Իբր արդեն իսկ հաստատված խաղաղության պայմաններում Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քայլերն ու հռետորաբանությունը Հայաստանում զուտ էմոցիոնալ գնահատականների են արժանանում՝ մոտավորապես «թուրքը մնում է թուրք» տրամաբանության մեջ։ Մինչդեռ Ադրբեջանը գործում է բացարձակապես առանց էմոցիաների՝ հստակ քաղաքական ծրագրով և հաշվարկներով, որոնք, սակայն, մեր հանրային-քաղաքական դաշտը գերադասում է չտեսնելու տալ։ Որովհետև «խաղաղությունն արդեն եկել է» կամ «թուրքը մնում է թուրք» տիպի էմոցիոնալ արձագանքները ներքաղաքական քարոզչության տեսանկյունից ավելի շահեկան են։
Ինչո՞ւ են խաղաղության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների պատկերացումներն այդքան հակասական։ Հիմնական պատճառը հետևյալն է՝ Հայաստանի համար խաղաղությունը ՆՊԱՏԱԿ է, իսկ Ադրբեջանի համար՝ իր նպատակներին հասնելու ՄԻՋՈՑ։ Ընդ որում՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները, որոնցից մի քանիսն արժե հիշեցնել։
1․ Մեկառմիշտ փակել Արցախի հարցը։
2․ Ունենալ հուսալի ցամաքային կապ (և ոչ թե ընդամենը «միջանցք») Նախիջևանի և Թուրքիայի հետ, պարզ ասած՝ տիրանալ ողջ Սյունիքին, ինչպես նաև ադրբեջանցիներով բնակեցնել ՀՀ որոշ տարածքներ, առաջին հերթին՝ Սևանա լճի արևելյան ափերը (որպեսզի հասանելիություն ունենա ջրային ռեսուրսներին)։
Կարդացեք նաև
3․ Տիրանալ Հայաստանի բնական պաշարներին, այդ թվում՝ մետաղական հանքավայրերին, արոտավայրերին, ջրային ռեսուրսներին և այլն։
Տեսականորեն Ադրբեջանը կարող է իր այդ նպատակներին հասնել երկու ձևով՝ պատերազմով կամ բանակցություններով («խաղաղության համաձայնագրով»), բայց գործնականում այդ ամենին պատերազմով հասնելը չափազանց բարդ ու խնդրահարույց կլինի։ Դրա համար էլ նրանք գերադասում են այդ ամենին հասնել «խաղաղ բանակցություններով», առավել ևս՝ երբ տեսնում են, որ դա միանգամայն իրատեսական է։
Թե ինչպես է արձագանքելու Հայաստանը «խաղաղություն» կոչվող այս հստակ ադրբեջանական ծրագրին՝ անհասկանալի է։ Համենայն դեպս՝ առայժմ արձագանքում է միայն սրտիկներով և «խորոված-փարթիներով»։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»


















































