«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը, որն ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակում 8-րդ համարն է, քարոզարշավն իրազեկման ակցիաներով մեկնարկել է Երևանում, այնուհետև կլինի նաև մարզերում։ Շենգավիթ վարչական շրջանում Aravot.am-ը զրուցեց ԱԺԲ ընտրացուցակի 10-րդ համար Արմեն Ադամյանի հետ։
-Քարոզարշավը մեկնարկել է։ Ո՞րն է ձեր քարոզարշավի նպատակը, և ի՞նչ եք հասցրել անել այս մի քանի օրերի ընթացքում։
-ԱԺ ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելուց հետո Ազգային ժողովրդավարական բևեռի առաջին նպատակը, քարոզարշավն իրականացնելու մեխն այն է, որպեսզի մենք մեր ժողովրդին տեղեկացնենք, որ «Բևեռը» մասնակցում է ընտրություններին, որովհետև կազմավորումից ի վեր «Բևեռը» գտնվում է մեդիա բլոկադայի մեջ։ Սակայն 5-6 տարվա աշխատանքի շնորհիվ հնարավորություն է առաջացել՝ ճեղքել այդ բլոկադան։ Ժողովրդի մի հատված ճանաչում է մեզ։
Կարդացեք նաև
Մենք խնդիր ունենք հասցնելու ժողովրդին, որ մենք, որպես ազգային ուժ, մասնակցում ենք այս ընտրություններին։ Մենք մեր ժողովրդին, մեր ընտրողներին հնարավորություն ենք տալիս քաղաքական դաշտում եղած ուժերի ցանկում ունենալ իսկապես ազգային նպատակներով, ազգային պետություն կառուցելու ունակ ուժ, փոխել այն դասավորությունը Ազգային ժողովում, որը կա 2021 թվականից ի վեր։
-Ի՞նչ եք պատրաստվում անել, եթե մտնեք Ազգային ժողով։
-Հուսով ենք և աշխատում ենք ԱԺ մտնելու ուղղությամբ։ Աշխատանքը, որ տարիներ ի վեր «Բևեռը» կատարում է երկրից դուրս, ի մասնավորի՝ լոբբիստական գործունեությունը, և երկրի ներսում՝ «Բևեռի» ծրագրերը ներկայացնելու, մարտահրավերներին իր լուծումները, իր ծրագրերը ներկայացնելու ուղղությամբ, մենք արդեն, որպես խորհրդարանական ուժ, դա անելու ենք և ավելի մեծ հնարավորություններ ենք ունենալու այդ խնդիրների լուծումներին հասնելու համար։
-Ի վերջո, ձեր առաջնային նպատակը Ազգային ժողով մտնե՞լն է, թե՞ իշխանություններին հեռացնելը։
-Եվ ԱԺ մտնելը, և իշխանություններին հեռացնելը նպատակներ չեն։ Դրանք միջոցներ են՝ հասնելու միակ՝ ազգային պետություն կառուցելու նպատակին։ ԱԺ մտնելը հնարավորություն է, որը մենք ցանկանում ենք ստանալ մեր ժողովրդի քվեի շնորհիվ։ Իսկ գործող իշխանություններին հեռացնելը մեր պետությունը կառուցելու համար առկա խոչընդոտը վերացնելն է։ Մենք այդ խնդիրն ունենք, որովհետև գործող իշխանությունները ամեն կերպ խոչընդոտում են ազգային պետության կայացմանը, ավելին, հակառակ գործունեություն են ծավալում։
Նրանք ոչ միայն մեզ չեն ցանկանում տեսնել որպես խորհրդարանական ուժ, այլև չեն ուզում մեզ տեսնել որպես արտախորհրդարանական ուժ։ Եվ ամեն կերպ՝ հալածանքներով, բանտարկություններով, ազատազրկումներով աշխատել և աշխատում են, որպեսզի մեր նման ուժը առհասարակ գոյություն չունենա ոչ միայն Ազգային ժողովում, այլև քաղաքական դաշտում։
Դրա համար մենք պիտի ավելի համառ լինենք։ Եվ այդպիսին ենք։ Հուսով ենք, որ մեր ժողովուրդը կկանգնի մեր կողքին, կլսի մեր ձայնը և իր քվեով հնարավորություն կտա մեզ, և իրեն՝ ունենալ ժողովրդի շահերը պաշտպանող և ազգային նպատակներ հետապնդող ուժ խորհրդարանում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































