Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատել որքան կարող ես, հետո՝ որքան պետք է. բացառիկ հարցազրույց Արման Թաթոյանի հետ

Մայիս 15,2026 13:30 Share

«Երբեք անձնական կյանքիս մասին մանրամասներ չեմ հայտնել, ինձ համար անսովոր է խոսել դրա մասին, բացահայտել ինձ՝ իմ աշխատանքային գործունեությունից դուրս»,- ասում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Արման Թաթոյանի հետ երկար ու բովանդակային զրույց ենք ունեցել, բացահայտել ենք նրան այլ՝ երբևէ չներկայացված դիտանկյունից, խոսել երբևէ չքննարկված թեմաներից։

Փոքր տարիքից այնպես է ստացվել, որ միշտ ինձ վրա պատասխանատվություն եմ վերցրել

Ես ծնվել եմ Երևանում՝ հայկական, ավանդական ընտանիքում։ Ես և քույրս դաստիարակվել ենք այնպիսի արժեքներով, ինչպիսիք են արդար լինելը, սեփական քայլերի համար պատասխանատվություն կրելը և ինքնուրույն որոշումներ կայացնելը։

Մայրս մանկավարժ է, աշխատել է դպրոցում ուսուցչուհի և մանկապարտեզում դաստիարակչուհի։  Ես սովորաբար դպրոցից հետո գնում էի մորս աշխատավայր և դասերս էի պատրաստում մինչև մայրս աշխատանքն ավարտի, որ միասին տուն գնանք։ Արդեն այդ տարիքում շատ էի սիրում դիպլոմատ-պայուսակով գնալ դասի, հորս դիպլոմատն էի վերցնում ու առանձնահատուկ խնամքով էի վերաբերվում դրան (ժպտում է. խմբ)։

Մեծ գերդաստան ունենք, մայրս ու հայրս 7 երեխա են եղել իրենց ընտանիքներում։ Նրանք էլ արդեն իրենց հերթին շատ երեխաներ ու թոռներ ունեն։ Պատկերացրեք՝ որքան շատ ենք դառնում, երբ ընտանիքներով հանդիպում ենք, անգամ լինում են դեպքեր, երբ ոմանց չեմ ճանաչում…չեմ հասցնում ճանաչել։ Մինչև մյուս հանդիպումն արդեն նոր երեխաներ են ծնվում ընտանիքներում (ծիծաղում է. խմբ)։

Երևի թե միայն մեր ընտանիքում է, որ երկու երեխա ենք՝ ես ու փոքր քույրս։ Դեռ փոքր տարիքից առաջնեկը լինելն է, երևի, պայմանավորել միշտ ինձ վրա պատասխանատվություն վերցնելը։  Առաջին անգամ իմ աշխատանքով գումար վաստակեցի յոթերորդ դասարանում․ աշխատածս գումարն ընտանիքիս կարիքների համար էի ծախսում և հաճախ՝ առանց նրանց իմացության։ Առաջին գումարն էլ, հիշում եմ, Ուկրաինայում եմ վաստակել․ հորս հետ գնացինք խանութ՝ քրոջս և ինձ համար կոշիկներ գնեցինք։

Ճանաչիր քո առաքելությունը, ազնիվ եղիր ինքդ քեզ հետ և դիրքդ կառուցիր արդարության վրա։ Երբ վստահ ես քո ճշմարտությանը, գիծդ քաշիր ու պահիր առանց նահանջի։ Հաստատակամությունն է ձևավորում քո արժեքը, իսկ արդար դիրքից  սկսվում է հաղթանակը

Ես արդեն հինգերորդ դասարանում էի սովորում, երբ տեղափոխվեցինք Ուկրաինա։ Հայրս արտագնա աշխատանքի մեկնեց, որոշեցինք՝ ընտանիքով տեղափոխվել, որպեսզի բոլորս միասին լինենք։

