Tempi.it. Էթնիկ զտումների և քարոզչության միջև՝ Ադրբեջանի բռնապետը վերաշարադրում է պատմությունը՝ նավթով երաշխավորված անպատժելիության պայմաններում
Նավթային բռնապետ Ալիևը չի ձերբակալվի, չի առևանգվի կնոջ՝ Ադրբեջանի փոխնախագահի հետ, ինչպես դա տեղի ունեցավ «գծից դուրս գտնվող» այլ վարչակարգերի պարագայում։ Նա չի ենթարկվի այն պատժամիջոցներին, հակաքայլերին ու բարոյական ներկայացումներին, որոնք Արևմուտքը նախատեսում է, օրինակ, Վենեսուելայի նախագահ Մադուրոյի համար։
Ալիևին, ընդհակառակը, ամեն ինչ թույլատրվել և թույլատրվում է. անպատիժ մնալ պատերազմական հանցագործություններից հետո (2020), ինը ամիս տևած անմարդկային շրջափակում կազմակերպել Արցախի հայ բնակչության դեմ, իրականացնել էթնիկ զտում (2023) և, ի վերջո, ներում շնորհել ամենադաժան հանցագործներին (2025)՝ ծաղրի համար՝ հենց նրանց, ովքեր մասնակցել են հայերի դեմ իրականացված բռնություններին։
Ալիևը և նավթով ապահովված անպատժելիությունը
Կարդացեք նաև
Նրան թույլատրվեց պարգևատրել մարդասպան Ռամիլ Սաֆարովին և միաժամանակ՝ Բաքվի բանտերում տարիներով պահվող հայ գերիների վզին փաթաթել ծանրագույն դատավճիռներ, ինչը պատանդառության համակարգի ցուցիչ է։ Այս ամենը՝ արևմտյան դիվանագիտական կենտրոնների մեղսակից լռության պայմաններում։ Իսկ Արցախի օկուպացված տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության համակարգված ոչնչացման մասին խոսելն անգամ ավելորդ է. սա մշակութային ցեղասպանություն է, որն իրականացվում է բոլորի աչքի առաջ։
Այս բարբարոսությունները հանդուրժվում են, որովհետև ի տարբերություն Մադուրոյի, որը «մեղավոր» է իր երկրի ռեսուրսները (գրեթե) ազգայնացնելու փորձի համար, Ալիևի ադրբեջանական նավթը կարգապահորեն մատուցվում է Արևմուտքին, շահագործվում BP-ի նման բազմազգ կորպորացիաների կողմից, TANAP գազատարով արտամղվում մինչև Ապուլիա և պինդ փաթեթավորվում տասնամյակներով մշակված «խավիարի դիվանագիտությամբ», որը վերածվել է քաղաքական կոռուպցիայի նուրբ արվեստի։
Պատանդներ և կամայական կալանքներ
Այս ֆաշիստական [ալիևյան] ռեժիմը, իր լիակատար այլասերման մեջ, դեռևս շարունակում է կալանքի տակ պահել ռուս և արցախահայ տասնյակ քաղաքացիների՝ օգտագործելով նրանց իբրև մանրադրամ՝ Ռուսաստանի և Հայաստանի հետ քաղաքական խաղերում։ Բազմազգ ընկերություններով իր նավթը խմող Արևմուտքից շոյված՝ ալիևյան ավտորիտար և օլիգարխիկ վարչակարգը կարող է իրեն թույլ տալ նման լկտի պահվածք թե՛ պուտինյան Ռուսաստանի, թե՛ Փաշինյանի պարտվողական թիմի նկատմամբ։
Միևնույն ժամանակ ռեժիմը պարտադրում է պատմության և արդի իրականության իր ընթերցումը. բացահայտորեն միջամտում է Հայաստան–ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին՝ ձգտելով անգամ պաշտոնական տերմինաբանության «խմբագրմանը»։ «Տեղահանվածներ» ձևակերպման փոխարեն, ըստ Բաքվի թելադրված նարատիվի, պետք է բնութագրել անձանց, որոնք հրաժարվել են Ադրբեջանի ներկայացրած «վերաինտեգրման» ծրագրից և իբր «կամավոր» տեղափոխվել Հայաստան։ Հենց այս «կամավոր» բառի մեջ է խտացված ցինիզմի գագաթնակետը. հայերը «ընտրել» են հեռանալ՝ ռմբակոծությունների, կասետային ռումբերի սպառնալիքի ներքո՝ Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի զոհերի ճակատագրին չարժանանալու համար։
Քարոզչություն և պատմության վերաշարադրում
Այս դեպքում բռնությունը չի սահմանափակվում գործողություններով, այլ ներթափանցում է խոսքի մեջ. ճնշումը չի ավարտվում ֆիզիկական վտարմամբ, այլ պահանջ է դրվում, որ հալածանքի զոհերն իմաստային մակարդակում ընդունեն դահիճի տարբերակը։ Սա այն ծայրահեղ հպատակեցումն է, որը Ալիևի բռնապետական ռեժիմը փորձում է պարտադրել հայերին՝ վերջիններիս տառապանքի փորձառությունն ու հարկադրված փախուստը ներկայացնելով իբրև «ընտրություն»։ Սա, Վալտեր Բենյամինի խոսքերով, հաղթողների գրած պատմությունն է, սակայն իր ամենադաժան և անբարո դրսևորմամբ։
