Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ընտրեցինք ապրել»

Ապրիլ 30,2026 13:30 Share

Իր տեսախցիկով զինհաշմանդամ Մեսրոպ Սարիբեկյանը դեռ շատ բացահայտումներ ու ասելիք ունի հասցնելու թե՛ հայ եւ թե՛ աշխարհի հանդիսականին, որպես շարունակություն այն մեծ պատմության նոր էջի, որը ունի հայ լուսանկարչության պատմությունը իր հնչեղ անուններով։ Կա՛ շարունակություն, կա՛ սեր ու փնտրտուք, կա՛ անհանգիստ ու որոնող աչք, ուրեմն՝ կլինի՛ նաեւ ապագայի նոր ու հնչեղ անուն՝ որպես իրավահաջորդ ու ժառանգորդ լուսանկարչական արվեստի, այս կարեւոր զենքի։

Լուսանկարներում մարդիկ են, որոնց սովորականությունից սահմանազատել է նրանց ֆիզիկական կարգավիճակը, բայց չի սահմանափակել ապրելու, արարելու, անհնարինը հնարավոր դարձնելու ֆենոմենը, որն այնքան հատուկ է հայ տեսակին։

Գեղարվեստական լուսանկարչության մեջ իր նոր ու թարմ խոսքն է ասում զինհաշմանդամ, լուսանկարիչ Մեսրոպ Սարիբեկյանը, ում սեւ ու սպիտակի մեջ զգացմունքների ու ապրումների, իրական աշխարհ կտեսնես, ներսդ ջերմացնող զգացումներ, հույզեր, որոնք տանում են դեպի քո վերածնվող արմատը։

Մեսրոպի լուսանկարներում տարբեր տարիներին զինհաշմանդամություն ունեցող տղաներն են, ամեն մեկը յուրովի նոր կյանքի ճանապարհ գտած, կյանքը նորովի իմաստավորած ու բովանդակություն հաղորդած, մարդկային հնարավորությունների անսահմանությունը պեղող տղաները, հերոսներ, յուրաքանչյուրը յուրովի ու ինքնատիպ։ Մեսրոպն ինքն էլ նրանցից մեկն է, ուստի հոգու ներքին զգայարանով մի նյարդ ավել է զգում ու տեսնում շատ-շատերիս համար անտեսանելին՝ յուրայինի, ազգակցի, եղբոր ցավի հաղթահարման, թռիչքի հասնող ձգտումների բարձր նոտաները։ Լուսանկարներն այնքան հնչեղ ու խոսուն են, որ դիտելիս ասես տարբեր ու ամբողջական պատմություններ ես լսում։

Հայաստանի նկարիչների միությունում Զինվորի տան լուսանկարիչը իր 36 աշխատանքներով մեկօրյա ցուցադրությամբ մարդկանց ավետում էր չհանձնվելու, կատարելության ձգտելու կոչը։ Զոդողից մինչեւ լուսանկարիչ, ինքն իրեն այսպես էր ներկայացրել գեղարվեստական լուսանկարչության մեջ նոր խոսք ու գաղափար բերող երիտասարդ արվեստասերը, ում կենսագրությունն ինքը մի պատմություն է ճակատագրով հայի մասին։

Մեսրոպը 44-օրյա պատերազմի մասնակից է, պատերազմում ստացած վիրավորման պատճառով ինչպես շատ ու շատ հայորդիներ, նա նույնպես հայտնվեց Զինվորի տանը, այդ հոգատար հարկի ներքո ստանալով իր ապաքինումը, հետագայում նաեւ ստացավ լուսանկարչի կրթություն եւ իր նոր մասնագիտությամբ նաեւ աշխատանք՝ հենց Զինվորի տանը, ինչի համար երախտապարտ է այս կարեւոր կառույցին, որը նաեւ իր տունն է համարում։ Գեղարվեստական լուսանկարչության մեջ դեռ բազմաթիվ էջեր ունի բացելու այս լուսանկարիչը, ում պրպտող հայացքը զուտ արտաքին պատկերներ չի որսում, այլ թափանցում է խորքեր, որտեղ կա լույս, ասելիք, լռության մեջ հնչող խոսք։ Մեկ տարի առաջ, Մեսրոպը մեկօրյա ցուցահանդեսով եղավ Ֆրանսիայում, որը կարեւոր իրադարձություն էր սկսնակ լուսանկարչի համար, ում համարյա բոլոր ներկայացված գործերը վաճառվեցին։

Այս ցուցահանդեսից մեկ տարի անց Մեսրոպ Սարիբեկյանը ցանկացավ իր լուսանկարչությամբ զբաղվելու հնգամյակը նշել հերթական ցուցադրությամբ։ Բոլոր նկարները հույսի, հավատի, ապրելու հրամայականի մասին էին, նաեւ այն կամքի, որով լուսանկարների հեղինակն ու հերոսներն ասացին ու դեռ ասելու են իրենց խոսքը, այն սկսելով «Մենք ընտրեցինք ապրել» խորագրից, որը պարտավորություն է նաեւ ազգի, նրա անցյալ ու ներկա հերոսների առջեւ։