Դպրոցական տարիներին մի շարք իրադարձություններ են եղել, որոնք հետագայում ազդել են իմ բնավորության ձևավորման ու կայացման վրա։ Նախ, մեր շրջապատում ընդհանրապես հայեր չկային, ամեն ինչ օտար էր մեզ համար՝ լեզուն, միջավայրը, սովորույթները։ Մեր դպրոցում «ա» և «բ» դասարաններ կային ու, չգիտես ինչու, դպրոցում ընդունված էր՝ լավ սովորող երեխաներն «ա» դասարանում էին, վատ սովորողները՝ «բ» դասարանում։ Ես ու քույրս էլ, քանի որ նոր էինք տեղափոխվել, ուկրաիներենին չէինք տիրապետում ու պետք է զրոյից սովորեինք, մեզ «բ» դասարանում գրանցեցին։ Այստեղ զգում էի բացասական ու անգամ քամահրական վերաբերմունք, ընկերներ դեռ չունեինք։ Մեր հայ լինելը սկզբում հաճախ էր ծաղրանքի ու հեգնանքի արժանանում։

Ուկրաիներենում «հայ» ազգությունը թարգմանվում էր «ВІРМЕН» (վիրմեն), իսկ դպրոցում էլ կանոն կար, որ գրանցամատյանում աշակերտի անուն-ազգանվան հետ նաև ազգային պատկանելությունն էր գրվում։ Սկզբնական շրջանում ներկա-բացակայի ժամանակ, երբ մեր անուն, ազգանունը կարդում էին, դասարանում սկսում էին ծիծաղել «վիրմեն» բառի վրա։ Սա շատ էր վիրավորում ինձ, իմ անձնական ու ազգային արժանապատվությունը։ Այդտեղից է ձևավորվել իմ մոտեցումը՝ ազգային արժանապատվության արժեքը անձնական արժանապատվության համար։ Մանկության այդ տարիներն են ինձ մոտ ձևավորել սկզբունք՝ չպետք է թույլ տալ ազգային արժանապատվության ոտնահարում․ դա ավելի վատ է անդրադառնում անձնական արժանապատվության վրա։

Մի անգամ բարձր դասարանների մի խումբ տղաներ դպրոցի բակում վեճ հրահրեցին…պատճառ չկար, միակ պատճառն իմ հայ լինելն էր։ Շատ լավ հիշում եմ. ինձնից մեծ ու բարձրահասակ տղաներ էին, իսկ ես մենակ՝ իրենց կազմած մեծ շրջանի կենտրոնում։ Բայց ես ոչ մի պահ հետքայլ չարեցի, չփախա, որովհետև գիտեի՝ ավելի վատ էր լինելու։ Հետագայում հասկացա, թե սա ինչքան կարևոր է, որ եթե դու վստահ ես ազնիվ ու արդար լինելուդ մեջ, պետք է ոչ մի դեպքում հետքայլ չանես, դա ավելի է բարձրացնում քո արժեքը։

Հետո մեկ տարվա ընթացքում ես էլ, քույրս էլ բավականին արագ սովորեցինք ուկրաիներեն լեզուն և հաջորդ ուսումնական տարում արդեն տեղափոխվեցինք «ա» դասարան։ Այստեղ միանգամից վերաբերմունքը մեր հանդեպ փոխվեց, ընկերները շատացան։

Այդ ժամանակ ես հասկացա՝ որքան կարևոր է գիտելիքը, որքան կարևոր է, երբ ինքդ քո աշխատանքով ես արդյունքի հասնում, շրջապատի վերաբերմունքը միանգամից փոխվում է քո նկատմամբ, զգում ես՝ ինչպես է ամրապնդվում վստահությունը սեփական ուժերիդ նկատմամբ։

Երկուսս էլ դպրոցը գերազանցությամբ ենք ավարտել։ Դպրոցում սովորելու տարիներին ամենասիրելի զբաղմունքներից մեկը վոլեյբոլն էր։ Բայց այս հոբիների շարքում ամենասիրելին, թերևս, եղել ու մնացել է մոտոցիկլետ վարելը։ Առ այսօր շատ սիրում եմ, հնարավորության ու ժամանակ ունենալու դեպքում անպայման կսկսեմ նորից վարել։

