ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՍԽԵՄԱ

Թե ինչպես է նոտարների եւ դատավորների համար կաշառակերության «անծայրածիր խոպան» ստեղծվել՝ կտակի մասին «առոչինչ» փաստաթուղթ տալով եւ մեկնաբանելով:

\"\"

2011թ. ապրիլի 21-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ համատարած կաշառակերություն է տիրում նոտարական համակարգում, ընդգծեց, որ ստեղծվել է փակ համակարգ եւ կախված ենք նոտարներից: Ներկայացվում են կոնկրետ փաստեր, որոնք վկայում են այդ փակ համակարգում խախտումների դրսեւորման ծավալների զարգացման եւ խորության մասին:
ՀՀ-ում սահմանափակված է մարդու հիմնական իրավունքներից մեկը՝ կտակի մասին տեղեկանալու իրավունքը։ Յուրաքանչյուրի անմիջականորեն գործող հիմնական իրավունքներից է՝ «իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու սեփականությունը» (ՀՀ Սահմանադրության 31 հոդված), իսկ քաղաքացու կամ ժառանգի համար՝ ժամանակին տեղեկանալու եւ ընդունելու ըստ կտակի ժառանգված սեփականությունը։ Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ նոտարական համակարգը չի իրականացնում այդ սահմանադրական իրավունքը՝ քաղաքացուն կամ ժառանգին ժամանակին տեղեկացնելու՝ կտակարարի մահից հետո ըստ կտակի ժառանգված սեփականություն ընդունելու իրավունքի մասին: Անհրաժեշտ կառավարման (հակառակ կապի) գործառույթի բացակայության պայմաններում, վերահսկողության եւ համապատասխան տեղեկատվական համակարգի, մասնավորապես՝ կտակների պետական միացյալ ռեեստրի (շտեմարանի, բանկի) բացակայության պայմաններում ՀՀ-ում նոտարական գործողությունները՝ կտակների վավերացումը եւ նրանց փոփոխումը, լրացումը կամ վերացումը իրականում «անվերահսկելի» են երկար տարիներ։ Ավելին, ՀՀ արդարադատության նախարարի 14 օգոստոսի 2000թ. N523 հրամանով պետք է ստեղծվեր կտակների մասին համակարգված տեղեկատվական բանկ։ Բացի այդ, ՀՀ-ը չի միացել Բազելյան կոնվենցիային, որը կարգավորում է կտակների մասին տեղեկատվության փոխանակման հարցերը։
Այս իրավիճակից օգտվեցին նոտարներն ու դատարանները։ Նոտարները չուղարկեցին կտակների վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ արդարադատության նախարարություն, ինչի հետեւանքով քաղաքացիները սահմանափակվեցին կամ զրկվեցին իրավունքից՝ ժամանակին ստանալու տեղեկություն իրենց անունով կազմված կտակների մասին (նաեւ արտասահմանից)։ Ավելին՝ լայն զարգացում ստացավ կոռուպցիոն ռիսկերի դրսեւորումը, այդ թվում՝ դատարանների գործունեությունում, որտեղ կտակների եւ ժառանգված սեփականության հետ կապված վեճերի մեծ մասը կարող էր չքննարկվել։
Հետազոտված է ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ սխեման (որը կիրառվում է Եվրախորհրդի անդամ երկրներից միայն ՀՀ-ում)։ Նոտարը 2000թ.-ից լինելով պաշտոնատար անձ, ապօրինի կարող էր վերագրել իրեն՝ կտակարարի մահից հետո կտակը հետին թվով փոփոխելու, լրացնելու կամ վերացնելու իրավունքը։ Քաղաքացին, եթե ցանկանում է իր կտակը փոփոխել, լրացնել կամ վերացնել՝ դիմում է նոտարին, սակայն, որպես կանոն, վերջինս դա չի վավերացնում սահմանված կարգով եւ ձեւով, այլ հաստատում է անձի միայն ստորագրությունը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն: Նոտարը չի հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այն դեպքում, երբ ՀՀ քաղօրենսգրքի 1202 եւ 1203 հոդվածների եւ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարի 14.08.2000թ. N523 հրամանով հաստատված կարգով հստակ արգելված է կտակի, կտակը վերացնելու մասին հայտարարության կամ դիմումի՝ գործարքի շարադրանք ունեցող փաստաթղթի վրա վավերացնել սոսկ ստորագրության