են խաղաղության ջանքերին։
Կարդացեք նաև
Այս գլխապտույտ շտապողականությունը կարող է միայն մշտական պատերազմական վիճակի հանգեցնել։ Միայն հրադադարը, պատանդների ազատ արձակումը, մարդասիրական օգնության մատակարարումը և քաղաքական լուծման սահմանումը կարող են խաղաղություն և անվտանգություն բերել տարածաշրջանի բոլոր բնակիչներին։
Մենք սերտորեն համագործակցում ենք թուրքական իշխանությունների հետ՝ նախապատրաստվելով երկու պետությունների լուծման վերաբերյալ համաժողովին (Two-State Solution -խմբ.), որը Ֆրանսիան կհամանախագահի սեպտեմբերին Նյու Յորքում։ Հատկապես կարևոր է Գազայում կայունացման առաքելությունը գործարկել և վերսկսել երկու պետությունների վրա հիմնված քաղաքական լուծումը։
Քննարկեցինք նաև օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հովանավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած հանդիպման արդյունքում առաջացած հույսը։ Կարևոր է, որ առաջընթացը շարունակվի՝ թույլ տալով վերաբացել բոլոր սահմանները և ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը։
Վերջապես, ես նախագահ Էրդողանին վերահաստատեցի Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ համագործակցելու Թուրքիայի հետ հավակնոտ երկկողմ օրակարգի շուրջ։