Սկիզբը՝ այստեղ:
«ԵՄ–ն Հայաստանի եւ ավելի ընդգրկուն տարածաշրջանի համար խոշոր ու երկարաժամկետ գործընկեր է»
Երեւանում կայացած Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի անցկացման փաստը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ եվրոպացի մյուս առաջնորդների այցը Երեւան, սպասելի էր, որ կրքեր է բորբոքելու Ռուսաստանում։
Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերությունների հիմնական հենասյունն է, երեւանյան այցի ֆոնին նշեց Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը։ «Այսօր մենք ավելի սերտ կապեր հաստատեցինք առեւտրի, էներգետիկայի եւ թվային տեխնոլոգիաների ոլորտներում։ ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր սեփական ճակատագիրը ընտրելու հարցում, այդ թվում՝ արտաքին միջամտությանը հակազդելու եւ դիմադրողականությունն ամրապնդելու ԵՄ նոր առաքելությամբ», – X-ում գրեց Կալլասը։
Կարդացեք նաև
Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովից հետո ստորագրված համատեղ հռչակագիրը 44 կետ ունի։ Առաջին կետով կողմերը շեշտում են, որ գագաթնաժողովը երկկողմ հարաբերությունները խորացնելու պատմական մի կետ է արձանագրում։ Եվրամիությունը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերություններն էլ ավելի ամրացնելու եւ Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը ու համապարփակ բարեփոխումների օրակարգին աջակցելու ուղղությամբ՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, իրավունքի գերակայության, նաեւ Հայաստանի երկարաժամկետ զարգացման վրա՝ Հայաստանն ու ժողովրդին մոտեցնելով Եվրամիությանը։
Երկրորդ կետով Եվրամիությունն ընդունում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները, որի հիմքը Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին անցած տարի ընդունված օրենքն է։ Հայաստանն ու Եվրամիությունը վերահաստատում են տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հիմնարար սկզբունքները։ Եվրամիությունը բարձր է գնահատում խաղաղության ինստիտուցիոնալիզացման ու խաղաղության պայմանագրի ստորագրման ու վավերացման ջանքերը։
Բրյուսելը բարձր է գնահատում նաեւ Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայլերը։ Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացմանը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության եւ փոխադարձության սկզբունքների վրա։
Կողմերն արձանագրում են՝ 270 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու ծրագիրը շարունակում է առաջ տանել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգը։ Կարող են դիտարկել նաեւ 2027-ից հետո ֆինանսական աջակցության հնարավոր ուղիները։ Կողմերը TRIPP նախագծի իրագործումը համարում են առանցքային նախագիծ, որը նպաստում է կայուն, անվտանգ եւ ներառական տարածաշրջանային կապին։ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ջանքերն իր էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու, դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Եվրամիությունը վերահաստատում է իր հանձնառությունը միասին աշխատելու՝ Հայաստանից Եվրամիություն արտահանումն ընդլայնելու եւ հեշտացնելու ուղղությամբ։
Ուշագրավ էր Անտոնիու Կոշտայի երեւանյան այս շեշտադրումը, թե՝ Հայաստանը դարձել է ԵՄ-ի եւ Ասիայի միջեւ փոխկապակցվածության հանգույց. «ԵՄ-ն Հայաստանի եւ ավելի ընդգրկուն տարածաշրջանի համար խոշոր ու երկարաժամկետ գործընկեր է հանդիսանում, ավելի ուժեղ տրանսպորտային, էներգետիկ փոխկապակցվածության միջոցով մենք կարող ենք վստահություն խրախուսել, աշխատատեղեր ստեղծել, հարեւաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տեւական խաղաղության ամենից արդյունավետ հիմքն է հանդիսանում»։
Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ընդգծեց՝ Հայաստանը եվրոպական ընդարձակ ընտանիքի արժեքավոր անդամ է։ Խոսելով տրանսպորտային հաղորդակցությունների ծրագրերի մասին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահն ասաց, որ շատ քիչ երկրներ ունեն այնպիսի եզակի դիրքավորվածություն, ինչպես Հայաստանը. «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ներուժ ունի կապելու Եվրոպան Հարավային Կովկասի հետ, Կենտրոնական Ասիայի՝ վերածելով Հայաստանը անկյունաքարային տրանսպորտային հանգույցի»։
«Մենք արդեն պատրաստ ենք աշխատել՝ սահմանակետերը վերակառուցելու, երբ հարեւան երկրների հետ սահմանահատումները բացվեն», – ընդգծեց Լայենը։
