«Ամերիա ՓԲԸ» կառավարման խորհրդատվական ծառայությունների տնօրեն Տիգրան Ջրբաշյանի ֆեյսբուքյան գրառումը
Հետխորհրդային պետությունների համար մինչև վերջ չվերաիմաստավորված հիմնարար հարցերից մեկը ոչ թե տեղեկանքների, թվայնացման կամ վարչարարական ընթացակարգերի հարցն է։
Դա պետության վերաբերմունքի հարցն է քաղաքացու նկատմամբ։
Խորհրդային վարչարարական ավանդույթում պետության հետ հարաբերության մեջ մտնող քաղաքացին հաճախ ընկալվում էր որպես հնարավոր խախտող։ Նա կարող է թաքցնել, խեղաթյուրել, շրջանցել, չասել ամբողջ ճշմարտությունը կամ չարաշահել համակարգը։
Կարդացեք նաև
Այստեղից էլ առաջացել էր նախնական անվստահության տրամաբանությունը․
բեր տեղեկանք, հաստատիր, ապացուցիր, ստացիր թույլտվություն, համաձայնեցրու, ներկայացրու ևս մեկ փաստաթուղթ։
Այսօր թղթային տեղեկանքները հաճախ փոխարինվում են թվային բազաներով, ռեգիստրներով և ավտոմատ ստուգումներով։ Բայց եթե դրանով չի փոխվում կառավարման բուն փիլիսոփայությունը, ապա թվայնացումը դառնում է ոչ թե բարեփոխում, այլ հին անվստահության նոր տեխնոլոգիական ձև։
Ժամանակակից հանրային իրավունքը հիմնված է այլ տրամաբանության վրա։
Քաղաքացին և բիզնեսը սկզբում դիտարկվում են որպես իրավակարգի բարեխիղճ մասնակիցներ։ Պետությունը չպետք է բոլորի հետ նախապես վարվի որպես հնարավոր խախտողների։
Հենց դրա համար էլ բազմաթիվ ժամանակակից համակարգերում քաղաքացու հաղորդակցությունը պետության կամ կարգավորվող բիզնեսի հետ առաջին հերթին հիմնվում է այն տեղեկատվության վրա, որը ներկայացնում է ինքը՝ քաղաքացին։
Լավ օրինակ է ապահովագրությունը։
Շատ արևմտյան երկրներում, ապահովագրական համակարգի հետ շփվելիս, մարդը նախ լրացնում է հարցաթերթիկ։ Նա տեղեկություն է տրամադրում իր, իր գույքի, առողջական վիճակի, ռիսկերի և ապահովագրական դեպքերի պատմության մասին։
Նրանից չեն պահանջում յուրաքանչյուր պատասխանի համար նախապես տեղեկանք ներկայացնել։
Ինչո՞ւ։
Ոչ թե այն պատճառով, որ ապահովագրական ընկերությունը կամ պետությունը միամտորեն հավատում են յուրաքանչյուր խոսքի։ Այլ որովհետև համակարգը կառուցված է այլ իրավական տրամաբանության վրա․ մարդն ինքն է հայտարարում տեղեկությունը և պատասխանատվություն է կրում դրա ճշգրտության համար։
Եթե ռիսկերը սովորական են, տեղեկությունն ընդունվում է հայտարարության հիման վրա։
Եթե ռիսկերը բարձր են, կարող են լինել լրացուցիչ ստուգումներ։
Եթե հետագայում պարզվում է, որ անձը գիտակցաբար կեղծ տեղեկություն է ներկայացրել, հետևանքները կարող են լինել լուրջ՝ վճարումից հրաժարում, պայմանագրի լուծում, վնասի հատուցման պահանջ, իսկ առանձին դեպքերում նաև պատասխանատվություն խարդախության համար։
Սա վերահսկողության բացակայություն չէ։
Սա վերահսկողություն է, որը կառուցված է վստահության, պատասխանատվության և ռիսկի գնահատման վրա։
Հիմնական տարբերությունը շատ պարզ է։
Հետխորհրդային մոդելը քաղաքացուն ասում է․
«Նախ ապացուցիր, որ չես խաբում»։
Ժամանակակից իրավական մոդելը ասում է այլ բան․
«Ինքդ ներկայացրու տեղեկությունը և պատասխանատվություն կրիր դրա ճշմարտացիության համար»։
Հենց սրա մեջ է վարչարարական անվստահության մշակույթից ժամանակակից հանրային իրավունքի անցման էությունը։
Վերահսկողությունը չի վերանում։ Բայց այն դառնում է ռիսկահեն, համաչափ և հետագա, այլ ոչ թե համընդհանուր և նախնական։
Հին մոդելի գլխավոր խնդիրն այն է, որ ազնիվ քաղաքացին և ազնիվ բիզնեսը կրում են մշտական անվստահության ծախսերը, մինչդեռ անբարեխիղճ մասնակիցները հաճախ միևնույն է գտնում են համակարգը շրջանցելու ուղիներ։
Արդյունքում պետությունը վերահսկում է բոլորին, բայց միշտ չէ, որ արդյունավետորեն պատժում է նրանց, ովքեր իրականում խախտում են կանոնները։
Հանրային կառավարման իրական արդիականացումը չի սկսվում նոր տվյալների բազայից և ոչ էլ հերթական թվային ռեգիստրից։
Այն սկսվում է մի պարզ բան ընդունելուց․
քաղաքացին պարտավոր չէ ամեն անգամ պետությանը ապացուցել, որ ինքը խախտող չէ։
Պետությունն իրավունք ունի ստուգելու, բացահայտելու և պատժելու խաբեությունը։ Բայց այն չպետք է ամբողջ կառավարման համակարգը կառուցի այն ենթադրության վրա, որ խաբեությունը յուրաքանչյուր քաղաքացու բնական վարքագիծն է։


















































