Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտուր՝ առանց սահմանի․ վերահսկվող գործընթացը մնում է ուժի մեջ

Մայիս 21,2026 12:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

«Ցանկացած պահի» սպասե՞լ ՀայաստանԹուրքիա «ամբողջական կարգավորման»

Թուրքիան արտահանման փաստաթղթերում որպես ստացող երկիր կնշի նաեւ Հայաստանը

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Թուրքիան ու Հայաստանն ավարտել են երկու երկրների միջեւ ուղիղ առեւտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։

«2022 թվականից ի վեր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում ընդունված վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում մեր երկրի եւ Հայաստանի միջեւ ուղիղ առեւտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են 2026թ. մայիսի 11-ի դրությամբ։ Երկու երկրների միջեւ ընդհանուր սահմանը բացելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են», – X-ում գրել է Օնջու Քեչելին։

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր. «Նոր կարգավորման շնորհիվ այժմ հնարավոր է Թուրքիայից երրորդ երկիր եւ այնուհետեւ Հայաստան գնացող կամ նույն երթուղով Հայաստանից եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագման վայրը գրել որպես «Հայաստան/Թուրքիա»։

Միաժամանակ, ըստ թուրք պաշտոնյայի՝ երկու երկրների միջեւ ընդհանուր սահմանի բացմանն ուղղված տեխնիկական եւ բյուրոկրատական աշխատանքները դեռ շարունակվում են։ Թուրքիայի ԱԳՆ-ն նաեւ շեշտել էր, որ Հարավային Կովկասում խաղաղության եւ բարեկեցության ամրապնդման համար ձեւավորված «պատմական հնարավորության պայմաններում» Անկարան շարունակելու է աջակցել տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացմանը։

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում հերթական քայլն է արձանագրվել։ Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ուղիղ առեւտրի մեկնարկի ուղղությամբ կարեւոր առաջընթաց է գրանցվել։

Քըլըչը «X» հարթակում տարածել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը եւ նշել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումներով շարունակվող կարգավորման գործընթացի շրջանակում եւս մեկ կարեւոր քայլ է կատարվել՝ տարածաշրջանում կայուն խաղաղության եւ կայունության հաստատման նպատակով։ «Ցանկանում եմ, որ սա հաջող լինի նախ երկու երկրների բնակիչների, ապա նաեւ մեր տարածաշրջանի բոլոր գործարարների եւ ժողովուրդների համար»,- գրել է նա։

Ըստ պաշտոնական Երեւանի՝ հայթուրքական երկխոսությունը «հասունացած է»

Հայաստանի ԱԳՆ-ն ողջունեց ՀՀ-ի հետ երկկողմ առեւտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ սա Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ «Այդ որոշումը էական է երկու երկրների միջեւ առեւտրի եւ գործարար շրջանակների կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու եւ խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից», – ասվում էր հայտարարությունում։

Ընդգծելով, որ սա կարեւոր քայլ է երկու երկրների միջեւ լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, Հայաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այն «կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»։

Հայ-թուրքական կարգավորման հարցով գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանն էլ նշել էր՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձեւակերպումների առեւտուրը դարձել է հնարավոր։ «Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի Հայաստանից որեւէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»», – ֆեյսբուքյան էջում գրել էր Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձեւակերպումների առեւտուրը դարձել է հնարավոր։ «Շարունակում ենք աշխատել սահմանի՝ այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացման ուղղությամբ»,- հայտարարել էր Ռուբինյանը։

Վերոնշյալ քայլի հրապարակայնացումից մեկ օր առաջ էլ Փաշինյանն էր հանրայնացրել, թե ինչ է նշանակում Անկարայի այդ որոշումը. նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, այսինքն՝ Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքը, ըստ Փաշինյանի, տանում էին, ձեւակերպում երրորդ երկրում, որից հետո ապրանքը Հայաստան էր տեղափոխվում։ Այսինքն, Թուրքիայի օրենսդրության մեջ համապատասխան կարգավորում է ավելացվում, եւ Հայաստանն ավելանում է առաքման երկրների ցանկում։

Հայ-թուրքական երկխոսությունն այնքան հասունացած է, որ ցանկացած պահի արդեն կարող ենք ունենալ նույնիսկ ամբողջական կարգավորում, ավելի ուշ նշեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նշելով, որ հայ-թուրքական սահմանը դեռ շարունակում է փակ մնալ՝ Միրզոյանը վստահություն հայտնեց, որ «առաջիկայում մի օր էլ այդ սահմանը կբացվի»։

Իսկ այժմ՝ «արդեն ուղիղ կներմուծվի ապրանքը, այժմ մաքսային իմաստով ուղիղ, իսկ ֆիզիկապես կգնա Վրաստանով, տարանցում կարվի ու կմտնի Հայաստան», – ասաց Միրզոյանը։ Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ գործընթացի վերջնական նպատակը Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենալն է, իսկ Թուրքիայից Հայաստան ապրանքների ուղիղ ներմուծումն ազդեցություն կունենա գների նվազման վրա, քանի որ, ըստ Միրզոյանի, դա լրացուցիչ ֆինանսական ծախս էր, ինչն արտացոլվում էր Հայաստանում ապրանքի ինքնարժեքի վրա։