Ուկրաինայում մենք ունեինք առանձնատուն և տնամերձ հողատարածք, և ես շատ էի սիրում գյուղատնտեսությամբ զբաղվել։  Տարբեր տեսակի ընտանի կենդանիներ էի պահում։ Օրս սկսվում էր առավոտյան ժամը վեցից․ դպրոց գնալուց առաջ կենդանիների համար կեր էի պատրաստում, կերակրում էի։ Դասերից հետո դաշտերից խոտ էի հնձում, հեծանիվով բերում, ձմեռվա համար չորացնում։ Շատ էի սիրում անտուն շներին տուն բերել ու կերակրել։ Երբեմն, իհարկե, «չափն անցնում» էի։ Այս ամենին զուգահեռ դպրոցում գերազանց առաջադիմությամբ էի սովորում։ Այսօր էլ մտածում եմ՝ եթե օրերից մի օր ոչնչով չզբաղվեմ, կցանկանամ իմ փոքրիկ հողամասն ունենալ. հողի հետ աշխատանքն  ինձ հանգստություն է պատճառում, շատ եմ սիրում։

Ընտրության տասը հնարավորություն էլ ունենամ՝ կընտրեմ իրավագիտությունը

Միշտ երազել եմ իրավաբան դառնալ և այսօր էլ, եթե ընտրության տասը հնարավորություն էլ ունենամ, միևնույն է, իրավագիտությունը կընտրեմ։ Մանկուց երազել եմ հենց այս ոլորտում աշխատել։ Մի պահ շատ էի ուզում դատախազ դառնալ ու այնպես ստացվեց, որ շատ կարճ ժամանակ դատախազ եմ աշխատել Գլխավոր դատախազությունում, հետո իմ կամքով դուրս եմ եկել։ Մեր ընտանիքում իրավաբաններ շատ կան, բայց ընտրությունս հստակ ու իմ կողմից գիտակցված է եղել։ Հեշտ չի եղել նաև համալսարան ընդունվելու ճանապարհը։

Ուկրաինայում սովորելիս որոշել էինք, որ Կիևի համալսարանում եմ շարունակելու ուսումս։ Բայց հետո որոշեցինք վերադառնալ Հայաստան․ մայրս այս հարցում մեծ դեր խաղաց, համոզեց բոլորիս և բոլորով վերադարձանք։ Պատկերացրեք՝ երկար տարիներ այստեղ չէինք եղել, դպրոցում միայն ուկրաիներեն էինք սովորել, ու ես դժվարանում էի հայերեն գրել-կարդալ։ Ունեի ընդամենը մեկ տարի՝ պարապելու և ընդունվելու համար։ Այն տարիներին դասախոսների կամ կրկնուսույցների մոտ պարապելը մատչելի չէր։ Հայրս վաճառեց մեր «ԳԱԶ 24» մակնիշի մեքենան, որ ես կարողանամ պարապել։ Սա ինձ համար անբացատրելի զգացողություն էր…շնորհակալ ու պարտավորված լինելու… և դարձյալ՝ պատասխանատվության։

Քանի որ նպատակ էի դրել ընդունվել, ընդամենը մեկ տարում պարապեցի ու ընդունվեցի ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ՝ անվճար ուսուցմամբ։

Ուսանողական տարիներին կրթաթոշակ էի ստանում գերազանցության համար, տարբեր մրցույթների մասնակցում ու էլի գումար վաստակում։ Եղել է անգամ շրջան, որ գաջ քսող վարպետի մոտ եմ աշխատել։ Դասերից հետո կամ առաջ գնում էի աշխատանքի, հետո վերադառնում տուն, հագուստս փոխում, որոշ դեպքերում հետս վերցնում ու գնում դասի։ Վաստակածս ամբողջ գումարը տան կարիքների համար էր, ինձ համար՝ միայն գրքեր… դժվար ժամանակներում էինք ապրում։

