Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ խաթարեք օրվա խորհուրդն ու մեր ապրումները» Հայրապետական հորդորը լավագույն պատասխանն էր. Գենադի Մնացականյան

Ապրիլ 25,2026 11:55 Share

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում Ամենայն հայոց Կաթողիկոսին ուղղված լրագրողական հարցերը թիրախավորում էին Եկեղեցու ապագան և իշխանությունների հետ հարաբերությունների լարվածությունը։

«Վեհափառ, ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել հակաեկեղեցական արշավին»․ այս և նմանատիպ հարցերին ի պատասխան՝ Նորին Սրբությունը հնչեցրեց մի կարճ, բայց տարողունակ ձևակերպում․ «Մի՛ խաթարեք օրվա խորհուրդը և մեր ապրումները»։ Թեև լսարանն ու մեդիադաշտը թերևս ակնկալում էին սուր քաղաքական հայտարարություններ, Հայոց Հայրապետի պատասխանն ուներ շատ ավելի խորքային հասցեականություն։

Ապրիլի 24-ը սրբադասված նահատակների հիշատակի և հոգևոր վերածննդի սրբազան հանգրվան է, որտեղ յուրաքանչյուր բառ կոչված է լինելու աղոթք, իսկ յուրաքանչյուր քայլ՝ խնկարկում։ Այն, ինչ շատերի կողմից կարող է ընկալվել որպես խուսափողական դիրքորոշում, իրականում հոգևոր տոկունության դրսևորում էր։

Գենադի Մնացականյան

Սուրբ Հովհան Ոսկեբերանը սովորեցնում է․ «Լռությունը խոսքից լավ է այն ժամանակ, երբ դիմացինդ պատրաստ չէ լսելու ճշմարտությունը կամ փնտրում է առիթ՝ խոսքդ աղավաղելու համար»։ Ըստ էության, հորդորելով մնալ օրվա խորհրդի մեջ՝ Վեհափառը թույլ չտվեց, որ Հոգևոր Առաջնորդի խոսքը վերածվի լրատվական շոուի կամ քաղաքական մանիպուլյացիաների գործիքի։

Աստվածաշնչյան իմաստնությունը ասում է․ «Ամեն ինչ իր ժամանակն ունի․․․լռելու ժամանակ և խոսելու ժամանակ» (Ժողովող 3։1-7)։ Ապրիլի 24-ը աղոթքի և խոկման պահ է։ Հայրապետական կեցվածքը հիշեցում էր, որ կան սրբազան ակնթարթներ, երբ մարդկային լեզուն լռում է, որպեսզի խոսի հոգին։ Սա ոչ թե վախ է, այլ երկյուղածություն՝ նահատակների հիշատակի հանդեպ․ նույն զգացողությունը, որով պարուրված ենք լինում Եռաբլուրում։

Ամենայն Հայոց Հայրապետի առաքելությունը համախմբումն է, ուստի նա չի կարող իջնել փողոցային հակադարձումների մակարդակին։ Պատասխանելով սադրիչ հարցերին քաղաքական տերմիններով՝ նա կդառնար կողմերից մեկը, մինչդեռ նա հայրն է ողջ հայության։ Ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է բնորոշում՝ հոգևոր առաջնորդին վայել է լինել խաղաղարար և հեռու մնալ ամբոխահաճո վարքից։ Վաղուց արդեն ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը եկեղեցական կանոնակարգի տեսանկյունից մտահոգիչ ու վիճահարույց է և այս ամենի ֆոնին Վեհափառ Հայրապետի զուսպ դիրքորոշումը վկայում է քրիստոնեական հաստատակամության մասին։ Սա այն լռությունն է, որով Քրիստոս պատասխանում էր Պիղատոսին՝ ցույց տալով ճշմարտության վեհությունը երկրային դատավորների առաջ։ Ծիծեռնակաբերդում Վեհափառի կեցվածքը Հայրապետական Գահի և ազգային արժանապատվությունը չստորացնելու արտահայտություն էր։ Հայոց Եկեղեցին դիմակայել է դարավոր փորձությունների ոչ թե աղմուկով, այլ անսասան հավատքով։

«Մի՛ խաթարեք օրվա խորհուրդն ու մեր ապրումները» Հայրապետական հորդորը լավագույն պատասխանն էր նրանց, ովքեր փորձում են պառակտում մտցնել մեր ազգային-եկեղեցական կյանքում։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930