Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի 35-ամյա կնոջ «քաջությունը»․ նա ծնել է 11-րդ զավակին (Տեսանյութ)

Հուլիս 21,2017 21:34

Այսօր գյումրեցի 35-ամյա Լիլիթ Խաչատրյանը լույս աշխարհ է բերել իր 11-րդ զավակին։ Նա արդեն 6 տղա և 5 աղջիկ ունի․ 3 կգ 600 գրամ քաշով նորածնին անվանել են Դավիթ։ Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը շտապել էր Գյումրու ծննդատուն՝ տեսնելու փոքրիկին։ Մարզպետը ծննդկանին ասաց․ «Էս ինչ հերոսության եք գնացել, մարդկանց հազիվ համոզում ենք, որ մի երեխա բերեն, դուք լավ օրինակ եք բոլորին ծառայում։ Մարդիկ երկրի նկատմամբ վստահություն ունեն, երեխա են բերում, եթե վստահություն չի լինում, փորձում են մի հատ, երկու հատով բավարարվել»։

Լրագրողների հետ զրույցում էլ մարզպետն ասաց, որ 11-րդ երեխայի ծնունդը աշխատանքային շաբաթվա ավարտի ամենահաճելի լուրն էր։ «Սա ամենաուրախալին է, գիտեք ժողովրդագրական վիճակը բավականին ծանր է, չգիտեմ ժամանակին տուրք տալով, թե սոցիալ- տնտեսական  վիճակի պատճառներով  ձեռնպահ են մնում շատ երեխաներ ունենալուց, բայց թե տեսնում ենք, որ կան բացառություններ։ Աստված տա բացառությունները դառնան օրինաչափություն։ Վաղը, մյուս օրը երկու երեխա ունենալը դառնա բացառություն։ Իհարկե, 11 երեխան քաջություն է, հերոսություն է, պետք է այսպիսի մարդկանց պահենք, պահպանենք, պետությունը պետք փորձի հնարավորինս օգնել»,- ասաց մարզպետը։

Մեր հարցին՝ ի՞նչ միջոցներ պիտի ձեռնարկի պետությունը բազմազավակությունը խրախուսելու համար,  Արթուր Խաչատրյանն ասաց․ «Եթե ծնելիության հարցին անդրադառնանք, կան մի քանի պատճառ, պատճառներից մեկն, իհարկե, աշխատանքն է։ Պարզ է, պետությունը չի կարող երեխային մեկ տարեկանից մինչև 18 տարեկան պահի։ Պիտի կարողանանք ծնողների համար ապահովել աշխատանք, մարդիկ ունենան աշխատանք, մշտական եկամուտ։ Շատ կարևոր խնդիրներից է նաև բնակարանային խնդիրը, որովհետև գիտեք ժամանակները փոխվել են, նոր ընտանիքներն ուզում են առանձին ապրել, պետք է կարողանանք երիտասարդների համար բնակարանային պայմանները լուծել։ Հույս ունեմ, որ այն ծրագրերը, որոնք կան Երևանում, գան նաև Գյումրի, մատչելի պայմաններ, լինի դա հիփոթեքային  վարկի սուբսիդավորում կամ սոցիալական բնակարաններ։ Սոցիալական բնակարաններ ի նկատեմ ունեմ այն, որ պետությունը տրամադրի բնակիչներին՝ առանց օտարելու իրավունքի։  Արտոնություններ մայրերին ու նաև բացատրական աշխատանք, որ երեխան լավ բան է»:

Aravot.am-ի այն հարցին, թե համարձակ քայլ չէ՞ այսօրվա պայմաններում 11-րդ երեխան ունենալը, 35-ամյա Լիլիթ Խաչատյանն ասաց․ «Ամեն երեխա իր ղսմաթն ունի։ Աստված ուժ է տալիս, կպահես»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Շատ եմ ուրախանում երբ նման լուրեր եմ իմանում:
    Աստված ձեր բոլոր երեխաներին պահապան: Մեր ազգի ապագան հնարավոր է միայն այն դեպքում երբ մեզանից հետո արժանապատիվ սերունդ լինի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31