Լրահոս
Նվիրյալը
Օրվա լրահոսը

Նվիրյալը

Ապրիլ 30,2026 12:30 Share

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 90- ամյակին

Գիտնականի, մտավորականի եզակի տեսակ կա, որն առանց երկմտելու, առանց աղմուկ-աղաղակի, առանց ակնկալիքի ամբողջ գիտակցական կյանքում ծառայում է երկրին ու ժողովրդին՝ նրան տալով իր մտքի ու հոգու ողջ պարունակությունը:

ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռադիկ Մարտիրոսյանն այդպիսին էր՝ մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս, կոչումով՝ մարդ, ուսուցիչ, խորհրդատու, առաքելությամբ՝ կրթական ու գիտական կյանքի անխոնջ մշակ՝ նվիրյալ:

Կյանքի, աշխարհի մասին հիմնարար պատկերացումները նրա մեջ ձեւավորվեցին Արցախի հիասքանչ անկյուններից մեկում՝ Մատաղիսում, որտեղ 1936թ. մայիսի մեկին նա լույս աշխարհ եկավ Մարտիրոս Մարտիրոսյանի եւ Աստղիկ Հարությունյանի օջախում:

Ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ Ռ. Մարտիրոսյանը հաջողությամբ ընդունվում է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտում է 1958 թվականին՝  ստանալով աստղաֆիզիկոսի որակավորում: Շուտով նա աշխատանքի է ընդունվում Բյուրականի աստղադիտարանում՝ Էմիլ Միրզաբեկյանի նախաձեռնությամբ ստեղծված ռադիոաստղաֆիզիկայի բաժնում:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ա. Պրոխորովը իր ասպիրանտների հետ։ Ձախից երկրորդը Ռ. Մարտիրոսյանն է, Մոսկվա, 1964 թ.

Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի առաջարկությամբ ու աջակցությամբ Ռ. Մարտիրոսյանը 1959 -ին մեկնում է Մոսկվա եւ ընդունվում ԽՍՀՄ ԳԱ Պ. Լեբեդեւի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ էլ Նոբելյան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Ա. Պրոխորովի ղեկավարությամբ սկսվում է նրա բուռն հետազոտական գործունեությունը: 1964-ին ակադեմիկոս Ա. Պրոխորովի ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը՝ Ռ. Մարտիրոսյանը վերադառնում է հայրենիք եւ իր գործունեությունն է սկսում ԳԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում, որի անփոփոխ տնօրենն էր շուրջ 26 տարի:  1984 թվականին ՌՖԷԻ-ում Ռ. Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմավորվում է թվային ավտոմատիկայի բաժինը, իսկ 1983-ին ԵՊՀ-ում արդեն ստեղծվել էր ԳԲՀ ռադիոֆիզիկայի բազային ամբիոն:

1993 թվականի հոկտեմբերին ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվում է Մայր բուհի՝ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր: Ավելի քան 13 տարի Ռ. Մարտիրոսյանը ղեկավարեց ԵՊՀ-ն: Նա ամեն ինչ արեց  մայր բուհի  միջազգային կրթական տարածքին ինտեգրելու, միջազգային կրթական ու գիտական ծրագրերին մասնակցելու, եռաստիճան բուհական կրթության  համակարգին անցնելու, բուհի բովանդակային, մասնագիտական, նյութատեխնիկան եւ տեխնոլոգիական հնարավորությունները զարգացնելու, ՏՀՏ միջոցները կրթության ու գիտական հետազոտությունների պրոցեսներում ներդնելու, համալսարանի շենքային պայմանները լավացնելու եւ ընդարձակելու, դասախոսների ու աշխատակիցների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ:

Այդ տարիներին պետական գրանցում ստացավ ու հաջողությամբ գործում էր ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը, որի նախագահը ԵՊՀ ռեկտոր Ռ. Մարտիրոսյանն էր: Բուհական կյանքի աշխուժացմանն ու բարեփոխուներին միտված բազմաթիվ հարցեր էին քննարկվում այդ խորհրդում, որի նիստերը հաճախ արտագնա էին կազմակերպվում՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, Արցախի պետհամալսարան, Գավառի համալսարան, Վանաձորի ու Գյումրիի մանկավարժական համալսարաններ եւ այլն:

