«Սա ընդամենը քաղաքական դեմարշ է։ Ադրբեջանը վաղ թե ուշ ստիպված պետք է վերականգնի իր հարաբերությունները։ Ուղղակի Ադրբեջանը վախենում է ավելի վատթարից, որ վաղը կարող է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում կայացնի իր վերաբերյալ, ինչպես, օրինակ, Իսրայելի վերաբերյալ է որոշում կայացրել Գազայի առնչությամբ։
Ընդ որում, շատ նման է այն, ինչ Ադրբեջանն է արել նրան, ինչ Իսրայելն արել է Գազայում և ընդհանրապես Պաղեստինում՝ 1947-ից և 1979-ից», — Aravot.am-ի հարցին՝ իրավական տեսանկյունից ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Եվրոպական խորհրդարանի՝ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևի ընդունումից, հետո Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) լիագումար նիստում որոշում է կայացրել խզել հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ, Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, այսպես պատասխանեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունեց «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևը, որով Ադրբեջանին նաև կոչ է անում հայ ռազմագերիներին անհապաղ և անվերապահ ազատ արձակել։
Ըստ Արա Ղազարյանի՝ Ադրբեջանը դեմարշ է անում, որ ապահովագրի իրեն, որ ավելի վատը չլինի․ Արդարադատության միջազգային դատարան չդիմեն, որ Ադրբեջանի գործողությունների օրինականությունը բողոքարկվի։ Հիմա էլ պարզ է՝ անցել է հայկական, նաև քրիստոնեական հետքը վերացնելուն․ «Իրավաբանորեն Եվրոպայի խորհրդից դուրս գալը կամ Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունները խզելն իր շահերից չի բխում։
Կարդացեք նաև
Ուղղակի Ադրբեջանը լավ հասկանում է, որ գնալով արձագանքն ուժեղանալու է՝ ո՞ւր են ի վերջո հայերը։ Սա կարճաժամկետ դեմարշ է։ Եվ վերլուծաբանները կասեն՝ միայն խորհրդարանի հետ հարաբերությունները խզելը չի նշանակում ԵՄ-ի հետ հարաբերությունների խզում, քանի որ ԵՄ-ի հետ պայմանագիր ունի, որը կնքում է գործադիր իշխանությունը։ Ճիշտ է, պառլամենտն է հաստատում, բայց այստեղ որոշակի հաշվարկ կա, որ նվազագույն վնասներով դուրս գա հերթական դեմարշից։ ԵԽ-ին էլ սպառնաց, որ դուրս կգա ԵԽ-ից, բայց մոտ երեք-չորս տարի է անցել, դեռ կոնկրետ քայլ չկա։ Ընդհակառակը, փորձում է վերադառնալ ԵԽԽՎ։ Բայց, իհարկե, Ադրբեջանը հասկանում է՝ որոշակի գին պետք է վճարի Արցախի համար, հիմա այդ գինը վճարում է։ Փուլ առ փուլ քայլեր է անում ու նայում է ուշադիր արձագանքին։ Արձագանքը երկու եկեղեցիների ոչնչացումն է։ Ցավում եմ, որ ՀՀ կառավարությունը չի արձագանքում, օտարերկրյա քաղաքական մարմիններն են արձագանքում»։
Հետաքրքրվեցինք՝ մի՞թե այս դեմարշը Ադրբեջանին ազատում է իրավական պատասխանատվությունից միջազգային տարբեր կոնվենցիաներով ստանձնած, Արա Ղազարյանը պատասխանեց․ «Իհարկե, ոչ։ Եթե նկատում եք՝ Ադրբեջանը երբեք չի ասում, որ ես հայերի վերադարձը չեմ ընդունելու, կամ լավ եմ արել, որ հայերին վռնդել եմ։ Ինքն ասում է՝ այն, ինչ իրավաբաններն ընդունել են, օրինակ՝ հայերն իրենք են հեռացել, մենք իրենց չենք հեռացրել, կամ եթե ցանկանում են, թող հայերը վերադառնան։ Դա ասում են, բայց, իհարկե, մեխանիզմներ չեն ստեղծում։ Իրենք իրավական սկզբունքներին դեմ չեն գնում իրենց հայտարարություններով։ Գործողություններով ամբողջությամբ դեմ են գնում, բայց քանի որ հարցերը լուծվում են ավելի շատ քաղաքական, քան իրավական դաշտում, իրենք փորձում են տարբեր ոլորտներում որոշակի հավասարակշռության հասնել թեկուզ այդ արձագանքների հաշվով։ Գուցե իրենց համար անսպասելի էր ԵՄ-ի այս բավականին խիստ արձագանքը, բայց, դե, իրենք էլ գիտեն, որ իրենք մարդկության դեմ լուրջ հանցագործություն են կատարել»։
Մեր այն փաստմանը՝ իրենց հայտարարություններում ադրբեջանական կողմը նշում է, որ բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություններին։ Ըստ նրանց՝ ռազմագերիների արձակման կոչերն իրավական տեսանկյունից անընդունելի են։ Իբր Ադրբեջանը դրսևորել է մարդասիրություն՝ ազատ արձակելով մի շարք կալանավորների՝ ձեռնարկելով վստահության ամրապնդման քայլեր և այլն։
Արա Ղազարյանին հարցրինք՝ մի՞թե սա հիմնավոր է, նա պատասխանեց․ «Դա Ադրբեջանի ձեռագիրն է։ Եթե հիմնավոր լիներ, նման քաղաքական հայտարարություններ չէին հնչի ԵՄ-ի, ԵԽ-ի կողմից։ Բոլորն էլ հասկանում են, որ դրանք անհիմն հայտարարություններ են, որ էթնիկ զտում է եղել, և գնահատականները հնչեցնում են։ Ադրբեջանը միշտ փորձում է սուտը ներկայացնել՝ որպես ճշմարտություն և փորձում է ամեն տեղ առերևույթ հիմնավոր որևէ խնդիր ներկայացնել՝ որպես վիճելի խնդիր՝ հավասարության նշան դնելով»։
Հարցին՝ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևն ի՞նչ իրավական կշիռ ունի, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այդ բանաձևերից հետո ավելի ծանրակշիռ փաստաթղթեր են ընդունվում։ Այնպես որ, նման փաստաթղթերը բավականին լուրջ պետք է ընդունել։ Այդ բանաձևերի վրա ուշադրություն են դարձնում դատարանները, քաղաքական սանկցիա սահմանող մարմինները, օրինակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան։ Ուշադրություն են դարձնում այն մարմինները, որոնք որոշում են փաստահավաք խումբ ուղարկել Ադրբեջան։ Ադրբեջանը նավթի, գազի, առևտրային պայմանագրերով կարողանում է որոշակիորեն զսպել արձագանքները։ Իրավական գործընթացներում անկեղծ վիրավորվելու բնավորություն ունեն։ Կատարում են հանցագործություն, բայց երբ մատնացույց ես անում, անկեղծ նեղանում են։ Անընդհատ իրավական գործընթացներում դրան բախվում ենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































