Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիոն ոլորտի խստացումներ․ ի՞նչ է սպասվում ՌԴ մեկնող հայերին, եւ ի՞նչ հետեւանք կունենա Զելենսկիի այցը Հայաստան

Մայիս 14,2026 13:30 Share

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը ներկայացնում է, թե Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն ոլորտի օրենսդրությունում ինչ փոփոխություններ են կատարվել եւ ինչ խստացումներ են գործում աշխատանքային միգրանտների, այդ թվում՝ հայերի համար։

Ինչո՞ւ է Ռուսաստանի Դաշնությունը խստացրել ու շարունակում խստացնել միգրացիոն օրենսդրությունը

«Հայկական Կարիտաս» ՀԿ-ն իրականացնում է «Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագիրը։ Այն իրականացվում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղրղըզստանում, Ուզբեկստանում եւ Տաջիկստանում, եւ այս ծրագրի շրջանակներում միգրանտներին տրամադրվում է նախամեկնումային խորհրդատվություն եւ իրավական պաշտպանություն։

«Մեր շահառու խումբը ՌԴ գնացող, ՌԴ-ում գտնվող աշխատանքային միգրանտներն են և նրանց ընտանիքի անդամները։ 2022-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմից սկսած, Ռուսաստանի Դաշնությունը շատ ակտիվորեն խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը։ Իրենք դա բացատրում են նրանով, որ երկիրն ունի անվտանգության խնդիր, և իրենք անվտանգային հարց են լուծում՝ հնարավորինս, փորձելով կառավարել իրենց երկրում գտնվող օտարերկրացիներին, այսինքն՝ իմանան՝ ովքե՞ր են մուտք գործում, ի՞նչ տեղաշարժեր ունեն, որտե՞ղ են գտնվում, ունե՞ն որևէ կապ Ուկրաինայի հետ, թե՞ ոչ։ Իրենք ասում են՝ ուկրաինական դրոնները ոչ միշտ է, որ կարողանում են սահմանը հատել, շատ հաճախ երկրի ներսում են ինչ-որ ակտեր իրականացնում, վնասում օբյեկտները։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ ներսում մարդիկ կան, ովքեր գումար են վերցնում և դրա դիմաց Ուկրաինային ծառայություն են մատուցում։ Իրենց համար շատ կարևոր է, որ երկիր մուտք գործողների տեղաշարժերն իմանան՝ ով ուր է գնում և այլն։ Ու այս շրջանակում մաքսիմալ խստացնում են օտարերկրացիների տեղաշարժերը, նրանց վերաբերվող օրենսդրությունը»,- ասում է Տաթեւիկ Բեժանյանը։

Ի՞նչ լիազորություններ են վերապահվել ՌԴ ոստիկանությանը միգրացիոն ոլորտում

2025 թվականի փետրվարի 5-ից Ռուսաստանի Դաշնության ոստիկանությանը տրված է բացարձակ լիազորություն իրենց հայեցողությամբ օտարերկրացուն 48 ժամ կալանավորելու, ստուգելու՝ արդյոք նա որևէ խախտում արե՞լ է, թե՞ ոչ։

«Եթե իրենք ունեն փոքր-ինչ կասկած, ընդամենը կասկած, որ օտարերկրացին կարող է ինչ-որ խախտում է արել, այդ թվում՝ վարչական խախտում, օրինակ՝ ռեգիստրացիայի ժամկետը 2 օր անցել է, իրենք իրավունք ունեն 48 ժամով կալանավորելու օտարերկրացուն, ստուգելու՝ արդյոք ինքն այդ խախտումն արե՞լ է, թե՞ ոչ, եւ պարզելու դեպքում նաև իրավունք ունեն արտաքսել անձին։ Այսինքն՝ ոստիկանությունն իրավունք ունի առանց դատարանի որոշման, իր իսկ որոշմամբ արտաքսել օտարերկրացուն Ռուսաստանի Դաշնությունից»,- ասաց Բեժանյանը։