Այս ամենի մասին երբեք ու ոչ ոք չի իմացել, որովհետև, նախևառաջ, մեր ընտանիքի դրվածքն է այդպիսին՝ մենք, մեր կյանքը, մեր խնդիրները։ Մայրս մի խոսք ուներ. «անգամ քո տան աղբի պարունակությունը հարևանը չպետք է իմանա»։ Եվ հետո՝ տանել չեմ կարողանում ինչ-որ մեկից կախված լինելը, զոհի դերում լինելը, իմ դժվարությունների կամ խնդիրների մասին բացահայտ խոսելը։

Ես միշտ գիշեր-ցերեկ աշխատել եմ, միաժամանակ մի քանի աշխատանք եմ արել՝ իմ քնի, հանգստի, առողջության հաշվին, ամեն ինչ վերցրել եմ ինձ վրա։ Միշտ սիրում եմ կրկնել, որ պետք է աշխատել որքան կարող ես, հետո՝ որքան պետք է։

Գիտելիքը, կարողությունները հնարավորություն տվեցին անցնել աշխատանքի բարձր աշխատավարձով․ դա ինձ տալիս էր անկախություն։ Երբևէ որևէ մեկից կախված չեմ եղել և չեմ սիրել կախվածություն։ Միշտ սիրել եմ լինել ինքնուրույն և ինքնաբավ։

Համալսարանը ևս գերազանցությամբ եմ ավարտել, հետո միանգամից ընդունվեցի ասպիրանտուրա։ 26 տարեկանում արդեն իրավաբանական գիտությունների թեկնածու էի։ Թեկնածուական ատենախոսությունս գրել և պաշտպանել եմ ռուսերենով, քանի որ գլխավոր ընդդիմախոսս Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից էր։

Ինձ համար շատ կարևոր էր ԱՄՆում կրթություն ստանալը

Կրթությունը միշտ է եղել առաջնային կյանքի բոլոր փուլերում։ Արդեն կայացած մասնագետ էի իմ ոլորտում, ունեի աշխատանք, միջազգային կառույցներում էի աշխատում, բայց որոշեցի կրթությունս շարունակել ԱՄՆ-ում։ 26-27 տարեկան էի, ընկերներս շատ էին ասում՝ այս տարիքում նորից ուսանող, ինչի՞դ է պետք։ Բայց ես գիտեի, որ դա անհրաժեշտություն է․ մրցակցային և զարգացող աշխարհը պահանջում է նոր գիտելիքներ ու կարողություններ, իսկ դա կարելի էր ստանալ աշխարհի որևէ հեղինակավոր համալսարանում։


Ընդունվեցի Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոց և բիզնես դպրոց՝ իրավաբանների համար նախատեսված հատուկ ծրագրով։ Ի դեպ, նույն համալսարանում են սովորել նաև ԱՄՆ 9-րդ նախագահ Ուիլյամ Հարիսոնը, ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, Իլոն Մասկը և այլն։

Ինձ համար շատ կարևոր էր աշխարհի առաջատար համալսարանում կրթություն ստանալը։ Իհարկե, հեշտ չէր սովորելը։ ԱՄՆ-ում համալսարանում սովորելուն զուգահեռ ես նաև Եվրոպայի խորհրդում խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) անդամ էի, ու դրա շրջանակում ԱՄՆ-ից գնում էի եվրոպական տարբեր երկրներ միջազգային առաքելության, հետո վերադառնում ու զբաղվում դասերով։ Աշխատանքային փորձառություն ունեցել եմ գրեթե ամենուր՝ Աֆրիկայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում։

ԱՄՆ-ում սովորելը շատ բան է տվել. տարբեր մարդկանց հետ շփվելու կարողություն, ինքնաներկայացման հմտություններ, կապեր և այլն։  Հենց այդ կապերի շնորհիվ է նաև, որ այսօր, որպես լավագույն շրջանավարտ, ԱՄՆ-ի տարբեր համալսարաններից հրավերներ եմ ստանում՝ դասախոսություններով հանդես գալու և իմ փորձը ուսանողներին ներկայացնելու համար։

