Լրահոս
Օրվա լրահոսը

102 մլն եվրո առողջապահական վարկ, որի ֆինանսական բեռը կմնա ապագա հարկատուի ուսերին. «Ժողովուրդ»

Ապրիլ 15,2026 10:33 Share

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ պաշտոնական գրությամբ հաղորդվել է, որ «Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարի, ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» արդյունքահեն վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ»։

Հարցմանը տրված պատասխանում բացակայում է հստակ տեղեկությունը, թե 102 մլն եվրոյից որքանն է ուղղվելու հենց Առողջության համապարփակ ապահովագրության գործարկմանը, որքանն է ծախսվելու առաջնային բուժօգնության բարելավման վրա, որքանն է հատկացվելու տեղեկատվական համակարգերին, խորհրդատվական ծառայություններին, վերապատրաստումներին կամ ծրագրի կառավարմանն ու սպասարկմանը։

Լողացող տոկոս, մինչև 2049 վճարում

Պաշտոնական պարզաբանմամբ՝ վարկի պայմաններն այսպիսին են. «Վարկի գումար՝ 102,000,000 եվրո», «Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող», իսկ «Վարկի լողացող տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ, 16.08.2024 թ. դրությամբ կազմում է 4.577% (3.367% + 1.21%)»։ Բացի այդ, սահմանված է «Պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ», ինչպես նաև «Միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով»։

Վարկի մարման պայմաններով՝ «Վարկի մարման ժամկետ՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի», իսկ «Մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2039 թ. հուլիսի 15-ից մինչև 2049 թ. հունվարի 15-ին՝ վարկի գումարի 5% հավասարաչափ չափաբաժիններով»։

Այստեղ արդեն պարզ է դառնում մեկ այլ կարևոր հանգամանք. առողջապահական բարեփոխման անվան տակ վերցվում է երկարաժամկետ պարտք, որի բեռը մնալու է տարիներ շարունակ։ Այսինքն՝ այսօր քաղաքացիներին ներկայացվում է սոցիալական պաշտպանության ընդլայնման խոստում, բայց դրա ֆինանսական հետևանքները տեղափոխվում են ապագա՝ պետական պարտքի տեսքով։

Պատասխանում առանձին ընդգծվել է նաև, որ «Վարկային ծրագիրն արդյունքահեն է, այսինքն՝ Ծրագրով սահմանված մասհանման հետ կապակցված ցուցանիշներին /ՄԿՑ/ հասնելու համար միջոցները հատկացվելու են պետական բյուջեից, և դրանց հասնելուն պես Համաշխարհային բանկի կողմից կմասհանվեն գումարները, կուղղվեն պետական բյուջե և ոչ անմիջապես Առողջապահության նախարարություն»։

Վարկը մտնում է բյուջե, դուրս գալիս հիվանդանոցներ

Սա կարևոր մանրամասն է, որովհետև ստացվում է՝ գումարները չեն գնում անմիջապես առողջապահական գերատեսչությանը, այլ մտնում են պետական բյուջե։ Ու հենց այստեղ է առաջանում թափանցիկության հիմնական խնդիրը. եթե միջոցները բյուջե են մուտքագրվում, ապա հանրությունը պետք է հստակ իմանա՝ կոնկրետ ինչ արդյունքների դիմաց են մասհանումներ կատարվել, ինչ չափի գումարներ են արդեն մուտքագրվել, և հատկապես՝ այդ գումարներն ինչ ուղղություններով են հետո ծախսվել։

Ինչու 102 մլն եվրո. հաշվարկ չկա

Առանձնապես ուշագրավ է նաև, որ պետությունը չի պատասխանել ամենանուրբ հարցերից մեկին՝ ինչու է ընտրվել հենց 102 մլն եվրո չափը։ Որևէ հաշվարկ, հիմնավորում կամ մեթոդաբանություն չի ներկայացվել, թե այդ թիվը ինչպես է ձևավորվել։ Դա բխե՞լ է ապահովագրական համակարգի ակտուարական գնահատումներից, բուժծառայությունների սպասվող ծավալից, առաջնային օղակի վերազինման արժեքից, թե՞ պարզապես բանակցությունների արդյունք է եղել միջազգային գործընկերոջ հետ։ Այս հարցը անպատասխան է մնացել։

Այլ կերպ ասած՝ իշխանությունը «անվճար բուժման» կամ ավելի մատչելի բուժսպասարկման խոստման իրականացման համար հերթական վարկն է վերցրել, որի քաղաքական շահառուն ներկա իշխանությունն է, իսկ ֆինանսական բեռը կմնա ապագա հարկատուի ուսերին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930