«Մենք խրախուսում ենք եվրոպական երկրներին ներդրումներ կատարել Հայաստանում», – ասաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ գոհունակությամբ խոսելով նաեւ վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացի մասին, ժամկետներ, սակայն, չնշեց։
Հայաստանում տեղի ունեցողը ՌԴ–ում նմանեցնում են ուկրաինական զարգացումների հետ
Երեւանում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ միջոցառումներից հետո պաշտոնական Մոսկվայից կոշտ հայտարարություններ հնչեցին։ Նախ ԱԳՆ խոսնակը դժգոհեց, ապա գերատեսչություն կանչեցին Հայաստանի դեսպանին՝ Ուկրաինայի նախագահի՝ Երեւան այցի կապակցությամբ վրդովմունք հայտնելով, ինչպես նաեւ պնդեցին, թե Բրյուսելին մերձեցող Երեւանի քայլերի վրա աչք փակել չեն կարող։
Ռուսաստանից դժգոհությունների շարքը շարունակվում է։ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում՝ 10 տարի առաջ, եւ այսօր Հայաստանում ընթացող պրոցեսների միջեւ։
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Երեւան կատարած այցին, Վոլոդինը նշել է․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Վովաեւիչի այդ քայլը բարեկամական չէր ոչ մեր երկրի, ոչ Ռուսաստանի քաղաքացիների, ոչ էլ նույնիսկ հայ ժողովրդի հանդեպ։ Այսօր բոլորի համար էլ ակնհայտ մեկ հարց գոյություն ունի՝ ինչպե՞ս են զարգանալու մեր երկրների հարաբերությունները Փաշինյանի նման արարքներից հետո։ Մերձենալո՞ւ են մեր պետությունները, թե՞ հեռանալու են միմյանցից։ Հարաբերություններում լարվածությունն ավելի շատ է լինելու, թե՞ ավելի քիչ։ Ամենայն հավանականությամբ՝ երկրորդը։ Ակամայից զուգահեռներ են ծագում։ Ուկրաինայում էլ ամեն ինչ հենց այսպես էր սկիզբ առնում։ Արդյոք դա պե՞տք է Հայաստանի սովորական քաղաքացիներին», – գրել է Վոլոդինը։
Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ վարչության ղեկավար Միխաիլ Կալուգինն էլ իր հերթին անդրադարձել է Զելենսկու երեւանյան հայտարարություններին։ «Երեւանը կարծես անուշադրության մատնեց Մոսկվայի հասցեին Վլադիմիր Զելենսկու հնչեցրած զազրելի հայտարարությունները, որոնք հնչեցին նրա՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։ Մոսկվայում բնականաբար ֆիքսել են Բրյուսելի կողմից հրահրված այդ այցը, Զելենսկու զազրելի հակառուսական հայտարարությունները, որոնք ընդունող կողմը խնամքով չէր նկատում»,- ասել է Կալուգինը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ԵՄ համաժողովների անցկացումը տեղավորվում է «Հայաստանի բնակչության համար եվրոպական պատրանք ստեղծելու տրամաբանության մեջ, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»։ Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը՝ Կալուգինը ընդգծել է. «Երկու աթոռի վրա միաժամանակ նստել Հայաստանը չի կարողանա»։ Նրա խոսքով՝ «Երեւանի, այսպես կոչված, եվրոպական ուղով առաջխաղացումը ինչ-որ պահի կարող է հանգեցնել ռուս-հայաստանյան հարաբերություններում համակարգային փոփոխությունների»։
Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, թե Երեւանում անցկացված եվրոպական վերջին գագաթնաժողովներով եւ Հայաստանում տեղակայված երկու առաքելություններով Բրյուսելը փորձում է «ամրապնդել ԵՄ-ի վերահսկողությունը Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքի եւ տնտեսության վրա՝ նպաստելով Մոսկվայից անջատմանը»։ Վերստին ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերն է, եւ որ հայկական թունդ ալկոհոլային խմիչքների 78 տոկոսը եւ գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը արտահանվում է ռուսական շուկա՝ բարձրաստիճան դիվանագետը պնդել է, թե «Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները պայմանավորվել են իրենց քաղաքացիներին բացատրել Եվրասիական եւ Եվրոպական միությունների դրական եւ բացասական կողմերը»։ «Ինտեգրացիան պահանջում է համակարգված աշխատանք, ինչը դժվար թե համատեղելի լինի այն մոտեցման հետ, որի դեպքում ԵԱՏՄ-ին անդամակցությունը դիտվում է որպես ժամանակավոր միջոց, մինչդեռ ընթանում են այլընտրանքային միության որոնումները կամ միանալու գործընթացը։ Պարզ ասած՝ երկուսը միաժամանակ հնարավոր չէ», – ասել է Կալուգինը։
