Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանահայ համայնքում հարցվածների 71 տոկոսը խոստովանել է, որ Գերմանիայում ճանաչում է հակահայկական ռասիզմը, զգացել է վերբալ կամ ֆիզիկական բռնություն. «Ազգ»

Մայիս 29,2026 10:52 Share

Գերմանական Կասսել քաղաքում ապրիլի 9-12-ին AIM- together akademie-ի  համաժողովի թեման «Ներխմբային ռասիզմն» էր, որին հայերի հետ մասնակցում էին քրդերը, հույները, ասորիները, հրեաները, սինտի եւ ռոմա (գնչու) համայնքից:

Գերմանահայ ուսանողական «Միասին» միության անդամներ Դավիթ Շահբազյանն ու Սաթենիկ Գույումճյանը հստակ օրինակներով անդրադարձել են հակահայկական ռասիզմի դրսեւորումներին՝ թե՛ Գերմանիայում, թե՛ աշխարհում, ներկայացրել են Արցախյան հակամարտության պատճառով բորբոքված հակահայկականությունը Ադրբեջանում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, սոցցանցերում, հակամարտությունից դուրս՝ հակահայկական դրսեւորումները Երուսաղեմում: «Միասին»-ը գերմանահայ համայնքում անանուն հարցում է անցկացրել, որի պատասխանները մտահոգիչ են, հարցվածների  71 տոկոսը խոստովանել է, որ Գերմանիայում ճանաչում է հակահայկական ռասիզմը, զգացել է վերբալ կամ ֆիզիկական բռնություն: Չեմ կարծում, թե բռնության ենթարկվածները դիմել են ՀՀ դեսպանությանը: Ուրախացնող մի հանգամանք կա՝ գերմանահայ երիտասարդությունը, որքան էլ ընկճված՝ իրավագիտակից է եւ զոհի բարդույթը ոչ թե շրջանցել է, այլ նոր զոհ չի ուզում լինել, թեկուզ խաղաղության քողի տակ:

Ապրիլի 24-ին, 25-ին, 26-ին ԳԴՀ տարբեր քաղաքներում գերմանահայ համայնքային երիտասարդությունն էր Հայոց ցեղասպանության հուշահանդեսների կազմակերպիչն ու ամբիոնից ելույթ ունեցողը, որ թե փոխանցում էր իր նախնիների բանավոր եւ գրավոր պատմությունը, թե՛ վստահեցնում, որ տեր է իր պատմության, իր ժառանգության, հետեւաբար՝ Հիշողության: Մոռացումը ոճրի կրկնություն է ծնելու: Դյուսսելդորֆի համալսարանի դահլիճում հայ ուսանողները՝ Մելանի Մարտիրոսը, Անահիտ Պադարյանը, Արփի եւ Սաթենիկ Գույումճյանները բարձրաձայնեցին, թե իրենց ընտանեկան պատմություններից են ճանաչում դահճին, չեն ներելու ուրացումը, պահանջելու են ճանաչում: Միջազգային իրավունքը հայերին չի զրկել արդարության վերականգման պահանջից: «Ուզեցին հայերիս բնաջնջել, չհաջողվեց դա 1915-ին, նորից փորձեցին՝ Ադրբեջանին նեցուկ կանգնեց Թուրքիան՝ վարձկաններով, Արցախը հայաթափվեց, դարձյալ հայրենազրկում եղավ, բայց դահիճը չհաղթեց: Մենք կանք եւ լույս ենք տալիս կյանքին՝ Հայաստանում, թե Սփյուռքում: Եւ ինչպես գերմանահայ երիտասարդ արձակագիր Լաուրա Ցվիրտնիան է ձեւակերպել՝ «Ցեղասպանության վերջին արարը ուրացումն է, ամենավերջինը՝ ինքնուրացումն է», – ասաց Սաթենիկը: Հատկապես նրա խոսքին արձագանքելով քուրդ, հույն, պարսիկ, գերմանացի, հրեա ուսանողական միության անդամներն ի նշան համերաշխության ծափահարեցին:

Ֆաշիզմի դեմ միասնական պայքարի նոր փուլ է սկսվում՝ Հիշողության մշակույթի երկրում՝ Գերմանիայում, եւ ջահակիրը գերմանահայ ուսանողությունն է:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031