Նա նշեց, որ արդեն կան բազմաթիվ դեպքեր, երբ վարչական խախտման համար ոստիկանությունն անձին արտաքսել է ՌԴ-ից։ «Դա իրենց մոտ կոչվում է «վիսիլկա»։ Եվ այս հոդվածի տակ են ընկել նաև բեռնափոխադրողները, որոնք անցյալ տարի ՌԴ-ում գտնվելու 90-օրյա ժամկետը գերազանցել էին։ Առնվազն 65 մարդու գործ ինձ մոտ է, որ 5 տարով մուտքի արգելք են ստացել ընդամենը նրա համար, որ մի քանի օր գերազանցել էին 90-օրյա գտնվելու ռեժիմը։ Ստեղծվել է վերահսկվող անձանց ռեեստր, որտեղ մարդու հայտնվելու դեպքում իր բոլոր իրավունքները դադարում են գործել։ Առաջինը փակվում են իր բանկային հաշիվներով, որևէ գործարք անձը չի կարող անել։ Որևէ պետական կառույց անձին որևէ ծառայություն չի մատուցում, անձը չի կարող իր աշխատանքային պայմանագիրը երկարացնել, չի կարող իր ռեգիստրացիան երկարացնել, համակարգը փակած է, չի կարող որևէ բան գնել-վաճառել։ Ամբողջ խնդիրն այն է, որ մարդը կարող է որևէ խախտում չունենա ու էլի հայտնվի այդ ռեեստրում։ Եվ ցավոք, այդպիսի դեպքերը քիչ չեն, օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո առնվազն ինձ դիմած անձանց 40%-ը որևէ խախտում չուներ, բայց հայտնվել էր ռեեստրում»,- նշում է Տաթեւիկ Բեժանյանը։

Ռեեստրից դուրս գալու հնարավորություններից մեկը սահմանը հատելն է, այսինքն՝ անձը կարող է դուրս գալ ՌԴ տարածքից, որոշ ժամանակ հետո ռեեստրը թարմացնում են, տեսնում են, որ անձը սահմանը հատել է։ Այնուհետեւ անձը ռեեստրից դուրս է գալիս և կարող է նորից մուտք գործել ու փորձել օրինականացնել իր գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում։ Ըստ Տաթեւիկ Բեժանյանի՝ ռեեստրում հայտնվում են մարդիկ, ովքեր, օրինակ, իրենց աշխատանքային պայմանագրում նշել են աշխատավարձի չափ, ենթադրենք, 20 հազար ռուբլի ամսական, բայց իրենց քարտին նստում է 30 կամ 40 հազար ռուբլի։ Այսինքն՝ բանկը, ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն իրար հետ աշխատում են, անձին տեսնում են եւ գցում վերահսկվող անձանց ռեեստր։ Այս դեպքում անձը պետք է ապացուցի, թե տարբերություն գումարը որտեղից է աշխատել։ Տաթեւիկ Բեժանյանի խոսքով՝ սա կարող է հանգեցնել ընդհուպ անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու գործընթացի։

«Ես միշտ ասում եմ՝  դադարեցնում եք ամեն ինչ, գալիս եք Հայաստան, քանի դեռ ռեեստրում եք և մուտքի արգելք ձեզ չեն դրել։ Մի որոշ ժամանակ հետո վերադառնում եք, ճշգրիտ աշխատավարձով կնքում եք պայմանագիր ու սկսում եք աշխատել։ Ձեր քարտին պետք է նստի այնքան գումար, որքան որ գրված է ձեր աշխատանքային պայմանագրում։ Եվ անգամ, եթե քարտին չի նստում, բայց դուք գումար եք փոխանցում, փոխանցումներ եք կատարում Հայաստան, և էլի գերազանցում է ձեր ստացած գումարը, դուք դարձյալ կհայտնվեք ռեեստրում։ Ձեզ հետ կանխիկ փող դուրս բերելու պարագայում մաքսիմալ սահման կա, դա 10 000 դոլարին համարժեք ռուբլին է, դրանից ավելի բերելու դեպքում համեմատելու են ձեր պայմանագրի հետ, եթե տարբերություն տվեց, դուք պիտի ապացուցեք, թե որտեղից եք այդ գումարները ստացել։ Այսինքն՝ մաքսիմալ խստացված են այն բոլոր հարցերը, որոնք կարող են ինչ-որ կերպ վերաբերվել անվտանգությանը»,- նշում է նա։

Ըստ Բեժանյանի՝ հիմա գրեթե հնարավոր չէ առանց պայմանագրի 90 օրից ավելի մնալ ՌԴ-ում, պայմանագիրն այն հիմքն է, որով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են 90 օրից ավելի գտնվել Ռուսաստանի Դաշնությունում։ Դրա համար անձը կամ աշխատանքային, կամ ծառայությունների մատուցման պայմանագիր պետք է ունենա։ Ուստի, այսօր Ռուսաստանում առանց պայմանագրի աշխատելը գրեթե հավասարեցված է զրոյի։ Բայց, Բեժանյանի խոսքով, այստեղ ավելի լուրջ հարց է այն, թե ինչքան գումար են նշում իրենց պայմանագրում, և ինչքան են ստանում իրականում։ Սա ավելի մեծ խնդիր է, քան պայմանագրի առկայությունը։