Ռուս դիվանագետը պնդել է, թե Պուտինն ու Փաշինյանն ապրիլի 1-ի հանդիպմանը «մանրամասն քննարկել են նաեւ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հնարավոր փոխանցման հարցը», եւ ռուսական կողմն ի գիտություն է ընդունել Փաշինյանի հայտարարությունը, որ Երեւանը չի պատրաստվում նման հարցեր քննարկել «Ռուսաստանի մեջքի ետեւում»։ «Մենք համաձայն չենք այն պնդման հետ, որ ռուսական ընկերության կողմից Հայկական երկաթուղիների կառավարումը որեւէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները», – ասել է Կալուգինը՝ հավելելով, որ Պուտին-Փաշինյան վերջին հանդիպմանը «պարզաբանումներ են տրվել հայկական կողմին հուզող բոլոր հարցերի վերաբերյալ, եւ փոխըմբռնում է ձեռք բերվել հետագա աշխատանքի եղանակների վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական կողմի մասնակցության համատեքստում»։
Թե կոնկրետ ինչ մասնակցության մասին է խոսքը, եւ ինչպես է այն իրականացվելու՝ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը չի մանրամասնել։ Փոխարենը նա պնդել է, թե TRIPP-ը՝ «Թրամփի ուղին», որը պետք է Սյունիքով կապի Ադրբեջանը Նախիջեւանին, «ավտոմատ կերպով չի նախատեսում հայկական եւ ադրբեջանական երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք համակցում»։ «Մեր մեղքը չէ, որ Երեւանը միտումնավոր սառեցրեց Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ աշխատանքը 2023 թվականին», – ասել է Կալուգինը՝ պնդելով, թե ռուսական հովանու ներքո «2023 թվականին մենք մոտ էինք, այսպես կոչված, Մեղրիի երթուղու մեկնարկին, որը նախատեսված էր ոչ միայն հարավային Հայաստանից դեպի Նախիջեւան տարանցիկ կապ ապահովելու, այլեւ, ըստ էության, հայկական եւ ադրբեջանական երկաթուղիները միացնելու համար»։
Հիշեցնենք, որ պաշտոնական Երեւանը, մինչդեռ, հայտարարում է, թե այդ ձեւաչափը դադարել է գործել «վստահության բացակայության պատճառով»։ «Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ ֆորմատը վաղուց չի գործում՝ հիմնականում տեքստային տարաձայնությունների պատճառով», – անցյալ տարի հայտարարել էր Փաշինյանը՝ հավելելով, թե եղել են նաեւ «գործնական խնդիրներ»։
ՀՀ իշխանությունները դանդաղ են շտապելու
Ակնհայտ է, որ Երեւան-Մոսկվա հարաբերությունները հայաստանյան նախընտրական փուլում էլ ավելի են սրվել։ Կպահպանվի՞ այդ մթնոլորտը ընտրություններից հետո։
Այսպես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ արձանագրեց, թե՝ «Երեւանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցելու հարցում իր դիրքորոշումը», եւ ըստ նրա՝ «տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն այդ հարցով հանրաքվե անցկացնի»։
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները բռնել են դանդաղ շտապելու գիծ։
«Ա1+»-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, օրինակ, այսպես է արձագանքել. «Հիմա այդ հարաբերությունները հստակեցնելու պահը չէ, բայց այդ ժամանակը մոտենում է»։ Նրա խոսքով. «Մենք օրենք ենք ընդունել եւ բռնել ենք եվրաինտեգրման, վերջին հաշվով՝ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը։ Այսինքն՝ մեր ձգտումն է անդամակցել ԵՄ-ին։ Եվ այդ ճանապարհին, որտեղ այդ ուղու հետ անհամատեղելի հանգամանքներ, կապեր կամ պարտավորվածություններ կլինեն, դրանք պետք է վերանայվեն ըստ անհրաժեշտության»։ Նրա պարզաբանմամբ. «Քանի դեռ ԵԱՏՄ-ին անդամակցելը չի հակասում եվրաինտեգրման ճանապարհին, իսկ դա կարող է չհակասել մինչեւ ազատ առեւտրի գոտուն միանալու պայմանագիր ստորագրելը, մինչեւ այն կետը, որտեղ Հայաստանը կանգ է առել 2013 թվականին»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած կոշտ հայտարարություններին, նաեւ առաջարկին, թե Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնալ ԵԱՏՄ-ում, կամ՝ «քաղաքակիրթ ապահարզանի» գնա, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը News.am-ին այսպես է արձագանքել. «Մենք էլ ենք միշտ ասել՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ, հասկանալիորեն կկատարենք»։
«Երբ կգա պահը՝ կորոշենք» պատճառաբանությամբ, իհարկե, կարելի է ցույց տալ, որ Հայաստանը հանգիստ կարող է սպասել եւ մի գեղեցիկ օր որոշում կայացնել։ Սակայն արվո՞ւմ են ավելի խորքային վերլուծություններ այն հարցի շուրջ, թե ի՞նչ է նշանակում Պուտինի եւ ռուսաստանցի այլ պաշտոնյաների մակարդակով Հայաստանի դրությունն արդեն Ուկրաինայի հետ համեմատելու փաստը։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.05.2026

















