իսկությունը։ Նման արգելք եղել է դեռ սովետական ժամանակներում, նման արգելք կա այժմ եւ ՀՀ-ում (որը արհամարհված է), Ռուսաստանում եւ շատ այլ երկրներում, որտեղ գործում են կտակների մասին պետական ռեեստրների համակարգերը վերոգրյալ հիմնական իրավունքի արդյունավետ կառավարման համար:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ փաստաթղթում շարադրված փաստը չի հաստատվում, ինչը էական նշանակություն ունի: Եթե գործարքի կամ կտակի հետ կապված որեւէ փաստ նոտարական կարգով չի հաստատվել, ապա այն առոչինչ է, չունի ապացուցողական ուժ եւ չի առաջացնում իրավաբանական հետեւանք: Կտակի վերացման նոտարական գործողության տեսակը, ստորագրության վավերացման գործողությունը եւ ստորագրության իսկության վավերացման գործողության տեսակը նոտարները կամայական փոխել են մեկը մյուսով, չունենալով դրա իրավունքը: Կտակի վերացման վավերացման նոտարական գործողության տեսակը իր մեջ ներգրավում է ստորագրության վավերացման գործողությունը, սակայն սահմանափակում է հնարավորությունը՝ կատարել ստորագրության իսկության վավերացման գործողություն: ՀՀ արդարադատության նախարարության 14.08.2000թ. N523 հրամանի 204-րդ կետի համաձայն՝ նոտարը վավերացնում է այն փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը, որոնց բովանդակությունը չի հակասում օրենքին, եւ այն իրենից գործարքի շարադրանք չի ներկայացնում: Հրամանով հաստատված կարգի համաձայն՝ կտակի եւ այլ փաuտաթղթերի վրա, որոնցում շարադրվում է գործարքի բովանդակությունը, կարող է վավերացվել միայն այն անձի uտորագրությունը, որը uտորագրել է մեկ ուրիշի փոխարեն, որը չի կարող անձամբ uտորագրել ֆիզիկական պակաuության, հիվանդության հետեւանքով կամ այլ պատճառներով: Կտակը վերացնելու մասին դիմումի վավերացումը, նոտարական կարգով վավերացման տեսակը եւ մակագրությունը պետք է համապատասխանեն կտակի հաստատված օրինական ձեւին (Ձեւ N 32): Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան նոտարներ, որոնք համատարած աղավաղել են իրենց գործունեության էությունը, իմաստն ու բովանդակությունը, խեղաթյուրել օրենքով ամրագրված կանոնները, նենգափոխել նոտարական գործողության տեսակները եւ ձեւախեղել վավերացման մակագրության օրինակելի ձեւը։
Ինչպես են խախտվել իրավական ակտերի կիրառման կարգը, ՀՀ արդարադատության նախարարության հրամանները։ Փաստաթուղթը, որտեղ ֆիզիկական անձի սոսկ ստորագրությունն է հաստատվում (67-րդ հոդվածի համաձայն), չի պահպանվում նոտարական գրասենյակում, չի կցվում կտակարարի գործին, չի գրանցվում կտակների այբենական գրքում, նոտարական գործողությունների սեղանամատյանում եւ համապատասխան հաղորդագրություն չի ուղարկվում ՀՀ արդարադատության նախարարություն։ Կտակարարի մահից հետո նոտարը կարող է փաստաթղթի օրինակը ստանալու կամ չստանալու դեպքում՝ շահադիտական նպատակով, հետին թվով կտակը վերացնել, փոփոխություններ, լրացումներ կատարել կամ չվերացնել՝ կոպիտ խախտելով ՀՀ սահմանադրության եւ օրենքների պահանջները։
Հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք իրազեկ չեն, որ կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին հայտարարությունը կամ դիմումը կազմվում է օրենքով սահմանված՝ կտակի (միակողմանի գործարքի) ձեւի համաձայն՝ դարձել են խարդախության զոհեր, իսկ ըստ կտակի ժառանգները՝ զրկվել են սեփականությունից: Որոշ կտակներ հետագայում կտակարարների մահից հետո ապօրինի վերացվել են, որոշը՝ դեռ ոչ։ Միայն Երեւանի Էրեբունու տարածքի նոտարական գրասենյակում 2003թ.-ի երկու ամսվա կտրվածքով առկա են չորս առոչինչ՝ կտակը վերացնելու մասին հայտարարություններ կամ դիմումներ՝ գործարքի շարադրանք ունեցող փաստաթղթեր, որոնց վրա վավերացված է սոսկ անձի ստորագրության իսկությունը՝ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն:
