Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց սեքսի ու արյունահեղության

Նոյեմբեր 26,2014 17:30

(ուսումնական ձեռնարկ՝ վերնագրեր ստեղծելու համար)

Միանգամից ասեմ, որ իմ այս ձեռնարկը այն հատուկենտ լրագրողների համար չէ, ովքեր, չգիտես ինչու, ամեն նոր նյութի ու հաղորդագրության համար մտածված, արտահայտիչ ու գրավիչ վերնագիր են փնտրում, տանջվում ու տառապում, որպեսզի հետո ընթերցողը չտառապի: Այնինչ դրա կարիքը բոլորովին չկա: Եթե ամերիկյան մեքենաշինարարները դեռեւս 19-րդ դարում ավտոմատ հոսքագծով ավտոմեքենա էին արտադրում, մի՞թե մենք չենք կարող անկախ ու ազատ Հայաստանի պայմաններում ավտոմատ վերնագրեր թողարկել: Դա բոլորովին էլ դժվար չէ, պարզապես պետք է հետեւել ներքոշարադրյալ մի քանի սկզբունքներին:

Սկզբունք 1-ին. Խաղալ հերոսի անվան հետ.– Եթե գործող անձի ազգանունը համընկնում է որեւէ քաղաքական գործչի կամ այլ հայտնի անձի հետ, ապա հարցը լուծված է: Որ մերոնք չնեղանան, օրինակը արտասահմանյան ազգանվան վրա ներկայացնեմ: Ենթադրենք՝ ոմն Օբամա (Մերկել, Օլանդ) վթարվել է կամ վթարի ենթարկել, խուլիգանություն է արել կամ զոհ դարձել, սպանել է կամ սպանվել, կարեւոր չէ՝ վերնագիրը պատրաստ է՝ «Օբաման (Մերկելը, Օլանդը) վթարի է ենթարկվել», «Օբաման (Մերկելը, Օլանդը) սպանվել է» եւ այլն: Ո՞վ կդիմանա ու այդ վերնագիրը տեսնելով՝ նյութը չի բացի: Ի՞նչ անենք, որ մեկ-երկու վայրկյանից ընթերցողը կզայրանա, կհիասթափվի հեղինակից ու լրատվամիջոցից, դա ի՞նչ կարեւոր է: Կարեւորը քլիքներն են: Իսկ դրանք ապահովված են:

Սկզբունք 2-րդ. Հարցական վերնագրեր.– Այս տարբերակում լրագրողը որեւէ սկանդալային, թեկուզ տրամաբանությունից ու հիմնավորումից բացարձակապես զուրկ որեւէ հարց է տալիս, ու անկախ պատասխանից՝ իր հարցը դարձնում նյութի, հաղորդագրության վերնագիր: Օրինակ՝ ենթադրենք, Օբամային (Մերկելին, Օլանդին) հարցնում եք՝ «ամերիկյան (գերմանական, ֆրանսիական) զորքերը պատրաստվո՞ւմ են ներխուժել Վենեսուելա (Էկվադոր, Ալժիր): Բնականաբար, պատասխան եք ստանում, որ դա անհեթեթություն է, եւ օրակարգում նման հարց չկա ու չի էլ եղել: Բայց դա արդեն կարեւոր չէ: Հանգիստ կարելի է նյութը, հաղորդագրությունը վերնագրել «Ամերիկյան (գերմանական, ֆրանսիական) զորքերը պատրաստվո՞ւմ են ներխուժել Վենեսուելա (Էկվադոր, Ալժիր)»: Կարեւորը հետագա անախորժություններից խուսափելու համար հարցական նշանը չմոռանալն է: Հետո նյութի մեջ նույնիսկ կարելի է մեջբերել պատասխանը, մոտավորապես այսպես՝ «Մեր հարցին, թե արդյոք ամերիկյան (գերմանական, ֆրանսիական) զորքերը պատրաստվո՞ւմ են ներխուժել Վենեսուելա (Էկվադոր, Ալժիր), Օբաման (Մերկելը, Օլանդը) պատասխանեց, թե դա անհեթեթություն է, եւ օրակարգում նման հարց չկա ու չի էլ եղել»: Դա արդեն կարեւոր չէ, վստահ եղեք, որ վերնագրի շնորհիվ նյութը կհայտնվի ամենաշատ կարդացված նյութերի ցանկում, թեեւ իրականում գրեթե ոչ ոք այն մինչեւ վերջ չի կարդա:

Սկզբունք 3-րդ. Շեշտադրումով վերնագրեր.- Ինձ թվում է՝ հայերենում շեշտի դերը մի փոքր թերագնահատված է: Նշանն ինքն էլ մի տեսակ փոքր ու աննշմարելի է: Իսկ լատինատառ լեզուներում որքան լավ է արտահայտված՝ !: Դրա համար էլ խորհուրդ ենք տալիս օգտագործել լատինատառ շեշտը: Վերցնում ես մի ամենասովորական արտահայտություն, շեշտում ու դարձնում վերնագիր: Ասենք՝ «Օբաման (Մերկելը, Օլանդը) մեկնեց Հունաստան !»: Գերադասելի է՝ մեկից ավելի շեշտեր դնել, այ, այսպես՝ «Օբաման (Մերկելը, Օլանդը) մեկնեց Հունաստան !!!!!!!!!!!!»: Դե եկ, խեղճ ընթերցող, դիմացիր ու մի բացիր նյութը: Իհարկե, կարդացողի մոտ անմիջապես հարց կառաջանա, իսկ ինչո՞ւ Օբաման (Մերկելը, Օլանդը) չպետք է մեկներ Հունաստան, այդտեղ ի՞նչ մի յուրահատուկ կամ արտասովոր բան կա, եւ վերջապես՝ ի՞նչ կարիք կար շեշտելու: Բայց դա արդեն կարեւոր չէ: Հարցը լուծված է, քլիքներն՝ ապահովված….

Սկզբունք 4-րդ. Ծանոթ վերնագրեր եւ ասույթներ.– Այս մեթոդը նույնպես բավականին արդյունավետ է եւ որ ամենակարեւորն է՝ չի ստիպում ուղեղը ծանրաբեռնել: Եթե, օրինակ, նյութը անօրինական ծառահատումների մասին է, առանց վարանելու վերնագրեք՝ «Ծառերը կանգնած են մահանում», եթե որեւէ բացահայտված խաբեության (երբեմն պատահում է)՝ «Ստի տուտը կարճ է» եւ այլն: Պետք է օգտագործել ամենածեծված ու հայտնի ասացվածքներն ու ասույթները՝ «Էշն ի՞նչ գիտի, նուշն ինչ է», «Ճտերը աշնանն են հաշվում», «Մի եղիր ուրագի պես…» եւ այլն: Ու բոլորովին կարեւոր չէ, թե վերնագիրը որքանով է առնչվում նյութին: Թող ընթերցողը գլուխ կոտրի ու փորձի կապը գտնել:

Սկզբունք 5-րդ. Անկապ վերնագիր.– Եթե վերոնշյալ տարբերակները այս կամ այն պատճառով կիրառելի չեն, ապա կարելի է նյութի հետ բոլորովին չկապված ցանկացած վերնագիր դնել: Մի հին անեկդոտ կա այս մասին: Նորաթուխ սցենարիստը հարցնում է հոլիվուդյան կինոստուդիայի մարքեթինգի մասնագետին.

– Ի՞նչ խորհուրդ կտաս, ի՞նչ վերնագիր դնեմ սցենարիս:
– Սցենարում էրոտիկ պատկերներ կա՞ն:
– Ոչ:
– Իսկ արյունահեղությո՞ւն:
– Բոլորովին:
– Ուրեմն վերնագրիր՝ «Առանց սեքսի եւ արյունահեղության»:

Ի դեպ, այս սկզբունքով էլ վերնագրել եմ իմ այս ուսումնական ձեռնարկը:

ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930