Հիշեցնենք, որ մինչ այժմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը հիմնականում իրականացվում էր միջնորդ երկրների միջոցով։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն էլ իր հերթին ծանուցել էր հայ գործարարներին, որ նրանք արդեն կարող են ուղիղ առեւտուր իրականացնել Թուրքիայի հետ՝ առանց վերաձեւակերպումների։ Թեմային անդրադարձել էր նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ մանրամասնելով, որ նախկինում Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմիններին ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել ՀՀ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր՝ Հայաստանը։ Արդյունքում՝ ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների (օրինակ՝ Վրաստանի) միջնորդ սուբյեկտների միջոցով՝ վերաարտահանման ձեւակերպմամբ։ ՊԵԿ-ը հստակեցրել էր, որ այսուհետ ՀՀ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել անմիջապես իրենց անունով՝ առանց միջնորդների։

ԱՄՆն ու ԵՄն ողջունեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ առեւտրի մեկնարկը

Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ առեւտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ «Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների հանձնառությունը՝ ընդլայնելու տնտեսական կապերը եւ խթանելու տեւական խաղաղությունն ու բարեկեցությունը Հարավային Կովկասում», – ասված է դեսպանատան տարածած հայտարարությունում։

Եվրամիությունը եւս ողջունեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ առեւտուր սկսելու մասին որոշումը։ «Եվրամիությունը ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առեւտուր սկսելու մասին։ Սա նշանակալի իրադարձություն է նրանց միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը նաեւ ապացուցվում է 2026թ. ապրիլի 28-ին կայացած երկկողմ աշխատանքային խմբի հանդիպմամբ՝ երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով, որը մենք ողջունել ենք։ Այս կարեւոր քայլը կարող է նպաստել երկու երկրների միջեւ առեւտրային եւ տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը՝ դրական ազդեցություն ունենալով ամբողջ Հարավային Կովկասի, ինչպես նաեւ Եվրամիության վրա։ Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել աշխատել միասին, այդ թվում՝ սահմանի բացման ուղղությամբ»,- ասվում էր Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերի հայտարարության մեջ։ 

Թուրքիան Հայաստանը ներգրավեց «խաղի» մեջ, բայց ամենակարեւոր որոշումները դեռեւս կայացված չեն

Այսպիսով, պաշտոնական Երեւանի արձանագրմամբ՝ Թուրքիայի հետ երկխոսությունն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի կարող է հասնել ամբողջական կարգավորման։ Սակայն ակնհայտ է, որ ամբողջական կարգավորման համար Անկարայում պետք է կայացնեն քաղաքական որոշում։ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելիս, որ այսուհետեւ որպես առաքման երկիր նշվելու է Հայաստանը, առեւտրատնտեսական քայլ է, այո՛, որ որոշակի աշխուժություն կդրսեւորվի։

Բայց, թերեւս, բոլորի համար պարզ է, որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանի բացման հարցում Անկարայում սպասում են Ալիեւին, որն էլ, իր հերթին, սպասում է Հայաստանի իշխանությունների կողմից իրենց պահանջների բավարարմանը։

Այսինքն, հարցը, թե՝ հնարավո՞ր է մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորում, ունի պատասխան։ Ներկայիս իրողություններում դա ամբողջությամբ կախված է ոչ միայն Երեւան-Անկարա երկխոսությունից, այլեւ Բաքվի դիրքորոշումից։ Թուրքիան շարունակում է հայ-թուրքական գործընթացը սերտորեն կապել հայ-ադրբեջանական օրակարգի հետ՝ չնայած ի ցույց են դնում գործընթացների տարանջատման քայլեր։ Գործնականում, Անկարան ակնհայտորեն չի ցանկանում գնալ այնպիսի քայլերի, որոնք կարող են դժգոհություն առաջացնել Ադրբեջանում։

Այսինքն, լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի ամբողջական բացումը, ամենայն հավանականությամբ, դեռ կմնան քաղաքական մեծ պայմանավորվածությունների տիրույթում՝ կապված հայ-ադրբեջանական գործընթացի հետ։

Հետեւաբար, թուրքական կողմի վերջին քայլը մի քանի նպատակ ուներ։ Նախ, այստեղ տնտեսական շահն է. ուղիղ առեւտրի օրինականացումն ու պարզեցումը ձեռնտու է նաեւ թուրքական բիզնեսին։ Երկրորդ՝ տարածաշրջանային քաղաքական ազդեցության ամրապնդումն է, հատկապես այն պայմաններում, երբ խրախուսվում է հաղորդակցությունների բացումն ու տարածաշրջանային ինտեգրացիան։ Եվ երրորդը՝ միջազգային հանրությանը ցույց տալ, որ Անկարան կառուցողական դերակատար է Հարավային Կովկասում եւ մասնակցում է «խաղաղության օրակարգին»։

 Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031