Ցուցահանդեսի ընթացքում միտք ծագեց, որ լուսանկարների այս ցուցադրությունը ներկայացվի նաեւ ՀՀ մարզերում, տարածելով այն գաղափարն ու միտքը, որ ապրելու եւ արարելու հրամայականը կարեւոր է ցանկացած իրավիճակում, որ ֆիզիկական սահմանափակումները ընկրկում են ոգու առաջ, ստեղծելու, պիտանի լինելու, ինքդ քեզ արժեւորելու եւ որպես անհատ կարեւոր մասնիկ դառնալու ճանապարհին՝ հաճախ ֆենոմենալ արդյունքներ ցույց տալով ու արձանագրելով։

Արվեստաբան Մարինա Ստեփանյանը մասնագետի աչքով դիտարկելով լուսանկարները, կանգ առավ զինհաշմանդամ լողորդի՝ ՀՀ բացարձակ չեմպիոն դարձած Գարիկ Միքայելյանի զույգ լուսանկարների առջեւ, ցնցված պատկերի արտացոլանքից. ջրերի տարերքին հանձնված ու ջրի ծանրությունը ճեղքող, երկու ձեռքերի բացակայությամբ մարդու հզոր կամքն էր լուսանկարներում։ Պրոֆեսիոնալ վարպետի աչքով որսված ու ֆիքսված վարպետությունը հուզիչ էր։ Նման ուժգնության ասելիք պարունակող լուսանկարները տղաների կամքի ուժի մասին պատմողներից էին, որոնք ստիպում էին դիտողին երկար կանգ առնել այդ գործերի առաջ։

«Ահավոր բան է պատերազմը, այն սպանում է ոչ միայն մարդկանց, այլեւ կյանքը իմաստավորող մի շատ կարեւոր բան՝ մշակույթը, այս լուսանկարներն այնքան կարեւոր ասելիք ունեն, ուղղակի շեդեւր գործեր են սրանք, հատկապես սա եւ մի քանիսը, որը պետք է ցուցադրել մարդկանց, հասցնել նրանց գիտակցությանն այս ամենը։ Սա շատ հուզիչ է ու շատ իրական»,-ասաց վաստակաշատ արեւեստաբանը, ում ակնը հազարավոր ցուցահանդեսներ է տեսել ու հուզել նման մասնագետին՝ հնարավոր է միայն իրական արվեստով։ Լուսանկարչական միջազգային ցուցահանդեսներում նման գործերը ասելիք ու անելիք ունեն, մեր, հայ տեսակի մասին պատմող լավագույն, պրոֆեսիոնալ մատուցմամբ կատարված գործեր, որոնք արժանի են բարձր գնահատականների, պարզապես պետք է ճանապարհ տալ նման մարդկանց, ինքնաներկայանալու, հմտանալու, փորձի փոխանակմամբ ինքնակրթվելու համար, որն ամեն պահ զարգացող ու լույսի արագությամբ փոփոխվող մեր կյանքում պարզապես պահանջ է։ Այցելուների աչքերում հիացմունք ու հուզմունք էր, լուսանկարներում տեսած տղաներին գտնելու եւ նրանց հետ շփվելու ցանկությունը մեծ էր։ Հայկական ոգու ֆենոմենի մասին էր այս ցուցադրությունը, խորը հավատի ու լույսի մասին, որն ամեն մեկիս ներսում է, բացահայտված մի մասնիկ այդ լույսից՝ ուժեղների մասին էր պատմում։ Սայլակին հայտնված երիտասարդ զույգի պարը, դրամատիկ ու լի էմոցիաներով, շարժման ու թռիչքի սահմանափակումներին ձեռնոց նետած ուժն էր մարմնացրել ու խոսում էր դիտողի հետ, փոխանցելով ռիթմ ու տեմպ։ Պրոթեզով ձեռքը դուդուկ է նվագում, հույզի ու հնչյունի փոխանցման միջոց դառնալով կենդանի մարմնի հետ, սա ոգու հաղթանակն է, գեղեցիկի հանդեպ մեծագույն նվիրումի ու հանուն նրա զոհողության պատրաստ մարդու խոսքն է սա, պատմություններ, անհատականություններ, մի ողջ շարք։ Հոգեւոր խորհուրդը Մեսրոպի լուսանկարների շարքերում տեղ գտած հայոց եկեղեցիների ու վանահամալիրների գեղեցիկ տեսարաններն էին նաեւ, Հայաստանի բնության հոգի լցնող պատկերների մեջ, որը խաղաղություն էր բերում դիտողին։

Արմինե ՄԵԼԻՔ– ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
29.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930