Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ.-ից ի վեր Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները տեղավորվում են ցեղասպանական գործողություններ բնորոշման տակ. Վարուժան Գեղամյան

Ապրիլ 23,2026 16:37 Share

«Ինչքան էլ առաջին հայացքից թվում է, որ Հայոց ցեղասպանության հարցը մի տեսակ արդիականությունը կորցնող հարց է՝ հաշվի առնելով, որ այդ ցավալի իրադարձություններից անցել է ավելի քան 100-ամյակ, այնուամենայնիվ, պետք է նշել, որ երեւի թե 1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից, Արցախի անկախությունից հետո երբեւէ Հայոց ցեղասպանության թեման, դրա բարձրաձայնումն ավելի արդիական չի եղել, քան այսօր»,- «Alpha Media Centre» -ում կայացած «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր․ ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915 թվականից մինչև Արցախում էթնիկ զտումները» թեմայով քննարկման ժամանակ նշեց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Սա պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ 2020 թվականից ի վեր էլ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, ընդհանրապես հայության նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ ոչ միայն հանրային, հասարակական, այլեւ պետական մակարդակում իրականացվող քաղաքականությունը լիարժեքորեն տեղավորվում է գիտական, առնվազն հաստատ կարող ենք ասել, ապա նաեւ «քաղաքական ցեղասպանական գործողությունների նպաստող գործողություններ» կատեգորիայի տակ:

Երկրորդ կարեւոր թեզն այն է, որ շատ հաճախ, այդ թվում նաեւ այսօր Հայաստանի Հանրապետությունում, փորձագիտական, քաղաքագիտական նաեւ լրագրողական տիրույթը երբեմն ցեղասպանությունը, ցեղասպանական գործողությունները ներկայացնում է որպես ինչ-որ վայրում՝ ինչ-որ մարդկանց մի խմբի սպանությունը, մինչդեռ եւ գիտականորեն, եւ միջազգայնորեն ընդունված չափորոշիչներով ցեղասպանությունը, ցեղասպանական գործողությունները ուղղակի մարդկանց սպանությունները չեն, դրանք կարող են լինել շատ այլ բնույթի, եւ այն գործողությունները, որոնք իրականացվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից 2020թ.-ից ի վեր, հանգիստ տեղավորվում են նմանատիպ բնորոշում ունեցող գործողությունների տակ»,-ընդգծեց թուրքագետը:

«Ես 3 տեսակի հիմնական գործողություն կնշեմ, բայց դրանք, ցավոք, ամբողջական ցանկը չեն: Ամենահայտնին եւ ամենաքննարկվածը 2022թ Արցախի Հանրապետության բնակչության շրջափակումն էր, որը գիտության մեջ որակվում է որպես Genocide by attrition, այսինքն՝ ցեղասպանություն հասարակության փաստացի հյուծման միջոցով:

Երկրորդ օրինակը Հայաստանի Հանրապետության բնակչության հանդեպ իրականացվող տեղեկատվական քաղաքականությունն է, այդ թվում՝ հոգեբանական կոմպոնենտով, որը դարձյալ ցեղասպանագիտությունը որակում է որպես ցեղասպանական գործողություն: Դրա մաս է կազմում հայության դեհումանիզիացիան, հայության շրջանում, այսպես կոչված՝ failed state-ի, այսինքն` տապալված պետության մասին պարբերական կրկնությունը, որ տապալված եք, ոչինչ չեք կարող անել, էլ չեմ ասում Ադրբեջանում եւ Թուրքիայում հայության նկատմամբ ատելության խոսքի մեծացած ծավալը: Հատուկ ուզում եմ շեշտել, որ չնայած սպասումներին եւ այս պահին կերտված մեդիա իրականությանը՝ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ 2020-ից հետո այդ ատելությունը մեծացել, շատացել, ընդլայնվել է, դարձել է ավելի ինստիտուցիոնալ:

Երրորդն էլ հետեւյալն է. շատ հաճախ, ցավոք, մենք ընկնում ենք թուրքական եւ ադրբեջանական թակարդի մեջ, եւ ինքներս էլ ենք դրա մասին այնպես խոսում, որ այն դադարում է լինել ցեղասպանական ակտ: Խոսքը 1993-ից պաշտոնապես, իսկ իրականության մեջ 1991-ից ի վեր Հայաստանի Հանրապետության տնտեսական շրջափակումն է Թուրքիայի եւ Ադրբեջանի Հանրապետությունների կողմից, որը եւս կարող է որակվել որպես ցեղասպանական գործողություն:

Եվ ինչն է այստեղի թակարդը, որ մենք էլ վերջին տարիներին անդադար կրկնում ենք հետեւյալ արտահայտությունը՝ սահմանները պետք է բացվեն, ինչը չեզոքացնում է բառապաշարի, ապա՝ մտածողության մակարդակում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա արվող տնտեսական շրջափակումը: Մինչդեռ իրականում ճիշտ բառակապակցությունն է եւ ճիշտ մտածողությունն է՝ Թուրքիան պետք է բացի սահմանը, որովհետեւ Հայաստանը չի փակել սահմանը, դա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից արված գործողություն է»,- ի թիվս այլնի նշեց Վարուժան Գեղամյանը

 Հավելենք, որ քննարկման մասնակիցների թվում են՝ Արգենտինայից միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Ֆրանսիայից հասարակական գործիչ Պիեռ դը Գոլը, ցեղասպանության հետազոտող Worcester State University-ի ակադեմիական հարցերով պրոռեկտոր Հենրի Կ. Թերիոն, Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի ղեկավար, Արգենտինայում Հայաստանի մշակութային միության ղեկավար Ադրիան Լոմլոմջյանը, քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը:

Քննարկումն ամբողջությամբ՝

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930