Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՛մ չեն հասկացել օրենքը, կա՛մ չեն կարդացել». Դավիթ Հարությունյանը՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի մասին

Հոկտեմբեր 10,2017 19:28

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումներին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Հարցին՝ այդտեղ որոշակի ուղղորդում կա՞, կառավարությունը կշարունակի՞ պնդել օրենքի ընդունումը՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կառավարությունը նույն համառությամբ կշարունակի, որովհետեւ խնդիրն առկա է մեր հասարակությունում եւ բնականաբար այն պետք է լուծել: Իսկ ուղղորդում կար, թե ոչ՝ ես չեմ ուզում անգամ գնահատանքի արժանացնել: Կարո՞ղ են լինել մարդիկ, որ կատեգորիկ դեմ արտահայտվեն՝ իհարկե, կարող են եւ դա նորմալ է, իրենք ունեն իրենց իրավունքը: Իրենք իրավունք չունեն իհարկե խանգարելու բնականոն ընթացքը ցանկացած միջոցառման: Երեկվա միջոցառումը այլ նպատակ էր հետապնդում, դա ընդամենը սկիզբն էր հանրային քննարկումների շարքի: Երեկ նախատեսվում էր, որ իրենք կարող են իրենց հուզող հարցերը տալ եւ լսել մեր արձագանքը, որից հետո կարող են, իհարկե, պատրաստվել, որ հաջորդ փուլում կարողանան ներկայացնել իրենց տեսակետը: Բանն այն է, որ իրենց ելույթներից ակնհայտ երեւում էր, որ կա՛մ չեն հասկացել օրենքը, կա՛մ չեն կարդացել օրենքը: Որոշ հետաքրքիր մտքեր, իհարկե, ելույթներում կային»:

Նախարարը նշեց, որ մարդիկ անտեղյակ են, դրա համար էր երեկվա միջոցառման նպատակն էր մտահոգող հարցերին պատասխանել:

Հարցին մեզ չե՞ն ստիպում դա անել, որովհետեւ կարծիքներ կան, որ ԵՄ-ն, միջազգային կառույցներն են դա ստիպում ընդունել՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Վստահեցնում եմ ձեզ՝ կառավարության վրա այդ առումով որեւէ ճնշում չկա: Այս խնդիրը մենք ինքներս համարում ենք առաջնահերթ խնդիր, ի դեպ՝ նաեւ ամբողջ քաղաքակիրթ մարդկությունն է սա համարում առաջնահերթ խնդիր»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ ընտանեկան բռնությունը նոր երեւույթ չէ, բայց որպես առանձին ֆենոմեն ուսումնասիրության առարկա վերջին 30 տարվա ընթացքում է իրականացվել եւ նորանոր գործիքներ են զարգանում այդ առումով, ինչո՞ւ մենք պետք է հետ մնանք այդ գործընթացից, եթե դա բնորոշ է նաեւ մեր հասարակությանը:
Հարցին՝ հանրային քննարկման արդյունքում հնարավո՞ր է նախագծում որոշակի փոփոխություններ իրականացվեն՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած ողջամիտ առաջարկություն ենթակա է քննարկման: Վստահ եմ՝ ԱԺ-ում էլ կլինեն առաջարկություններ»:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ իրենք օրինագիծն առաջ են տանելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031