Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչող սուտը եւ կաղացող ճշմարտությունը

Ապրիլ 29,2026 10:00 Share

«Սուտը թռչում է, իսկ ճշմարտությունը կաղալով գալիս է նրա հետեւից»։ Սա դեռեւս 18-րդ դարում ասել է Ջոնաթան Սվիֆթը: Այդ ասույթում ամփոփված է տեղեկատվության տարածման համընդհանուր օրենքը. եթե հնչում է որեւէ սուտ, մանավանդ ամբոխահաճո սուտ, ապա հաջորդ օրը, որքան էլ հերքես, այդ հերքումները շատ քչերին են պետք լինելու:

Տվյալ օրինաչափությունից առատորեն օգտվում է Հայաստանի ներկայիս իշխանությունը: Բերեմ երկու օրինակ:

Վերջին ասուլիսներից մեկում լրագրողը հարցնում է Փաշինյանին՝ ինչո՞ւ ԱՅՍ ԳԱՐՆԱՆ ընթացքում չեն լցվել Երեւանի փոսերը։ Վարչապետը պատասխանում է, որ Երեւանի եւ Գյումրիի քաղաքապետերը (ակնհայտորեն նկատի ունենալով Հայկ Մարությանին եւ Վարդան Ղուկասյանին) աշխատել են ՀՀ կառավարության դեմ։ Բայց Հայկ Մարությանը հրաժարական է տվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին, իսկ փոսերը ցանկացած քաղաքում, այդ թվում’ Երեւանում, առաջանում են ԱՄԵՆ ԳԱՐՈՒՆ՝ ձյունը եւ սառույցը հալվելուց հետո։ Հետեւաբար, դրանք պետք է լցվեն, ճանապարհները պետք է վերանորոգվեն ամեն տարվա գարնանը, եւ եթե այս գարնան ընթացքում քաղաքում խայտառակ վիճակ է ստեղծվել, ապա դրա համար պատասխանատու է ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ոչ թե 4,5 տարի առաջ հրաժարական տված Հայկ Մարությանը՝ որքան էլ նա «պայքարեր կառավարության դեմ»։

Այստեղից պարզ է դառնում, որ Փաշինյանի պատասխանը լրագրողի հարցին (ինչպես նրա բոլոր պատասխանները բոլոր «անհարմար» հարցերին), գիտական լեզվով ասած, ռելեւանտ չէ, իսկ ժողովրդավարական լեզվով՝ «կռուտիտ» է։ Դա հնարավո՞ր է բացատրել միջին վիճակագրական հայաստանցուն։ Խիստ կասկածում եմ. այդ քաղաքացին լրագրողի հարցում լսում է «Երեւանի փոսեր» բառերը, իսկ վարչապետի պատասխանում՝ «կառավարության դեմ աշխատել են նախկին քաղաքապետերը» ձեւակերպումը, եւ նրա մոտ ձեւավորվում է իրականության խիստ խեղաթյուրված պատկերը։

Կամ Փաշինյանը գոռում է Ազգային ժողովում. «Մեզնից հոսանք գողանալով եք, արա՛, դուք միլիարդ ունեցել»։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Սամվել Կարապետյանը Կալուգայից եկել է, տիրացել է ՀԷՑ-ին, միլիարդ դոլար է դիզել՝ հայաստանցիներից հոսանք խլելով։ Բայց նույն գործարարը «Ֆորբսում» առաջին անգամ որպես դոլարային միլիարդատեր հիշատակվել է 2006 թվականին, իսկ ՀԷՑ-ը ձեռք է բերել 2015-ին: Հետեւաբար, վարչապետի վերոհիշյալ բացականչությունն իրականության հետ որեւէ կապ չունի: Երկու տարեթվերը համադրելու համար մի քանի րոպե է պետք, բայց միջին հայաստանցին, որն ինչպես առաջ, այդպես էլ հիմա տուժում է «պլանային» եւ «վթարային» պարբերական անջատումներից, այդ րոպեները, բնականաբար, չի ծախսի:

«Ֆաքթչեքերներն» էլ գերազանցապես զբաղվում են ընդդիմության, ոչ թե իշխանության ստերով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930