Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը
Փաշինյանական իշխանության հանցավոր ժխտողականությունն ու փարիսեցիությունը.
Մինչ Փաշինյանը ադրբեջանական թեզերով ու հանցավոր ժխտողականությամբ հրաժարվում է ոչ միայն արդարության համար պայքարից, այլև՝ հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործությունների արձանագրումից և ցեղասպանական նոր ակտերի կանխման քայլերից, նրա ԱԳՆ-ն նշում է՝
«Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների (զանգվածային ոճրագործությունների) նշանների հայտնաբերմանն ու վաղ ահազանգմանը, աջակցել դրանց կանխարգելմանը և վերացմանը միտված նախաձեռնություններին»:
Կարդացեք նաև
Սա հերիք չէ, նրանք հպարտանում են՝
«2025 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։ 2026 թվականի մարտին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում հերթական անգամ միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը»:
***
Մի քանի հարց ԱԳՆ-ին՝
1. Որտե՞ղ և ո՞ւմ հանդեպ եք ստանձնում պատասխանատվություն ցեղասպանությունների կանխարգելման հարցում. դա ներառո՞ւմ է նաև հայ ժողովրդին, այդ թվում՝ արցախյան հատվածին, թե՞ նկատի ունեք միայն Մարս մոլորակի վրա:
2. Ինչպե՞ս եք կանխարգելում՝ բոլոր բանակցություններից ու փաստաթղթերից այդ թեմաները բացառելո՞վ, ադրբեջանական «հայելային» փաստարկներով հանցագործներին պատժելու պարտավորությունից հրաժարվելո՞վ, պաղեստինյան մշակութային ժառանգության պաշտպանության հանձնառություն ստանձնելո՞վ, իսկ հայկականը՝ անտեսելո՞վ, թե՞ էժան բենզին ներկրելով:
3. Ինչպե՞ս եք վաղ ահազանգում՝ հայատյացության ադրբեջանական քաղաքականությունն անտեսելո՞վ, ցեղասպանության զոհերի դեմ ներքին ատելության քարոզչություն վարելո՞վ, թե՞ ցեղասպանական ռեժիմի բոլոր պահանջները կատարելով:
4. Ինչպե՞ս եք վերացնում հետևանքները՝ միջազգային դատական հայցերից հրաժարվելո՞վ, Միջազգային քրեական դատարան չդիմելո՞վ, ցեղասպանության մեղքը այլ պետությունների ու զոհերի վրա գցելո՞վ, բռնի տեղահանվածների վերադարձի թեման փակելո՞վ, թե՞ զոհերի հայրենիքում իրենց հետքերի վերացման հանցավոր ջանքերին աջակցելով:
5. Ինչպե՞ս եք հարգում ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակն ու արժանապատվությունը՝ դրա մասին խոսող գիտնականին աշխատանքից ազատելո՞վ, ոճրագործություններից մազապուրծ փրկվածներին շարունակաբար վիրավորելո՞վ, թե՞ դրանց կատարողների Երևանում հյուրընկալելով:
6. Բոնուս հարց. իսկ ինչո՞ւ այդ «խիզախ կեցվածքով» Արցախի շրջափակման ժամանակ այդպես էլ պաշտոնապես չդիմեցիք ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդականին՝ որպես վաղ ահազանգման ու կանխարգելման միջազգային մեխանիզմ՝ չնայած 2023թ. Մարտի 15-ի կառավարության նիստում Փաշինյանի հրապարակային և ուղիղ հանձնարարությանը: Դե էլ չհարցնեմ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժման մասին կոնվենցիայի մեխանիզմների չկիրառման պատճառների վերաբերյալ:
Ցեղասպանությունների կանխարգելման հարցում հանձնառություն ստանձնող իշխանությունը պետք է բավարար արժեքներ, մաքրություն, սկզբունքներ, վճռականություն ու հետևողականություն ունենա թե՛ ներքին և թե՛ արտաքին հարաբերություններում, ոչ թե մի ձեռքով աջակցի սեփական ժողովրդի ցեղասպանությանը և դրա լեգիտիմացմանը, իսկ մյուսով՝ տեսական պայքար մղի տեսական ոճրագործությունների դեմ:


















































