Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական գյուղմթերքի լայնածավալ ներթափանցումը հայկական շուկա կարող է հարված հասցնել տեղական ֆերմերներին. «Փաստ»

Մայիս 21,2026 10:59 Share

Գաղտնիք չէ, որ թուրքական գյուղմթերքը միջազգային շուկաներում մրցունակ է հիմնականում ցածր ինքնարժեքի հաշվին։ Թուրքիայում գյուղատնտեսությունը գործում է լայնածավալ արտադրության, պետական աջակցության և արտահանման վրա հիմնված համակարգով։

Էներգակիրների, աշխատուժի, լոգիստիկայի և արտադրության ծախսերը համեմատաբար ցածր են, ինչն էլ թուրքական արտադրողներին հնարավորություն է տալիս շուկա մտնել շատ ավելի մատչելի գներով։ Հայաստանի գյուղատնտեսությունն, ընդհակառակը, հիմնականում հիմնված է փոքր ֆերմերային տնտեսությունների վրա, որտեղ արտադրողականությունը ցածր է, տեխնոլոգիական վերազինումը՝ սահմանափակ, իսկ պետական աջակցությունը՝ հաճախ ոչ համակարգային։ Այս իրավիճակում թուրքական գյուղմթերքի լայնածավալ ներթափանցումը հայկական շուկա կարող է հարված հասցնել տեղական ֆերմերներին։

Տարիներ շարունակ նույնիսկ փակ սահմանի պայմաններում թուրքական բազմաթիվ ապրանքներ միջնորդավորված տարբեր ուղիներով հայտնվում էին հայկական շուկայում։ Շատ դեպքերում սպառողները նույնիսկ տեղյակ չէին լինում, որ գնում են թուրքական արտադրանք։ Թուրքական լոլիկի, մրգի, հագուստի, կենցաղային ապրանքների և շինանյութերի առկայությունը հայկական շուկայում վաղուց նորություն չէ։ Սակայն միջնորդավորված ներկրման դեպքում առկա էին լրացուցիչ ծախսեր, որոնք որոշ չափով սահմանափակում էին թուրքական ապրանքների գերիշխանությունը։ Ուղիղ առևտրի դեպքում այդ միջնորդային ծախսերը զգալիորեն կնվազեն, և թուրքական ապրանքները կարող են շատ ավելի մեծ ծավալներով ու ավելի ցածր գներով ներթափանցել հայկական շուկա (դրա մասնակիի փորձը տարիներ առաջ եղել է՝ հատկապես հագուստի առումով)։

Սա առաջին հերթին կհանգեցնի տեղական արտադրողների մրցունակության կտրուկ նվազման։ Հայկական գյուղմթերքը, որն արդեն այսօր բախվում է իրացման խնդիրների, կարող է պարզապես դուրս մղվել շուկայից։ Փոքր ու միջին ֆերմերային տնտեսությունները դժվար թե կարողանան մրցել թուրքական զանգվածային արտադրության հետ։ Արդյունքում հնարավոր է դառնում գյուղական համայնքների սոցիալական խնդիրների խորացումը, գյուղատնտեսական զբաղվածության նվազումը, արտագաղթի նոր ալիքը և տեղական արտադրական շղթաների քայքայումը։ Եթե պետությունը չձևավորի պաշտպանական տնտեսական քաղաքականություն, ապա ազատ մրցակցության անվան տակ կարող է տեղի ունենալ ներքին արտադրության աստիճանական ոչնչացում։

Բայց խնդիրը միայն գյուղատնտեսությունը չէ։ Թուրքական թեթև արդյունաբերությունը՝ հատկապես տեքստիլը, կոշիկի արտադրությունը, կենցաղային ապրանքների արտադրությունը, ունի հսկայական ծավալներ և մրցունակ գներ։ Հայկական փոքր արտադրամասերը, որոնք հաճախ աշխատում են սահմանափակ ռեսուրսներով ու բարձր ծախսերով, դժվար թե կարողանան դիմակայել նման ճնշմանը։ Սա նշանակում է, որ տնտեսական «պատուհանի բացումը» կարող է վերածվել ոչ թե երկկողմ զարգացման, այլ միակողմանի տնտեսական ներթափանցման։

Այս իրավիճակում առանցքային նշանակություն ունի մաքսային և կարգավորիչ քաղաքականությունը։ Եթե Հայաստանը չի ձևավորում այնպիսի մաքսային ռեժիմ, որը թույլ կտա պաշտպանել տեղական արտադրողներին, ապա շուկայի բացումը կարող է վերածվել տնտեսական շոկի։ Պետությունը պետք է ունենա հակադեմպինգային մեխանիզմներ, սանիտարական և ֆիտոսանիտարական խիստ ստանդարտներ, ժամանակավոր քվոտաներ, ներմուծման վերահսկման համակարգեր և տեղական արտադրության սուբսիդավորման ռազմավարություն։ Հակառակ դեպքում մրցակցությունը կդառնա անհավասար, իսկ հայկական տնտեսությունը՝ ավելի խոցելի։

Առանց այս քայլերի հայ-թուրքական ուղիղ առևտուրը կարող է ստեղծել կարճաժամկետ սպառողական առավելություններ, բայց երկարաժամկետ հեռանկարում խորացնել տնտեսական կախվածությունը և թուլացնել տեղական արտադրական ներուժը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031