«Ընտանիքիս հետ եմ եկել, բայց չեմ կարող ինձ թույլ տամ գամ 7000-ով խորոված առնել, որովհետեւ թանկ է, այդքան գումար չունեմ, թոշակառու եմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց մի կին, որ մասնակցում էր ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից անմիջապես հետո անցկացվող՝ Նիկոլ Փաշինյանի ազդարարած խորոված փարթին:
Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ բարձրացրել ձեր թոշակը, կինն այսպես արձագանքեց. «36-ից 46 հազար դրամ, կոմունալ տանք, էս տանք, էն տանք… 5 հատ թոռ ունեմ… Փոքր թոռս 2,5 տարեկան է, օրենք են հանել, մինչեւ պասպորտ չլինի, ձրի դեղորայք չի ստանա, ամեն դեղորայքն էլ 3 հազար, 4 հազար… Թոքաբորբով 4-ն էլ պառկած են, 3-ն ունեն, փոքրը չունի, ասում են՝ սոցփաթեթի մեջ չկա… Սուտ է, ոչ մի բան էլ չեն բարելավել»:
Հարցից, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է թոշակառուին ճամփորդել, Փաշինյանի ձեւակերպմամբ թոշակառուն 900 դրամով «տուդա-օբրատնի» 5 հատ տոմս կարող է առնել ՀՀ-Կիպրոս, կինը նեղսրտեց. «46 հազար թոշակով ես ուտեմ, ճամփորդեմ, թե՞ դեղ առնեմ… գազ, լույս, ջուր, աղբ… Եթե միսը 4000 դրամ է, թոշակառուն կարո՞ղ է առնել ուտել, սնունդ է պետք, ինչ ենք ուտում, առաջ գոնե կարագ-բան կար, հիմա մարգարին, ձեթ, կեսն էլ՝ ջուր»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին, թե խորոված-փարթիի ինչի՞ց է օգտվել: «Ոչ մի բանից, հարցրի՝ հասարակ սասինսկին ինչ արժի, ասեցին՝ 1500 դրամ, ասացի՝ կներեք, հիմա ես գնում եմ… Ասել էին հրապարակում համերգ է, տոնախմբություն, ես կրկեսի մոտ եմ ապրում, ասեցի գնամ, մոտեցա առաջին կետին, որտեղ սասինսկին էր, որ ասեց հազար քանիս, ասեցի ճանապարհս շարունակեմ… շատ հիասթափված եմ, որովհետեւ այնքան մարդ կա, որ օրվա հացի փող հազիվ է աշխատում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