ՌԴ մուտք գործելիս ի՞նչ քայլեր պետք է անեն Հայաստանի քաղաքացիները

Տաթեւիկ Բեժանյանի տեղեկացմամբ՝ երբ ՀՀ քաղաքացիները՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացի, մուտք են գործում Ռուսաստանի Դաշնություն աշխատելու նպատակով, մուտքի պահից սկսած իրենք ունեն 30 օր՝ երեք գործողություն անելու համար։ Առաջինը՝ հաշվառվել իրական բնակության հասցեում։ Դա ռեգիստրացիան է, որը պարտադիր է, եթե 30 օրից ավեիլ ես մնում ՌԴ-ում, անկախ այցի նպատակից։ Հաջորդը՝ անցնել բուժզննում տվյալ տարածքի նշանակած բուժհաստատությունում, որը վճարովի է։ Բուրժզննումն անցնում են ինֆեկցիոն հիվանդությունների գծով, նաեւ նարկոլոգի խորհրդատվություն են անցնում։ Եվ բավականին շատացել են այն դեպքերը, երբ հենց այդ հիմքով անժամկետ մուտքի արգելք են դնում և արտաքսում երկրից։ Եթե այս հիվանդություններից որեւէ մեկը անձի մոտ արձանագրվում է, անմիջապես տեղում անժամկետ մուտքի արգելք են դնում եւ արտաքսում։

Երրորդ քայլը՝ անձը պետք է ունենա աշխատանքային պայմանագիր։ Մինչև 2025 թվականը ՌԴ մուտք գործելիս սահմանին միգրացիոն քարտ էին լրացնում, այդ միգրացիոն քարտը տրվում էր անժամկետ։ Հիմա այդ քարտերը տրվում են 90-օրյա ժամկետով, և եթե անձը պետք է 90 օրից ավելի մնա և ունի հիմքեր, օրինակ, ունի աշխատանքային պայմանագիր, կամ ինքը աշխատանքային միգրանտի ընտանիքի անդամ է, այդ դեպքում այդ միգրացիոն քարտերը տանում են իրենց տարածքային միգրացիոն ծառայություն, քարտի հետևը պետք է շտամպ խփեն։ Շտամպի բացակայությունը նշանակում է, որ այդ անձը 90 օրից ավելի չի կարող մնալ Ռուսաստանի Դաշնությունում։

«Եվ ամենացավալին այն է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ տարածքում, այդ թվում՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզում, շատ միգրացիոն ծառայության ներկայացուցիչներ ուղղակի չգիտեին եւ չէին խփում այդ շտամպը։ Մենք հարյուրներով բողոքներ էինք ստանում, մարդիկ ասում էին՝ մենք գնում ենք, շտամպը չեն խփում, մենք հայտնվել ենք վերահսկվող անձանց ռեեստրում, պետք է դուրս գանք, որովհետև արդեն մուտքի արգելքի վտանգի տակ ենք»,- ասաց Բեժանյանը։

Զելենսկիի այցը Հայաստան ի՞նչ հետեւանքներ կունենա հայ միգրանտների համար

2025 թվականից ռուս սահմանապահներին տրվել է լիազորություն՝ ինքնուրույն որոշելու՝ թույլ տալ, որ անձը մուտք գործի ՌԴ  տարածք, թե՞ ոչ։ Սահմանապահները ՌԴ մուտք գործողներից պահանջում են իրենց հեռախոսը եւ գաջեթները։ «Եվ եթե հանկարծ ինքը տեսնի, որ, օրինակ, Ֆեյսբուքում դուք լայքել եք Ուկրաինային վերաբերվող ինչ-որ գրառում, դա կարող է հիմք հանդիսանալ, որ ձեզ թույլ չտան մուտք գործեք Ռուսաստանի Դաշնություն, որովհետև դուք կարող եք լինել սպառնալիք ՌԴ-ի անվտանգությանը։ Եվ կարող են անժամկետ ձեզ մուտքի արգելք դնել։ Մետրոյի կայարաններում պարբերաբար կարող են օտարերկրացուն կանգնեցնել ու ասել՝ ձեր հեռախոսը տրամադրեք, ստուգենք, ձեր նոթ-բուքը տրամադրեք, ստուգենք։ Բավականին մեծ թվով օտարերկրացիներ հենց այդ հիմքով կամ չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, կամ արդեն գտնվելով ՌԴ-ում՝ այնտեղից իրենք արտաքսում են հենց էդ հիմքով, որ գաջեթները ստուգում են։ Մեր քաղաքացիներից երկու-երեք տասնյակի հասնող բողոքեր ենք ստացել, որ իրենց գաջեթները ստուգել են ու սահմանից հետ ուղարկել այդ հիմքով»,- ասաց Տաթեւիկ Բեժանյանը։

