«Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ հստակ՝ ասելով, որ նոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի Անկախության հռչակագրին։ Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն, և դրա նախաբանում լինի Անկախության հռչակագիրը, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը։ Դա նշանակում է՝ վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, եթե վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, դա նշանակում է, որ խաղաղություն հնարավոր չէ»,-ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ եթե հղում ենք կատարում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ որդեգրում ենք Արևմտյան Հայաստանի խոսույթը, անուղղակիորեն որդեգրում ենք ծովից ծով Հայաստանի խոսույթը․ «Եթե մենք այդ խոսույթները որդեգրում ենք, մենք գործնականում բացառում ենք օրինակ՝ արևմտյան Ադրբեջանի խոսույթի դադարեցումը, արևելյան Թուրքիայի խոսույթի դադարեցումը»։
Նա կարծում է, որ Անկախության հռչակագրի, ծովից ծով Հայաստանի խոսույթից պիտի հրաժարվենք։
Կարդացեք նաև
Խոսելով Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին և թե ինչպես պետք է քաղաքացիներին ներկայացվի այն, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները միշտ կասկածի տակ են դրվել։ Այս ընկալումը լարում ու խզում է առաջացնում քաղաքացու և իրավակարգի միջև։ Հո Սահմանադրության տեքստը չե՞ն կարդում քաղաքացիները։ Իհարկե, քաղաքացիների մի մասն անպայման կկարդա, մյուսը չի կարդա։ Այստեղ է, որ օգնության է գալիս ժողովրդավարական քարոզարշավը։ Քաղաքական և հանրային ուժերը՝ Սահմանադրության նախաբանի համատեքստում, նրանք, ովքեր կողմ են, պետք է ջանք թափեն, որ Սահմանադրության տեքստը, ենթատեքստը հայտնի դառնան հանրությանը»։
ՔՊ ծրագրի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