Նման առոչինչ, իրավաբանական ուժ չունեցող փաստաթղթերի (կեղծ ապացույցների) միջոցով որոշ քաղաքացիներ, նաեւ դատարանների անհիմն վճիռների միջոցով (փաստերը, այդ թվում վճիռները առկա են), ապօրինի ձեռք են բերել ժառանգական գույքի վերաբերյալ սեփականության իրավունքի վկայագիր: Այդ խախտումների վերացումը պահանջում է հսկայական ներուժ՝ կորպորատիվ շահերի պաշտպանությունը հաղթահարելու համար: Մյուս կողմից, հասարակությունը, քաղաքացիները, կտակարարները եւ ժառանգները պետք է տեղեկացված լինեն իրենց իրավունքների ոտնահարման փաստերի վերաբերյալ:
Իրավական ակտերի ընդունման, հրապարակման կամ կիրառման կարգի պահանջների խախտում հայտնաբերած յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել իրավական ակտն ընդունող, հրապարակող կամ հրատարակող մարմին, կամ դրա վերադաս մարմին, կամ դատարան՝ պահանջելով օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու համար եւ այդ մասին տալ համապատասխան տեղեկատվություն, այդ թվում՝ լրատվամիջոցների օգնությամբ: Օրենքների պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնում են նաեւ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների ղեկավարները՝ օրենքով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում: Այս առումով ՀՀ հասարակությունը, այդ թվում՝ լրատվամիջոցները պետք է, իմ կարծիքով, ողջունեն եւ հնարավորինս աջակցեն ՀՀ արդարադատության նախարարության ներկա բարեփոխումները, պաշտպանեն պաշտոնյաներին անհիմն մեղադրանքներից, քանզի անհրաժեշտ է քաղաքացիների խախտված սահմանադրական եւ սեփականության իրավունքները շուտափույթ վերականգնել:
Հաշվի առնելով նաեւ, որ հասարակական կայունության գլխավոր երաշխիքը սահմանադրականության, իրավական նորմերի եւ ակտերի կիրառման կարգի հաստատումն է, որը ենթադրում է խախտումների վերացումը, ՀՀ դատական համակարգը առկա վիճակում կարող է իրավական ճիշտ եւ համակարգված որոշումներ կայացնել՝ օրենքով դատարաններին սահմանված իրավունքը իրականացնել (որը ՀՀ-ում դատական պրակտիկայում գրեթե չի կիրառվում)՝ սեփական նախաձեռնությամբ առոչինչ գործարքի անվավերության հետեւանքների կիրառումը, կայացրած վճիռների, որտեղ որպես ապացույց հիմք են ընդունվել՝ 67 հոդվածով վավերացված կտակների փոփոխման, լրացման կամ վերացման մասին առոչինչ հայտարարություններ եւ դիմումներ: Պետք չէ սպասել Եվրոպական դատարանի վճիռներին, այն դեպքում, երբ ՀՀ կառավարության եւ դատական համակարգի նախատեսված լիազորությունների շրջանակներում հնարավոր է վերոգրյալ խախտումները վերացնել՝ դրանով վերականգնել մեր հասարակության վստահությունը պետական մարմինների նկատմամբ, որպեսզի մարդիկ գոհ մնան նոտարների եւ իրավապահ մարմինների աշխատանքից, որպեսզի նվազեցվեն կոռուպցիայի մակարդակը, հնարավոր չարաշահումները եւ ռիսկերը, որ մարդիկ գիտակցեն, որ իրոք պետությունը, այլ ոչ թե Եվրոպական դատարանը, ապահովում եւ պաշտպանում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան։ Պետությունը, այդ թվում՝ դատարանները, սահմանափակված են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք եւ դա բացարձակ ճշմարտություն է:

ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆ
Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով»   
եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) լիազոր ներկայացուցիչ,
պրոֆեսոր, տնտ. գիտ. դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք