Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականությանը չի համապատասխանում Փաշինյանի պնդումը, թե «Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90 տոկոսը հայություն է, նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել». «168 ժամ»

Մայիս 21,2026 11:29 Share

Նախընտրական քարոզարշավին Նիկոլ Փաշինյանը հայերի թվի մասին «պատմական» թեզեր է առաջ քաշել՝ պնդելով. «Այսօրվա Հայաստանի տարածքում 1045 թվից այս կողմ՝ մինչև 1918 թիվը, պետություն չի եղել, ժողովուրդ: Հայկական պետություն չի եղել: Պատկերացնո՞ւմ եք, Բագրատունյաց թագավորության անկումից հետո այսօրվա մեր Հայաստանի տարածքում հայկական պետություն չի եղել, մոնղոլ-թաթարներ են եղել, եկել են, գնացել են, գաղթել են, խառնվել են, մենք ենք գաղթել և այլն, և այլն: Բայց այս տարածքում եղել են պետություններ, այս տարածքում երբեք չի եղել, որ ընդհանրապես ոչ մի պետություն գոյություն չունենա:

Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ: 1000 տարի, դուք պատկերացնո՞ւմ եք, դա ինչ է: Եթե մենք պետք է վերադառնանք ինչ-որ տեղ, հրահրում ենք էդ ինչ-որ տեղին, որ նրանք էլ ասեն՝ մենք էլ վերադառնում ենք ստեղ։ Որովհետև փաստ է, մենք չենք կարա ասենք ․․․ Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90 տոկոսը հայություն է։ Նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել»:

Ինչ վերաբերում է նրան, որ «Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90 տոկոսը հայություն է, նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի եղել», ապա մինչ այս մասնագետներն արդեն ապացուցել են, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Առկա տեղեկություններով, ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի ժամանակ՝ 1989 թվականին, ՀԽՍՀ տարածքում բնակվող հայերի թիվը եղել է նրա ասած ցուցանիշից ավելի՝ 93,3 տոկոս։ Դրանից առաջ ԽՍՀՄ-ում մարդահամար արվել է 1979 թվականին, և այդ մարդահամարի ժամանակ էլ պարզվել է, որ հայերի թիվը ՀԽՍՀ տարածքում եղել է 89,7 տոկոս:

Aniarc.am-ի ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ եթե 1931-ին Խորհրդային Հայաստանը ուներ 1 միլիոնից մի քիչ ավելի բնակչություն, ապա 1989-ին՝ 3,4 միլիոն:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։

Մենք ի պատասխան՝ ապացույցներ էինք ներկայացրել, թե ինչ թիվ են կազմել հայերը Շուշիում տարբեր ժամանակներում և ինչի արդյունքում են ադրբեջանցիների թվերն աստիճանաբար ավելացել, այս փաստն անտեսել չի կարելի:

Օրինակ, տարբեր տեղեկություններով, 1886-ին Շուշի քաղաքի բնակչության 56.7 տոկոսը կազմել են հայերը, 43.3 տոկոսը՝ թաթարները: Արդեն 1926-ին հայերի թիվը Շուշի քաղաքում կազմում է 1.8 տոկոս, թյուրքերինը՝ 96 տոկոս:

Հիշեցնենք, որ 1920 թ. մարտի 23-26-ը Ադրբեջանի զինված ստորաբաժանումները Շուշիի թաթարական հրոսակախմբերի հետ կազմակերպեցին և իրականացրին տեղի հայկական բնակչության ջարդ։ Տարբեր աղբյուրներում նշվում է մինչև 8-10 հազար սպանվածի մասին: Բնականաբար, սա հանգեցրել է հայաթափման:
Սակայն Հադրութի շրջանում, տարբեր տեղեկություններով, 1939-ին հայերը կազմել են բնակչության 95.7 տոկոսը, ադրբեջանցիները՝ 2.7, 1959-ին այստեղ բնակվող հայերի թիվը հասել է 93.3 տոկոսի, ադրբեջանցիներինը՝ 6.1 տոկոսի:

1970-ին հայերի թիվը մի քանի տոկոսով նվազել է՝ 87.5, ադրբեջանցիներինը՝ ավելացել՝ 10.4: Եվ արդեն 1979-ի տվյալով Հադրութի շրջանում հայերը կազմել են բնակչության 84.4 տոկոսը, ադրբեջանցիները՝ 15.1: Այս մասին՝ այսքանը:

Սակայն այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ Արցախյան առաջին պատերազմից հետո Բաքուն միջազգային բոլոր հարթակներից հայտարարում էր ավելի քան 1 միլիոն փախստականի և բռնի տեղահանվածի մասին:

6 տարի է անցել 44-օրյա պատերազմից, որի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցան արցախյան զգալի տարածքներ, իսկ մոտ 3 տարի է, ինչ Արցախն ամբողջությամբ հայաթափված է, բայց օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարել, որ դեռ 85.000 մարդ են վերաբնակեցրել, ընդ որում, հնարավոր է՝ իրականում ավելի քիչ:
Իսկ ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, վերաբնակիչներից շատերը կարճ ժամանակ անց ցանկանում են վերադառնալ Բաքու, որտեղ 30 տարի բնակվել են:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031