Լրահոս
Օրվա լրահոսը

Սվետլանա Գրիգորյանի անունը և հիշատակը վառ կմնա նրա բազմահազար երկրպագուների սրտերում

Մայիս 13,2014 18:47

Հայ թատրոնը ծանր կորուստ կրեց: Կյանքի 84-րդ տարում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ Մովսես Խորենացի և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, ճանաչված ու սիրված կատակերգակ Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը:

Ծնվել է 1930 թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում, զինվորականի ընտանիքում: 13 տարեկանում արդեն թատերական ուսումնարանի սան էր: 1949 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը և աշխատանքի անցել նորաստեղծ օպերետային թատրոնում, որին անմնացորդ նվիրվեց մինչև իր կյանքի վերջը: Կոմեդիայի թատրոնում նա ի հայտ բերեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու մշտական տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։ Ս. Գրիգորյանի մուտքը երաժշտական կոմեդիայի թատրոն եղավ այնքան շռնդալից, որ վեց տասնամյակից ավելի նա տիրաբար գրավեց հայ բեմը՝ նոր գույն, նոր որակ հաղորդելով օպերետային, ապա և՝ կատակերգական ժանրերին:
Ս. Գրիգորյանն այն եզակի դերասաններից էր, ով ունեցավ 65 երկար ու ձիգ տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում, կերտեց հարյուրից ավելի դերեր՝ մշտապես արժանանալով հանդիսատեսի սիրուն ու համակրանքին, թատերագիտական մտքի հիացքին՝ Ավ. Իսահակյանի, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Փափազյանի, Գ. Գասպարյանի, Ս. Կապուտիկյանի, Կիրիլ Լավրովի, Ռոբերտ Ստուրուայի, Սերգեյ Մարտինսոնի և շատ այլ մեծությունների հիացական կարծիքներին:

Բեմական գործունեության երկար ճանապարհին հատկապես աննախադեպ է նրա դերախաղը հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ: Ճակատագրական եղավ նրանց հանդիպումը 1949 թ. «Մի քաղաք կա Վոլգայի վրա» օպերետում, որ շարունակվեց ավելի քան 55 տարի: Կարպ Խաչվանքյան-Սվետլանա Գրիգորյան հրաշազույգը խաղաց տասնյակ դերեր՝ միմյանց լրացնելով ու ներկայացումները դարձնելով կատարյալ բեմական հրավառություն:

Բազմաթիվ ու բազմաբնույթ էին Ս. Գրիգորյանի դերակատարումները, որոնցում նա դրսևորեց ստեղծագործական իր անհատնում հնարավորությունները, ստեղծեց իր վառ, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի Գրիգորյանական կերպավորման տեսակը։ Իսկ այդպիսի դերերը բազմաթիվ էին ու տարաբնույթ՝ Կոլոմբինա («Վենետիկյան երկվորյակներ»), Լիսենա («Պարերի ուսուցիչը»), Նունուֆար («Հին հիվանդություն»), Մարթա («Ատամնաբույժն արևելյան»), Ժաննա («Ռոզ Մարի»), Նատա («Սոֆիկի սխալը»), Ռոզալյա («Չանիտայի համբույրը»), Բալասան («Ծաղիկների աշխարհում»), Խանում («Խանումի արարքները»), Ժիվկա («Տիկին մինիստրուհին»), Մարիետա («Բայադերա»), Կարմեն («Սեր աստղերի տակ») և այլն: Նրա ցայտուն և առասպելական հաջողություն ունեցած կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Վերջինս արդեն 38 տարվա բեմական կյանք ունի և խաղացվել է ավելի քան 3500 անգամ։
Նա նաև Երևանի հեռուստաթատրոնի հիմնադիրներից է և 1957-1986 թթ. այդ թատրոնում խաղացել է 20-ից ավելի դերեր՝ հիմնականում գլխավոր: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել միջազգային տասնյակ մրցանակների՝ նույնպիսի ընդունելություն գտնելով արտերկրում, ինչպիսին Հայրենիքում էր։ Նա հիրավի դարձավ համայն հայության սիրելի դերասանուհին՝ արժանիորեն ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում արժանանալով «Ծիծաղի թագուհի» տիտղոսին:
Ս. Գրիգորյանի անունը և հիշատակը վառ կմնա նրա բազմահազար երկրպագուների սրտերում և հայ թատրոնի պատմության մեջ:

Սվետլանա Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևան Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում, Նոր Նորքի 5-րդ զանգված): Վերջին հրաժեշտը՝ մայիսի 15-ին՝ ժամը 12:00-14:00, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

 

Կառավարական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Սվետլանա Գրիգորյանը կարիք չուներ հորինված կենսագրության, կեղծարարության: Նա հանդես չի եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, չի արժանացել միջազգային տասնյակ մրցանակների…Համաժողովրդական սերն արդեն մրցանակ էր, ուստի ու՞մ են պետք այս կեղծիքները, ո՞վ է հերթական անգամ իր տգիտությունն ու թատերական դաշտում հաստատվելու մարմաջը բերել մահախոսականի տարածք… Ժամանակին մենք հրապարակավ, անվանի դերասանուհու 80-ամյակի հանդիսությանը, նկատել ենք, որ որոշ նշանավորների են վերագրվում Սվետլանա Գրիգորյանի մասին ասված կարծիքներ… Պետք էր այստեղ էլ զգույշ լինել այդ հարցում…Ի՞նչ է նշանակում արվեստի Գրիգորյանական կերպավորման տեսակը… Ինչպե՞ս է կերպավորվում արվեստը… Մի խոսքով, կարիք չկար Սվետլանա Գրիգորյանի մահախոսականով ինքնահաստատվել՝ հերթական անգամ ի ցույց դնելով տգիտությունը… ՆՆջիր խաղաղությամբ, սիրելի Սվետլանա Ռուբենովնա, այս ամենն արդեն քեզ պետք չէ: Դու միշտ կմնաս որպես շատ սիրված կատակերգակ դերասանուհի, որի տեսակն այլևս չկա մեր թատրոնում…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031