Ռ.Մարտիրոսյանը Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վ. Սադովնիչիի հետ

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը 2006 թվականին ընտրվեց գիտության կաճառի՝ ՀՀ ԳԱԱ-ի նախագահ եւ պաշտոնավարեց մինչեւ 2021 թվականը: Այդ տարիներին ԳԱԱ նախագահը փորձում էր նախ վերականգնել հայկական գիտության ոչ հեռու անցյալի հեղինակությունը, հընթացս վերականգնելով գիտական կապերը ինչպես նախկին ԽՍՀՄ, այնպես էլ աշխարհի հայտնի գիտական ընկերությունների, ակադեմիաների ու կազմակերպությունների միջեւ: Նրա անմիջական նախաձեռնությամբ մշակվեց եւ 2011թ. ՀՀ ԱԺ-ի կողմից հաստատվեց «Գիտությունների ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը: Մշակվեց ու այդ օրենքին համահունչ հաստատվեց ՀՀ ԳԱԱ կանոնադրությունը:

2008-ին կազմակերպվեց ու անցկացվեց սփյուռքահայ գիտնականների ընտրությունը, որպես ԳԱԱ արտասահմանյան անդամներ:

2008 թվականին ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանի նախաձեռնությամբ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում կարեւորություն եւ հնչեղություն ստացավ «Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը», որը տրվում է երկու տարին մեկ՝ աշխարհի այդ ոլորտի նշանավոր գիտնականներին: Հեղինակավոր գիտնականն ամենօրյա ուշադրության կենտրոնում էր պահում ծննդավայրի՝ Արցախի ինչպես կրթական, գիտական, այնպես էլ բազմաբնույթ այլ հարցեր, որոնք ուղղվում էին նրան, որպես հայրենասեր ու հայասեր գիտնականի ու քաղաքացու:

Ռ. Մարտիրոսյանը Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի Ռ. Մարտիրոսյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ

Նկատենք, որ Մատաղիսի դպրոցը 1997-ից կրում էր Ռ. Մարտիրոսյանի անունը ու դա պարտավորեցնող էր: Պատահական չէր,  որ նաեւ նրա ջանքերով գյուղը ունեցավ նոր դպրոցական շենք, բավականին հարուստ լաբորատորիաներով, առարկայական կաբինետներով, սպորտային, երաժշտական գույքով ու միջոցներով հագեցած:

ՀՀ ԳԱԱ նախագահը մեծ ներդրում ունեցավ Արցախի գիտական կենտրոնի ստեղծմանը, որը գործել է 2007 թվականից:

Ռադիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ պաշտպանվել են տասնյակ թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ, ձեւավորվել են գիտության ռազմավարական ուղղություններ, գիտահետազոտական, կրթական եւ ակադեմիական համակարգեր: Նա ողջ էությամբ պետական մտածողությամբ օժտված անհատ էր, որը հատկապես նորանկախ Հայաստանի եւ Արցախի գիտական-կրթական քաղաքականության մշակման ու ձեւավորման գործում նշանակալից դեր ու մասնակցություն ունեցավ: Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի կյանքին եւ գործունեությանն է նվիրված «Գիտության եւ կրթության նվիրյալը» գիրքը:

Անվանի ակադեմիկոսը համաշխարհային ու ազգային գիտական ու կրթական միջավայրում բարձր հեղինակություն վայելող գիտնական էր, ով իր հայրենանվեր գործունեությամբ բարձրացրել է ՀՀ գիտահետազոտական, կրթական եւ ակադեմիական կառույցների ղեկավարումը եւ այդ առաքելությամբ մեր միջավայրում եզակի է: Ռադիկ Մարտիրոսյանը վայելում էր սեր ու հարգանք եւ իր երկարամյա արդյունավետ գործունեության համար արժանացել էր բազմաթիվ կոչումների, մրցանակների եւ պարգեւների: Անկասկած Երկրային կյանքի նրա ամենամեծ կոչումը Մարդ գիտնական ու հայրենասեր քաղաքացի լինելն էր, որի շնորհիվ նա կմնա ճանաչողների ու սերունդների հիշողության մեջ:

Կ. ԱԹԱՅԱՆ
մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 

Վ. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
29.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930