Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվող փոփոխությամբ ամրագրվում է, որ դատապարտյալի վարքագիծը չի կարող ոչ պատշաճ գնահատվել միայն այն հիմքով, որ չի հատուցել տուժողին պատճառված վնասը

Ապրիլ 29,2026 17:37 Share

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը միտված է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կատարելագործմանը:

Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի խոսքով գործող կարգավորմամբ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է օրենքով նախատեսված պատժի նվազագույն ժամկետը, դրսեւորել է պատշաճ վարքագիծ, եւ դատարանը գնահատել է, որ նրա վերասոցիալականացումը հնարավոր է, իսկ նոր հանցանք կատարելու հավանականությունը՝ ցածր: Նոր հանցանքի ռիսկի գնահատման ժամանակ հաշվի է առնվում նաեւ տուժողին պատճառված վնասի հատուցումը:

Նախագծով առաջարկվում է վնասի հատուցումը դիտարկել որպես դատապարտյալի վարքագծի ցուցիչ, այլ ոչ թե նոր հանցանքի ռիսկի անմիջական չափանիշ: Գործնականում դատարանները հաճախ մերժում են պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունները՝ պատճառաբանելով վնասի չհատուցումը, սակայն հաշվի չեն առնվում այն հանգամանքները, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների աշխատելու եւ եկամուտ ստանալու հնարավորությունները սահմանափակ են:

Առաջարկվող փոփոխությամբ ամրագրվում է, որ դատապարտյալի վարքագիծը չի կարող ոչ պատշաճ գնահատվել միայն այն հիմքով, որ նա չի հատուցել կամ այլ կերպ չի հարթել տուժողին պատճառված վնասը: Այդ դեպքում դատարանը կարող է կայացնել պայմանական վաղաժամկետ ազատման որոշում՝ միաժամանակ դատապարտյալի վրա դնելով վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտականություն փորձաշրջանի ընթացքում: Եթե դատապարտյալը չի կատարում այդ պարտականությունը, ապա պրոբացիայի ծառայության միջնորդությամբ դատարանը կարող է վերացնել պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը, եւ անձը կշարունակի պատիժը կրել քրեակատարողական հիմնարկում:

Փոխնախարարը նշել է, որ փոփոխություններ են առաջարկվում նաեւ Քրեակատարողական օրենսգրքում: Նախատեսվում է ստեղծել վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով, որը պարբերաբար կգնահատի դատապարտյալի հետ տարվող աշխատանքների արդյունքները եւ կներկայացնի համապատասխան եզրակացություն: Ներկայումս այդ գնահատումն իրականացվում է 3-ից 6 ամիս պարբերականությամբ, սակայն նախագծով առաջարկվում է վերանայել ժամկետները՝ սահմանելով 3-ից 12 ամիս միջակայք: Ըստ նրա՝ որոշ դեպքերում 6 ամիսը բավարար ժամանակ չէ վերասոցիալականացման աշխատանքների արդյունավետությունը լիարժեք գնահատելու համար:

Բացի այդ, առաջարկվում է պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում գործողությունների մի մասը վերապահել անմիջապես քրեակատարողական հիմնարկներին: Քանի որ դատապարտյալի վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ու տվյալները գտնվում են հիմնարկում, եւ անմիջական աշխատանքն իրականացվում է այնտեղ, նախատեսվում է, որ հենց հիմնարկը կազմի համապատասխան զեկույցը եւ այն ներկայացնի ու պաշտպանի դատարանում:

Հարակից զեկույցող Լիլիթ Մինասյանը նշել է, որ նախագիծը սպասված է եւ միտված պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի առավել արդյունավետ կիրառմանը եւ կունենա դրական ազդեցություն իրավակիրառ պրակտիկայի եւ վիճակագրության վրա:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930