«Ռուսաստանից ի՞նչ աստիճանի անկախ արտաքին քաղաքականություն կարող է վարել ՀՀ-ն։ Մենք այս հարցն ենք քննարկում, երկու օր այս հարցն է դրված քննարկման, և այսպես էլ շարունակվելու է»,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ Ռուբեն Ռուբինյանին ուղղված հարցերին՝ ասաց․ «Քանի՞ թուրք ես տեսել Թուրքիայում։ Ինչո՞ւ այդ հարցը քննարկվեց, դարձավ հումորի, մեմերի առարկա, որովհետև դա կիսատ հարց է։ Անհարմար կլիներ ամբողջ ձևակերպումն ասել՝ առանց ռուսների իմացության քանի՞ թուրք ես տեսել Թուրքիայում»։
Հետո էլ խոսեց ԹՐԻՓՓ-ից ու ասաց․ «Ամբողջ քննարկումն այն մասին է, թե Ռուսաստանն ինչ աստիճանի պետք է մասնակցի ՀՀ ապաշրջափակմանը, որն առաջին հարցի ածանցյալն է։ Ի՞նչ արտաքին ազդեցությունից եք խոսում։ Էն ազդեցությունից, որ տարբեր պետությունների ղեկավարներ ասել են, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ ղեկավար է։ Այդպես կարծում են, ասել են, ի՞նչ խնդիր կա, որ իրենց շահերը համընկնում է մեր կառավարության որդեգրած քաղաքականության հետ։ Հա համընկնում է, որովհետև բոլորն էլ ուզում են, որ ՀՀ-ն սեպից վերածվի կամուրջի, մասնակցի համաշխարհային առևտրաշրջանառությանը։ Դա բոլորի շահերից բխում է, այո, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից էլ է բխում, Չինաստանի, Թուրանի, Անգլիայի։ Բոլորի շահերից բխում է, բայց կան պետություններ, որոնց շահերից չի բխում, բայց քանի որ գործընթացներն անկասելի են, այդ երկրները ցանկանում են մասնակցել այդ գործընթացին։ Սրա վերաբերյալ է, սրա մասին է խոսակցությունը։ Սրանից հետո, երբ ձեզ կասեն՝ ինքնություն, դուք հասկացեք արտաքին քաղաքականություն, որովհետև ինքնությունն է սահմանում շահերը և շահերն են սահմանում արտաքին քաղաքականությունը։ Երբ այստեղ գալիս, ասում են՝ մենք ուզում ենք պաշտպանել ինքնությունը, դա հո ոսկու ձուլակտոր չէ սեղանին դրված, ինքնությունն ապրող օրգանիզմ է, ինքնությունը չի կարող միշտ նույնը մնալ։ Այսօրվա հայի ինքնությունը նույնը չէ, ինչ Մադրասի առևտրականի ինքնությունը»։
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը, անդրադառնալով Արման Եղոյանի՝ մասնավորապես ինքնության հետ կապված դիտարկումներին, նշեց․ «Ինքնության ճգնաժամը մի հոգեբանական վիճակ է, երբ մարդը սկսում է մտորել, թե ինչ արժեքների է դավանում, ինչ հավատամք ունի, ինչին է հավատում, երբ նա կարծում է, որ նախկին ինքնությանը չի համապատասխանում իր այսօրվա կարգավիճակին ու ապրածին։ Դա մի վիճակ է, երբ մարդը փնտրտուքի և վերանայումների մեջ է․ օրինակ՝ կարծում է, որ Արարատն այլևս մերը չէ, ցեղասպանության միջազգային ճանաչումը վտանգավոր է, Սփյուռքն արժեք չէ, իսկ Արցախ բառն արտաբերելը տաբու է։ Հորդորում եմ սրա շուրջ մտորել»։
Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի՝ բարեկիրթ լինելու առաջարկին՝ ասաց․ «Այդ խաղի կանոնը գործում է միայն այս ամբիոնի՞ն, թե՞ առհասարակ, օրինակ՝ Ձեր ֆեյսբուքյան սոցիալական հարթակներում։ Այդ խաղի կանոնը քննարկե՞լ եք Ձեր թիմակիցների հետ, արձանագրել եք, որ բոլորդ եք գնում այդ ճանապարհով, թե՞ պարզապես հայտարարում եք հայտարարելու համար»։
Անդրադառնալով իշխանական պատգամավորների՝ Ռուբեն Ռուբինյանին ուղղված մասնավորապես այն բնութագրումներին, թե նա բաց ու թափանցիկ գործիչ է, ասաց․ «Ձեզ բնութագրեցին՝ որպես ամենաբաց ու թափանցիկ գործիչ։ Եթե ամենաբացն ու թափանցիկն եք, ինչո՞ւ եք այսօր սահմանափակում ԱԺ տարածքում լրագրողների ազատ տեղաշարժը, որոշում՝ որտեղ պիտի կանգնեն, ինչ տեսնեն ու ինչ նկարեն»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































