Շվեյցարահայ համայնքի անդամ, տարբեր հակամարտություններում, միջնորդական առաքելություններում իր գիտելիքը ներդրած փորձագետ Աննա Հեսս Սարգսյանին հարցրինք Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստից իր տպավորության, արդյունքի մասին:
«Արդյունքը պիտի չափել սահմանված նպատակին համապատասխան: Նպատակը Շվեյցարական խաղաղության նախաձեռնության շրջանակներում արցախցիների այսօրվա խնդիրների մասին բարձրաձայնումն էր՝ ակնկալիքով, որ հետագա քայլեր կլինեն: Արդյունավետ է այն առումով, որ հարթակը կա, եւ արցախցիները կարողանում են իրենց հոգսերի մասին խոսել:
Եթե դիտարկենք այն տեսանկյունից, որ վերադարձ լինելու է՝ վաղը, ապա արդյունավետ չի կարելի համարել: Բայց մեր նպատակն այն է, որ հնարավորինս կարեւոր ֆորմատներով Արցախի, արցախցիների ձայնը, մտահոգություններն ու խնդիրները լսելի դարձնենք: Դա հաջողվեց»:
«Հայությունը, շվեյցարահայությունն ինչպե՞ս պիտի օգնի, որ Արցախին ուղղված Շվեյցարիայի օրենսդրի, հանրության մարդասիրական հայացքը շարունակական լինի» մեր հարցին ի պատասխան Աննա Հեսս Սարգսյանը նախ ուշադրություն սեւեռեց շվեյցարական ժողովրդավարական՝ առանձին անկախ գործող համակարգի վրա:
Կարդացեք նաև
«Եթե ԱԳՆ-ն շատ զգույշ է, հարգում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի՝ ֆորում հրավիրելը մերժելու, այն անպատեհ համարելու փաստը եւ դրանով հարցը փակում, օրենսդիրը շարունակում է իր գործը՝ առանց ճնշման ենթարկվելու: Եթե հաշվի առնենք, որ պառլամենտական Շվեյցարիայում ժողովրդի ընտրած պատգամավորներն օրակարգ են բերել ԼՂ հարցը, արդեն ներկայացուցչական է որոշակի չափով եւ շատ կարեւոր: Հավանական է, որ ֆորումը չլինի, բայց կարեւոր է հետեւյալ ուղերձը՝ պառլամենտականները ոչ միայն հարթակ են տրամադրում արցախցիների ձայնը լսելի դարձնելու համար, այլ ցույց են տալիս նաեւ, որ պարտադիր չէ, որ պատերազմ ուզենաս Արցախի մասին խոսելով: Այն պարագայում, որ թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս արդեն չի խոսվում Արցախի մասին, Շվեյցարիայում խոսվում է:
Շվեյցարիայի պառլամենտականները հազարումի հարց ունեն օրակարգում, մեր գործը պետք է լինի Արցախի հարցն օրակարգում պահելը, հնարավորինս հստակ քայլեր ձեռնարկել կարեւոր երեք հարցերի լուծման ուղղությամբ՝ վերադարձ (որն այսօր իրականանալի չէ՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմական տեսանկյունից), գերիների ազատում եւ մշակութային ժառանգության պաշտպանություն: Շվեյցարահայությունն անընդհատ պիտի սնուցի պառլամենտի օրակարգը՝ վերոհիշյալ երեք հարցերի մասին արծարծմամբ, փոքր քայլերով:
Մեծ հավակնություններով նպատակների իրականացումն իրական չէ: Օրինակ՝ Շվեյցարիայում ի՞նչ մեխանիզմներ կան, որ կկասեցնեն նյութական եւ ոչ նյութական ժառանգության ոչնչացումը: ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Շվեյցարիան չնայած օրակարգում չունի Արցախի, ՀՀ- Ադրբեջան թեմաները, սակայն ոչ ֆորմալ՝ գերիների հարցով կարելի է համատեղ աշխատել: Փոքր քայլեր հնարավոր է անել:
Հայություն ասվածը շատ լայն է, ենթատեքստները՝ տարբեր են, եթե Հայաստանի կառավարության, ղեկավարության օրակարգում այս հարցերը լինեին, բնականաբար շվեյցարահայության գործն ավելի հեշտ կլիներ: Հիմա փաստորեն շվեյցարահայությունն աշխատում է վակուումի մեջ, մեզ միակ աջակցող ուժն այս պահին Շվեյցարիայի պառլամենտականներն են, Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում
Լուսանկարը՝ Աննա Հեսս Սարգսյանի ֆեյսբուքյան էջից


















