Բացի դրանից, իմ մասնագիտական գործունեության ընթացքում ամենատարբեր կառույցներում եմ աշխատել՝ պետական, դատական, իրավապահ համակարգերում, միջազգային կառույցներում ու կոմիտեներում, հասարակական կազմակերպություններում, դրա համար էլ ներսից եմ ճանաչում բոլոր համակարգերը։

Ճակատագիրն ինձ միշտ Հայաստան է վերադարձրել

ԱՄՆ-ում սովորելուց հետո պլանավորել էի Նյու Յորքում հիմնական աշխատանքի անցնել, արդեն հանձնել էի փաստաբանի քննությունների մի մասը, բնակարանի վարձակալության ժամկետն էի երկարաձգել, պատրաստվում էինք ընտանիքով տեղափոխվել։ Բայց Երևանից ստացա առաջարկ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հրամանով ինձ նշանակեց Արդարադատության փոխնախարար։  Ինչու էին հենց ինձ առաջարկում.  ԱՄՆ գնալուց առաջ մենք աշխատանքային խմբով մշակել էինք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, և այդ պաշտոնում պետք էր մարդ, ով ամբողջությամբ տիրապետում էր դրան և կարող էր ղեկավարել այդ ոլորտի աշխատանքները։ Ընդ որում, ինձանից առաջ և հետո այդ աշխատանքային խմբի անդամ իմ ընկերներն են զբաղեցրել նույն պաշտոնը։ Բացատրելու բոլոր փորձերս, որ չեմ կարող վերադառնալ Հայաստան, բոլորովին այլ պլաններ ունեմ, ապարդյուն են անցնում։   Ուկրաինայից Հայաստան տեղափոխվելուց հետո սա արդեն երկրորդ դեպքն էր, որ ճակատագիրն ինձ վերադարձրեց Հայաստան։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինձ համար հպարտություն էր կառույցի հեղինակությունը 81%-ի հասցնելը, աշխատանքի բացառիկ ուղղություններ զարգացնելը

Մարդու իրավունքների պաշտպան լինելն իմ աշխատանքային գործունեության ամենահագեցած, ու ինձ համար առանձնապես կարևոր շրջափուլ է եղել։ Հստակ հետազոտություններ կան, որոնք ցույց են տալիս կառույցի հեղինակությունն իմ պաշտոնավարումից առաջ և հետո։ Պաշտոնավարումը սկսել եմ այն ժամանակ, երբ կառույցի հանդեպ վստահությունը 28% է եղել, պաշտոնավարմանս ավարտին հասել է 81%-ի։ Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվել է կառույցը, այսպես ասած, ոտքի կանգնեցնել ու վերականգնել վստահությունը։ Սա մեր թիմի օր ու գիշեր, նվիրված ու քրտնաջան աշխատանքի արդյունքն է եղել։ Այնպես է ստացվել, որ իմ պաշտոնավարման տարիներին շատ են եղել ճգնաժամային իրավիճակները․ 2016թ. ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում և Սարի թաղի դեպքեր, 2017թ․ այդ դեպքերին հաջորդած լարվածություն, 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններ, 2020թ․ հուլիսին Տավուշի նկատմամբ ադրբեջանական ագրեսիա, COVID-19, 2020թ․ 44-օրյա պատերազմ, 2021-2022թթ․ Հայաստան ադրբեջանական ներխուժումներ, կրակոցներ, գերիներ, ադրբեջանական հանցանքների փաստագրում և այլն։ Բոլոր իրավիճակներում մենք աշխատել ենք նույն սկզբունքով՝ աշխատել որքան կարող ես, հետո՝ որքան պետք է։