Անդրադառնալով հարցին, թե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի՝ Հայաստան կատարած այցն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ՌԴ այցելող հայ միգրանտների համար, Բեժանյանն ասաց․ «Դեռ նոր է գնացել, չեմ կարող ասել, թե ի՞նչ կլինի։ Բայց կարծում եմ, որ խստացումներ կլինեն, թե ի՞նչ կարգի, այս պահին կդժվարանամ ասել»։

Հայ վարորդները կկարողանան ՌԴում գտնվել 180 օր

Կարգավորումն ուժի մեջ է մտնելու հունիսի 30-ից։ Այս պահին վարորդների համար դեռ գործում է 90-օրյա ռեժիմը, բայց դա մուտքի արգելք ունեցողներին չի վերաբերում, վերաբերում է նրանց, ովքեր չունեն մուտքի արգելք։

«Նախորդ տարվա հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր 314 դիմում եմ ստացել վարորդներից, որոնցից 250-ը եղել են վերահսկվող անձանց ռեեստրում։ Բայց մենք կարողացանք ԵԱՏՄ գործընկերների, մեր ԱԳՆ-ի և ՆԳՆ-ի հետ համագործակցելով՝ այդ 250-ին հանել վերահսկվող անձանց ռեեստրից։ Ռեեստրից հանելուց հետո ռուսական կողմը պայման էր դնում, որ 2025 թվականին էլ իրենք չեն մեկնի, որովհետև 2025-ի լիմիտն արդեն լրացրել են, եւ այդ պայմանով ռեեստրից հանեցին իրենց։ 2026 թվականին առնվազն մինչև հունիսի 30-ն իրենք ունեն 90-օրյա ժամկետով ՌԴ գնալու հնարավորություն, բայց արդեն հունիսի 30-ից հետո բոլորը պետք է ունենան RuID հավելված։ Եվ Ռուսաստան մուտք գործելուց 72 ժամ առաջ պետք է իրենց բոլոր տվյալները լրացնեն RuID համակարգում, նաև այն բեռի տվյալները, որ իրենք պատրաստվում են տանել, որպեսզի սահմանապահը տեսնի, որ եկողը բեռնափոխադրող է կամ ուղևորափոխադրող։ Դա լրացնելուց հետո իրենց գալիս է QR կոդ, ինչը նշանակում է թույլտվություն, որ իրենք կարող են մուտք գործել ՌԴ։ Սահմանին այդ QR կոդը ցույց են տալիս, եւ արդեն իրենց վրա տարածվում է ոչ թե 90-օրյա ռեժիմ, այլ 180-օրյա»,- մանրամասնեց Բեժանյանը։

Հայտարարվել է, որ 2026 թվականի հունիսի 30-ից RuID դառնալու է պարտադիր, եւ  առանց դրա անհնար կլինի ՌԴ մուտք գործել։ ՌԴ մուտք գործելու համար պետք է 72 ժամ առաջ RuID-ով գրանցվել։ Հրատապ դեպքերում դա կարող է լինել 4 ժամ առաջ։

Մեկ կարգավորման համաձայն՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզում 2025 թվականի սեպտեմբերից միայն աշխատելու նպատակով մեկնող քաղաքացիները, այդ թվում՝ հայերը պարտավոր են ռեգիստրացիան անել «Ամինա» ծրագրով։ «Մենք մարդկանց ասում ենք՝ բացեք այդ համակարգը, նշեք ձեր տունը, որովհետև երեք օրից ավելի եթե դու չես ապրում այնտեղ, որտեղ գրանցվել ես, ապա քեզ գցում են ռեեստր ու կարող են արտաքսել։ Եթե 3 օրից ավելի պետք է բացակայես քո գրանցման հասցեից, դու պարտավոր ես գնալ ոստիկանություն, դիմում գրել, որ 3 օրից ավելի բացակայելու ես»,- հավելեց Բեժանյանը։

Նրա խոսքով՝ այս խստացումների հետեւանքով Հայաստանից դեպի Ռուսաստան միգրացիոն հոսքերը 2025 թվականին 30%-ով նվազել են։

Ռոզա Հովհաննիսյան

«Առավոտ» օրաթերթ
13.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031