Եվ ոչ միայն։ Դիտավորյալ կրկնօրինակելով այն տերմինաբանությունը, որն իրավացիորեն կիրառվել է հայերի պարագայում՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո ձևավորված «Արևմտյան Հայաստան» հասկացության ներքո, ադրբեջանցիները՝ այսինքն` կասպյան թուրքերը, գաղափարական և քարոզչական պատճենմամբ այժմ պարտադրում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին նարատիվը և սա անմիջապես այն բանից հետո, երբ նվաճեցին և էթնիկ զտմամբ դատարկեցին հայկական Արցախը։ Բնույթով ֆաշիստական, ծավալապաշտական այս խոսույթը ոչ թե լուսանցքային կամ ինքնաբուխ է, այլ պետական մակարդակով ֆինանսավորվող, խրախուսվող և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված գործունեություն։
Հուշարձաններ, շքերթներ և ցուցադրական դատավարություններ
Եվ այնուամենայնիվ նավթային բռնապետ Ալիևը՝ Իսրայելի ռազմավարական գործընկերը – որն Իրանի դեմ ագրեսիայի առաջատար հարթակ է տրամադրում՝ ի հակադրություն Պաղեստինի պաշտպան խաղացող Էրդողանի երկերեսանի քաղաքականության – չի ձերբակալվի և չի առևանգվի։ Մադուրոն՝ այո, Ալիևը՝ ոչ։ Արևմտյան կեղծավորությունից հզորացած՝ նա տեղի բնակչությունից դատարկված Ստեփանակերտում բացում է հերթական «հաղթանակի» հուշարձանը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի, այսինքն՝ էթնիկ զտման։ Սպիտակ հուշարձան՝ բերդիմուհամեդովյան ոճով, որն իր գաղափարաբանությամբ ամբողջապես համահունչ է Բաքվի ռազմավարի պարկին, որտեղ գրոտեսկային մանեկենները պատկերում էին «հայ թշնամուն»՝ պետականորեն հովանավորվող բացահայտ հայատյաց քարոզչության շրջանակներում։
Այս ամենի ետնապատկերում ցուցադրաբար դատում են հայ գերիներին, ովքեր ներկայացնում են Արցախը, որը ավելի քան երեսուն տարի առաջ ինքնորոշվել է անջատման օրինական գործընթացի միջոցով, սակայն հետայդու անտեսվել ու ջնջվել ողջ միջազգային հանրության կողմից։ Սա է ադրբեջանական «հաղթանակի» թատրոնը՝ հուշարձաններ, շքերթներ, խորհրդանշական նվաստացումներ՝ բանտախցերի, խոշտանգումների և դիվանագիտական լռության ֆոնի վրա։ Եվ այս ամենը կատարվում է Թուրքիայի հովանու ներքո, որտեղ զուգահեռաբար բանտարկվում են լրագրողներ, ինչպես, օրինակ, Թուղչե Յըլմազը՝ ընդամենը Հայոց ցեղասպանության մասին արտահայտվելու համարձակության համար։
Սա աշխարհաքաղաքականություն չէ. սա հանցագործության մեղսակցություն է։ Սա realpolitik չէ. սա հանցագործության նորմալացումն է, երբ այն ծառայում է Արևմուտքի էներգետիկ և ռազմական շահերին։
Գրիգոր Ղազարյան
07 հունվարի 2026



















































Դիպուկ մտքեր – ցավալի ճշմարտություն։
Եթե 1915-ին մենք այդպես էլ չհասկացանք, որ խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների գործն է, ապա հիմա էլ դա չենք հասկանա, որի արդյունքում էլ անտարբերությամբ թույլ ենք տալիս, որ թշնամու կողմից մեր երկրում տեղադրած տրոյական ձին այսօր շարունակի իրականացնել 1915-ին կիսատ մնացած գործը մեր ազգի տականքի մասնակցությամբ։
Տարորինակ հարց է:
Մի՞թե մարդ կա որ չգիտի, որ Դ. Թրամփի գուշակությունների ցարը այդ օրը տվեց “Նիկոլ” անունը ու քանի դեռ Թրամփը կենտրոնացած է երկրագնդի իր կիասագնդի վրա, ապա ընտրությունն ընկավ ‘տեղական’ նիկոլի վրա:
Իլհամի անունը դեռ երկար չի շշնջվի Թրամփի ականջին` գուշակներին ձեռնտու է, որ դեռ մնա: Մեծ պատերազմ են ուզում անել, փող շինեն