Շատ ծանր աշխատանք ենք տարել պատերազմի ժամանակ։ Եղել են օրեր, երբ փաստահավաք գործողություններից հետո վերադառնում էի ու չէի կարողանում աշխատասենյակ մտնել, երբ լույսն անջատված էր։ Աչքերս փակում էի՝ հայտնվում էին մեր զոհված տղաների մարմիններն ու նրանց ընտանիքների հոգեկան տառապանքները, մարդկանց ունեզրկումների տեսարանները, անօգնական մարդիկ։ Հոգեբանական շատ ծանր ապրումներ եմ ունեցել։ Բայց գիտակցում էի, որ չունեմ այդ ամենը ցույց տալու իրավունք։ Ավելին, այդ ամենն ինձ ուժ էր տալիս առաջ գնալու, չվհատվելու, չհանձնվելու համար, քանի որ տեսնում էի, որ մարդիկ մեզ հետ են հույսեր կապում, չհիասթափվելուն մեր նվիրվածությունն ու աշխատանքն է օգնում։

Ինձ համար հպարտություն է փաստել, որ իմ պաշտոնավարման ժամանակ մենք զարգացրել ենք աշխատանքի այնպիսի բացառիկ ուղղություններ, որոնք օրինակելի  են եղել Եվրոպայի համար․ երրորդ կողմ ենք ներգրավել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանին վերաբերող գործերով, հավաքների մեր դիտարկման մոտեցումները ԵՄ-ի կողմից ճանաչվել են որպես օրինակելի փորձ այլ երկրների օմբուդսմենների հաստատությունների համար և այլն։

Ուժի և էներգիայի ամենամեծ աղբյուրն ընտանիքում է

Երեխաները շատ արագ են մեծանում, այսօր ավելի եմ համոզվում, որ կարևոր է նրանց հետ անցկացրած ամեն րոպեն։ Ամենախիտ գրաֆիկով անգամ փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի նրանց հետ օրվա մեջ հասցնեմ շփվել, ինքս տանեմ դասի կամ պարապմունքների։ Նաև փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի թիմակիցներս էլ, անկախ ծանրաբեռնվածությունից, կարողանան բավական ժամանակ անցկացնեն ընտանիքի հետ. դա ամենակարևորն է։

Ամենամեծ էներգիան ստանում եմ այդ ժամանակ։ Բայց ինձ համար սկզբունքային է՝ ընտանիքս հանրային չդարձնելը, ես ուզում եմ, որ նրանք ապրեն հանգիստ ու հանդարտ կյանքով՝ առանց հատուկ ուշադրության։

Մեծ պատասխանատվություն եմ ստանձնել, որովհետև իմ ամեն ինչն եմ դրել սեղանին

Շատ են հարցնում, թե ինչու եմ որոշել քաղաքական պատասխանատվություն ստանձնել. որոշել եմ, որովհետև չեմ ուզում հետո փոշմանել, որ ունեցել եմ թեկուզ մեկ հնարավորություն ու չեմ արել գործողություններ հանուն երկրի, հայրենիքի ու ժողովրդի։  Իմ առաքելությունն այսօր համարում եմ մարդկանց օգնելը, մարդկանց կյանքում դրական փոփոխություն բերելը։

Ես կարող էի լինել երկրից դուրս, հանգիստ վայելել իմ կյանքը, ունենալ ցանկալի աշխատանք, բայց հասկացա, որ ես ինձ չեմ ների։ Սա, իսկապես, մեծ պատասխանատվություն է, որովհետև ես իմ ամեն ինչն եմ դրել սեղանին։ Ամենամեծ անարդարությունն այն է, երբ սկսում ես ականատես լինել, թե ինչպես է աչքիդ առաջ հիմնովին փոխվում դարերի պատմությունը, ինչպես է ջնջվում ու դրա փոխարեն պարտադրվում ուրիշը։ Եթե հաշտ չես դրա հետ, ուրեմն պետք է պայքարես օրինական ճանապարհներով, հետևաբար, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մարդիկ՝ ի դեմս ինձ և մեր թիմի, կունենան ընտրություն։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031